ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ բանակցությունները ձախողվել էին նախկինների օրոք։
«Ձեր քաղաքական ուժի ղեկավարը հայտարարել է՝ ես բանակցություններն սկսել եմ իմ կետից։ Եթե սկսում ես քո կետից, նախորդ անցածը շատ սահմանափակ ազդեցություն ունի քո սկսած կետի վրա, այլապես կասեր՝ ես շարունակել եմ վատ կետից։ Արցախի հետ կապված խնդիրը, վեր կացեք ասեք՝ մենք կրեցինք պարտությունը, Ադրբեջանը մեզնից պահանջեց հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից՝ ինչ-որ բանի դիմաց։ Մենք դա արեցինք, Ադրբեջանն ընդհակառակը բոլոր սլաքները ՀՀ դեմ է ուղղում։ Երբ Արցախը կար որպես գործոն, Ադրբեջանը չէր խոսում ոչ Սահմանադրության մասին, ոչ ինչ-որ գյուղերի մասին»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Արձագանքելով Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Արցախում տեղի էր ունեցել իշխանափոխություն, որից հետո Արցախի լուծարման հրամանագիր ստորագրվեց, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Սկսենք նրանից, որ այն քաղաքական ուժը, որի ղեկավարը ձեր գրասենյակում էր ընտրությունների գիշերը, այդ քաղաքական ուժն իր մարդուն փոխեց, որովհետեւ նա նախագահ լինելու փոխարեն եկել էր վրանում էր նստել։ Այդ քաղաքական ուժը փոխեց, մեծամասնությունը խորհրդարանում իրենք էին, այսօր եթե խնդիր ունեք, ձեր գործընկեր քաղաքական ուժի հետ ճշտեք։ Ավելին ասեմ՝ Սամվել Շահրամանյանը, երբ դարձավ նախագահ, առաջին քայլը, որն ինքն արեց, փորձեց Ադրբեջանի հետ լեզու գտնել, որովհետեւ նախորդի ժամանակ դա չէր ստացվում։ Եվ մեկ բեռնատար եկավ Ակնայից, երկու բեռնատար գնացին Գորիսից։ Բայց հիմա դուք դա անընդհատ շահարկում եք, որպեսզի ցույց տաք, թե ինչ արեց Ադրբեջանն Արցախում, երբ Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, հանկարծ մտքներովդ չանցնի այդ նույնն անել Հայաստանում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը նաեւ հարցադրում արեց․ «Քանի որ Ադրբեջանի ախորժակն անընդհատ բացվում է, ես ուզում եմ հասկանալ այն կարմիր գիծը ո՞րն է լինելու։ Չորս գյուղի համար որեւէ հստակություն չկա, 31 գյուղերի հարցը ոնց որ թե Ադրբեջանը հանեց։ Հարց հնչեց՝ իսկ մենք ի՞նչ վերապահում ունենք Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ, պատասխան չհնչեց։ Ուզում եմ հասկանալ՝ վերջապես մինչեւ ե՞րբ, այդ ամբողջ զիջումների փաթեթն ինչ-որ տեղ արդեն համաձայնեցվել է, թե՞ ամեն գդալից հետո Ադրբեջանի ախորժակն էլ ավելի բացվում է»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ