Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանին նվիրված երգ կա, դրանից հետո դուք համարձակություն ունեք, գալիս եք որեւէ այլ ուժի պատվեր կատարո՞ղ եք որակում»

Մարտ 15,2024 20:55

«Այստեղ հնչեց հերթական անթույլատրելի ենթատեքստ ունեցող մեղադրանքը՝  ուղղված Արցախի իշխանություններին եւ Արցախի ժողովրդին այն ողբերգության մեջ, որը եղել է։ Ես միայն փաստ ասեմ՝ 44-օրյա պատերազմում, ըստ ադրբեջանական տվյալների, զոհվել է 2908 ադրբեջանցի կամ օրական 44 մարդ։ Սեպտեմբերի 19-ին, դարձյալ ըստ Ադրբեջանի տվյալների, զոհվել է 205 ադրբեջանցի։ Կիսասոված, 9 ամիս բլոկադայի մեջ մարդիկ այս սենց են կռվել իրենց պետության համար։ Եթե մի քիչ շփվեիք Արցախի ղեկավարության հետ, կիմանայիք, որ վերջին օրերին, երբ ուզեցել են մոբիլիզացիա անել, զեկուցել են, որ դա անհնար է, որովհետեւ արդեն դիրքերում գտնվող զինվորին կես հաց է բաժին հասնում։

Գուցե այս մասի՞ն մտածեիք, որ այն ժամանակ, երբ Արցախում ուտելու հաց չկար, տեղի էին ունենում Նախիջեւան-Բաքու թռիչքներ Հայաստանի օդային տարածքով, գուցե ինչ-որ գործիքներ կային, որ կարելի էր օդային տարածքով կիրառել ու այդ մարդկանց հասցնել ուտելիք։ Անթույլատրելի է թեկուզ ենթատեքստով այդ մարդկանց որեւէ բանի մեջ մեղադրելը։ Վեց օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավոր է, վեց տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության պայմանագրի» նախագծին․ «Ես՝ որպես այդ պայմանագրի առաջարկները տեսած մարդ, հենց հիմա ձեզ ասում եմ՝ վերահաստատում եմ այն բոլոր հայտարարությունները, որոնք գործընկերներիս հետ արել եմ։ Ի՞նչ էիք սպասում, պիտի գնայինք պայմանագիրը տեսնեինք, իմանայինք, որ խնդիր է տեսնում Ադրբեջանը մեր Սահմանադրության մեջ, եթե դուք պիտի հայտարարեք, որ Սահմանադրություն եք փոխում, մենք չպե՞տք է ասեինք, որ սա Ադրբեջանի պահանջն է»։

Նա նշեց, որ Արարատ Միրզոյանն իր հայտարարություններով փաստում է, որ կա երկու գործընթաց՝ բանավոր պայմանավորվածությունների գործընթաց եւ գրավոր պայմանավորվածություններ։ «Դուք այդ բանավոր պայմանավորվածություններով Գորիս-Կապանից հետ եք քաշել զորքերը, փակել եք Արցախի հարցը, չեք խոսում վերադարձի իրավունքի մասին, հիմա խոսում եք Տավուշից գյուղեր հանձնելու մասին։ Հետո կգա մի կետ, որ գրավոր այդ ամեն ինչը կամրագրեք։ Այդ բանավոր պայմանավորվածություններով նաեւ խոսում եք Սահմանադրության փոփոխության մասին։ Հիմա պարզ հարց եմ տալիս՝ այս ամեն ինչը կարող եք մեկ հարցով փակել՝ ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Եթե Ադրբեջանը զիջում է այն, որ ընդունում է, որ իր կողքը Հայաստանի Հանրապետություն կա, այսինքն՝ ստացվում է, որ դուք Ադրբեջանին սարքել եք ՀՀ անվտանգության երաշխավորը։ Այո, Ադրբեջանն ընդունում է, որ իր կողքին Հայաստանի Հանրապետություն կա, բայց չի ընդունում, թե ինչ սահմանով կա ու որ տարածքում գոյություն ունի։ Եթե դա է ձեր բանակցային արդյունքը, ասեք, որ դուք Ադրբեջանին սարքել եք մեր անվտանգության երաշխավորը»,- նշեց Քրիստինե Վարդանյանը։

Նա հավելեց․ «Այն փաստաթղթով, որով բանակցում եք դուք, որը տեսել եմ ես, չկա 28 900-ի ամրագրում, Ադրբեջանը չի ընդունում նաեւ սահմանազատման ու սահմանագծման հիմքը, եւ չկա որեւէ մեխանիզմ, որով երաշխավորում է, որ այդ փաստաթուղթն ստորագրելու հաջորդ օրն Ադրբեջանն էլի չի հարձակվելու»։

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի կողմից ընդդիմությանը պատվեր կատարելու մեջ մեղադրելուն՝ Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանին նվիրված երգ կա Ադրբեջանում, դրանից հետո դուք այդքան համարձակություն ունեք, գալիս եք որեւէ այլ ուժի ասում եք՝ պատվեր կատարո՞ղ։ Պատվեր կատարելն էլ ո՞նց է լինում, Ադրբեջանն ասում է՝ զորքերը հետ քաշեք, զորքերը հետ եք քաշում, խոսում է Տավուշից գյուղեր տալու մասին, այստեղ խոսում եք Տավուշից գյուղեր տալու մասին, թիրախավորում է սփյուռքահայերին, արգելում եք սփյուռքահայերի մուտքը Հայաստան, ասում է՝ Արցախի հարցը փակված է, չեք խոսում դրա մասին, վերադարձի իրավունքն օրակարգից հանում եք։ Այս փաստերի համադրումն է բերում այդ քաղաքական գնահատականին։ Հետեւաբար, այն ուժը, որը հանդիսանում է Ադրբեջանի երազանքների իշխանություն Հայաստանում, իրավունք չունի խոսել որեւէ այլ ուժի կողմից պատվեր կատարելու մասին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031