ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ամփոփիչ խոսքում պատասխանեց ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։
«Չեմ ուզում գտնել դավադրաբանական կապեր, այնուամենայնիվ չեմ կարող չարձանագրել, գոնե փաստի մակարդակով, որ դիրքորոշումները որոշ մարդկանց կողմից Հայաստանում, որոշ մարդկանց կողմից Ադրբեջանում եւ որոշ մարդկանց կողմից Ռուսաստանում զարմանալիորեն գրեթե իդենտիկ են։ Այն է՝ Հայաստանի Հանրապետությունը չունի սահմաններ, որոնք կարելի է խախտել, որոնք խախտելով՝ կստացվի, որ միջազգային իրավունք ես խախտում, ՀՀ-ն պետք է թույլ տա երկրներին օգտագործել իր տրանսպորտային ենթակառուցվածքներն այնպես, ինչպես իրենք են ուզում, այդ թվում՝ երրորդ երկրների ուժեր տեղակայելով»,- ասաց նա։
Ըստ Միրզոյանի՝ զարմանալիորեն այդ նույն խմբերն փորձում են այնպես զարգացնել նարատիվները եւ այնպիսի ուղղությամբ տանել իրադարձությունների զարգացումը, որ Հայաստանը ներքաշվի նոր կոնֆլիկտի ու նոր պատերազմի մեջ, որն առիթ կտա այն երկրներին, որոնք դա պլանավորում են, շարունակել Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիան, ինչո՞ւ չէ, նաեւ որոշակի հանգամանքների ճիշտ դասավորման դեպքում դիմել փրկության համար՝ զոհելով, օրինակ, ինքնիշխանությունը։
«Սրանք սցենարներ են, որոնց շուրջ մենք պարտավոր ենք խոսել, պարտավոր ենք ջանքեր գործադրել, որ այս սցենարները չիրականան, եւ իրականանան այն սցենարները, որոնք մեզ անշեղորեն տանելու են խաղաղության եւ ժողովրդավարական ուղիով զարգացման, բարգավաճման։ Ես գիտակցում եմ, որ սա է ՀՀ ժողովրդի պատվերը, եւ ես անշեղորեն շարունակելու եմ կատարել ՀՀ ժողովրդի պատվերը»,- ասաց Միրզոյանը։
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ մնացածը շատ մոտ ապագայում իրենց կարող են գտնել պատմության լուսանցքում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ