Այսօր «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ամփոփիչ համայնքային ժողովի ժամանակ հիմնադրամի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը ներկայացրեց, թե Հայաստանի 6 համայնքներում ինչ աշխատանքներ են իրականացրել հետպատերազմյան շրջանում՝ դեպրեսիայի եւ տագնապային խնդիրներով մարդկանց աջակցելու համար. «Մեր հիմնադիրների տեսլականն է ձեւավորել այնպիսի հոգեւոր հոգեբանական աջակցության ձեւաչափեր, որոնք խարխսված կլինեն ոչ միայն հոգեբանության գիտության ամենաարդի ձեռքբերումների, այլ նաեւ հայ եկեղեցու՝ դարերով կուտակված հոգեխնամ առաքելության արժեքների, ավանդույթների վրա»:
Կարդացեք նաև
Հիմնադրամը ստեղծվել է 2022-ի հուլիսին՝ ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու Առաքելական սուրբ եկեղեցու հետ համագործակցությամբ:
Նուբար Աֆեյանը միջոցառման ժամանակ ուղերձ հղեց, որտեղ մասնավորապես ասաց, որ հիմնադրամի գործունեությունը հիմնված է 3 հիմնական պատվարների վրա՝ հավատալ ապագային, սովորել պատմությունից եւ ստեղծել հոգեկան առողջության վերականգնման հայկական ճանապարհը՝ հանուն նախանշված ապագային հասնելու:
Հասկանում եմ, դժվար է խոսել ապագայի վերաբերյալ, եթե ներկայում ունենք բազմաթիվ խնդիրներ, բայց ապագան է այն հանգրվանը, հանուն որի այսօր մենք կարող ենք համատեղել մեր ուժերը ու միասին գնալ առաջ: Առաջարկում եմ մտածել, թե հանուն ինչպիսի ապագայի է հնարավոր հաղթահարել այսօրվա դժվարությունները, ներառյալ հոգեկան առողջության դժվարությունները անձնական մակարդակում, ընտանիքում»:
Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն էլ իր ուղերձում ասաց. «Կուզեմ իմ օրհնությունը, սերը, իմ գնահատանքը փոխանցեմ ձեզ, որ դուք միասին եք: Ձեր այդ միասնականության մեջ ազատությամբ բաժանեք ձեր զգացումները, ինչ կզգաք: Նաեւ միատեղ խորհրդակցությամբ ասեք, թե ինչ են այսօրվա ձեր դժվարությունները, մեր ժողովրդի դժվարությունները, որովհետեւ ձեր անկեղծ խոսակցությունները, մտածումները օգտակար պիտի լինեն հիմնադրամի առաքելության հաջողության համար»:
Հիմնադրամն այս ընթացքում 30 մասնագետների է վերապատրաստել՝ միջազգային լավագույն թրեյներների կողմից, անցկացրել է 14 համայնքային ժողովներ՝ 800 մասնակցով:
Հիմնադրամի կայքում հոգեբանական թեստեր կան, որոնք արդեն մոտ 6000 մեր հայրենակիցներ լրացրել են դեպրեսիվության եւ տագնապայնության ստուգման համար: Նրանց զգալի մասը ունեցել են ծանր հոգեվիճակ եւ ստացել աջակցություն:
Հոգեկան առողջության ծրագրերի ղեկավար Տիգրան Դովլաթյանը ներկայացրեց, թե ինչու են ընտրել նարատիվային թերապիայի մեթոդը ու որն է եղել իրենց նպատակը. «Կայքում թեստավորվողների թիվը կարճ ժամանակում անցավ 5000-ը, ուրախալի էր, որ Հայաստանի տարբեր անկյուններից մարդիկ թեստավորվում էին ու կարեւորում էին հոգեկան առողջությունը: Ուրախացնող էր նաեւ այն, որ մարդիկ թողնում էին իրենց կոնտակտային տվյալները հետագայում խմբային աշխատանքներին մասնակցելու համար: Թեստավորվողներից զգալի մասի մոտ առկա էին տագնապայնության եւ դեպրեսիվության բարձր ցուցանիշներ, որը մեզ ստիպում էր է՛լ ավելի պատասխանատու մոտենալ աշխատանքներին:
Նարատիվային մասնագետների հետ ստեղծեցինք կրթական նյութեր: Նարատիվային մեթոդը հարստացնելու եւ մեր հայրենակիցների խնդիրները, հոգեբանական ապրումները ավելի լավ հասկանալու համար որոշեցինք 8 համայնքային հանդիպումներ կազմակերպել, որոնց մասնակցեցին պատերազմի հետ առնչություն ունեցող, ոչ ուղիղ առնչություն ունեցող եւ առնչություն չունեցող մարդիկ: Նպատակ ունեինք հասկանալ, թե պատերազմն ինչպե՞ս է առհասարակ ազդել ժողովրդի վրա: Մեր հայրենակիցների համար բացահայտում էր, որ իրենց պես այս խնդիրներով ապրող ու դրանցով մտահոգված շատ մարդիկ կան: Նրանք ասում էին՝ մենք հասկացանք, որ մենակ չենք, մեզ պես մարդիկ կան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ