Լրահոս
Օրվա լրահոսը

«Հողի վրա դուք դեմարկացիա եք իրականացնում՝ առանց դելիմիտացիայի, որի հիմքում պետք է լինեն իրավական ուժ ունեցող փաստաթղթեր ու քարտեզներ»

Մարտ 15,2024 21:35

«Ի սկզբանե գոյություն ուներ հետեւյալ տրամաբանությունը, որ պետք է իրավական ուժ ունեցող որեւէ փաստաթուղթ լինի, այսինքն՝ հստակ քարտեզ լինի, որը հիմք կհանդիսանա նախ դելիմիտացիա իրականացնելու, հետո հողի վրա դեմարկացիա իրականացնելու համար։ Հիմա չեք ասում՝ ո՞ր քարտեզն է հիմք ընդունվել, Ադրբեջանը չի ընդունում որեւէ պայման, բայց Տավուշում հիմա ոչ թե դելիմիտացիա է արվում, այլ դեմարկացիա, ինչո՞ւ է դեմարկացիա արվում։

Այսինքն՝ դուք ոչ թե դելիմիտացիան եք փաստացի անում՝ առանց իրավական հիմք ունեցող փաստաթղթի, առանց քարտեզի, այլ նաեւ դեմարկացիա եք իրականացնում հողի վրա, ինչպես դա եղավ Սյունիքում պատերազմից հետո։ Գորիս-Կապան ճանապարհն ինչի՞ արդյունքում հանձնվեց, այսպես բանավոր պայմանավորվածությունների հիման վրա դեմարկացիա եք իրականացրել։ Ու ավելի վատ, դուք համապարփակ դելիմիտացիայից այս պահին անցում եք կատարել հատվածային դելիմիտացիայի»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Ըստ նրա՝ Տավուշն անվտանգային տեսանկյունից Հայաստանի ամենապաշտպանված հատվածն է։ «Հիմա այնտեղ անվտանգային ճարտարապետությունը խարխլվում է, ռազմավարական կարեւոր նշանակության հատվածներ զիջվում են, կոմունիկացիաները զիջվում են, դրա դիմաց ոչ ոք չի ասում՝ մենք ի՞նչ ենք ստանալու, ադրբեջանական զորքը դո՞ւրս է գալու Ներքին Հանդից, դո՞ւրս է գալու Ջերմուկից։ Բա եթե նման հավաստում այսօր չեք կարողանում ներկայացնել, ինչո՞ւ է խոսք գնում Տավուշում ինչ-որ տարածքներ հանձնելու մասին։

Հողի վրա դուք դեմարկացիա եք իրականացնում՝ առանց դելիմիտացիայի, որի հիմքում պետք է լինեն իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, այդ թվում՝ նաեւ քարտեզներ։ Որեւէ մեկը չի հստակեցրել ադրբեջանական կողմից, որ 1974-1978 թվականի քարտեզները որպես հիմք պետք է ընդունվեն, սա փաստացի արձանագրում է, որ դուք դելիմիտացիայի պրոցեսն էլ եք տապալել եւ հետ քաշվել ձեր այն պատկերացումներից, որոնք գոնե ի սկզբանե գոյություն ունեին»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը։

Ըստ պատգմավորի՝ Հայաստանի կառավարության համար պետական քաղաքականություն է դարձել զիջելը, որի արդյունքում որեւէ բան ձեռք չի բերվել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031