Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը մեղադրանք էր առաջադրվել գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին այն բանի համար, որ նա, մեկ տարի առաջ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Քեզ չեն գնդակահարելու, դու արժանի չես գնդակահարության»։ Կարապետ Պողոսյանին մեղադրանք էին առաջադրել բռնության կոչ անելու համար, որն էլ առաջացրել էր նրա զարմանքը։
«Երևի իրենք ուզում էին՝ ես հակառակն ասեի, թե քեզ կգնդակահարեն, դու դրան ես արժանի, բայց ոչ։ Ես հիմա էլ եմ պնդում, որ Նիկոլ Փաշինյանը գնդակահարության արժանի չէ», -ասում է Կարապետ Պողոսյանը։
Այսօր էլ երկու նոր մեղադրանքներ են առաջադրվել ընդդիմադիր գործիչին, երկուսն էլ, ըստ նրա, մեկ- երկու տարի առաջ կատարած գրառումների համար են:
«Լենինական ինչքան հին մեռել կա, ջրի երես են հանել, մեռած, հին թեմաներ են քրեական վարույթների հիմքում։
Կարդացեք նաև
Անցած տարվա ամռանը Անի թաղամասի «Բասեն» սուպերմարկետում իմ ու ոստիկաններից մեկի միջև միջադեպ էր եղել, հիշում եք, որ ոստիկանը հասել, հարվածել էր ինձ: Մեկն այդ թեմայով է, պարզվում է մեղադրվողը ես եմ, իսկ մյուսն ավելի ցնցող է իր զավեշտությամբ։
Կապված է Շիրակի նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանի մականունը հրապարակելու հետ, իբր պետության դեմ հանցագործություն եմ կատարել՝ նրա մականունը հրապարակելով։ Եթե պետության դեմ հանցագործություն էի կատարում, ապա ինչո՞ւ դատախազին հեռացրեցին պաշտոնից՝ նրա նկատմամբ ծառայողական քննություն նշանակելով ու քրեական վարույթ նախաձեռնելով։
Փաստորեն 24 ժամվա ընթացքում երեք մեղադրանք առաջադրվեց ինձ։ Իմ գրառումներն այսպես ասած պահեստավորել էին, որպեսզի փորձեն ինձ վախեցել։
Հիմա նախաքննության շահերից ելնելով՝ շատ բան չեմ ասի, բայց կասեմ, որ նման թեմաներով մեղադրանքներ առաջադրելը մարդու իրավունքների դեմ ուղղված պետական հանցագործություն է։ Մեղադրանքներից մեկը առաջադրվել է ՀՀ Գլխավոր դատախազության պահանջով։
Ձեռագիրն ու գործելաոճը հստակ վկայում են, որ փորձում են ինձ խեղդել քրգործերով, բայց դրանք անհեռանկար գործեր են, գուցե և դատարան չհասնեն։ Արագ, առանց քննության ինձ մեղադրանքներ են առաջադրում ու խափանման միջոցի հարցը քննարկում։
Վստահորեն պիտի ասեմ, որ ինձ մեղադրանքներ առաջադրելը կապված է իմ վերջին բացահայտումների հետ, որոնք վերաբերվում են պարեկների կողմից վարորդներին առանց կանգնեցնելու, առանց խախտումներ հայտնաբերելու վարչական տուգանքների ենթարկելու, Երասխում կատարվող իրադարձությունների ու սահմանին թշնամու զենքի կուտակման մասին իմ բացահայտումների հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կարապետ Պողոսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ