Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարվա գյուղատնտեսության կոլափսը

Մարտ 15,2024 20:45

Գյուղատնտեսությունից սպառողական տնտեսության անցումը

Ընդհանուր առմամբ այս 10 տարում ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է՝ 2013-ին կազմելով 4.14 տրիլիոն դրամ, իսկ 2023-ին արդեն 8.68 տրլն դրամ: Նշենք, որ եթե հաշվի առնենք այս 10 տարիների կումուլատիվ գնաճը, ապա այս շրջանում իրական տնտեսական աճը կազմել է 55 տոկոս։ 10 տարի առաջ 2013 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 20.3 տոկոսը ապահովում էր գյուղատնտեսությունը, որը կազմում էր 840 մլրդ դրամ, առևտուրը գտնվում էր երկրորդ տեղում՝ կազմելով ՀՆԱ-ի 13.2 տոկոսը, կամ 550 մլրդ դրամ:

2023 թվականին պատկերը հակառակն է «Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգումը» արդեն գտնվում է առաջին տեղում` ապահովելով ՀՆԱ-ի 13.9 տոկոսը (1 210 մլրդ դրամ), իսկ գյուղատնտեսությունը այս 10 տարվա մեջ 20.3 տոկոս բաժնեմասից իջել է 9.2 տոկոսի (800 մլրդ դրամ):

Ուշագրավ է, որ այս 10 տարվա մեջ ՀՆԱ-ն աճել է ավելի քան 2 անգամ, իսկ գյուղատնտեսությունը գրեթե աճ չի արձանագրել աճելով չնչին 5 տոկոսով: Արդյունաբերությունը այս 10 տարվա մեջ աճել է 2.5 անգամ: Գյուղատնտեսությունը արդեն գտնվում է 3-րդ տեղում արդյունաբերությունից և մեծածախ ու մանրածախ առևտրից հետո: Փաստացի գյուղատնտեսության ծավալը կրճատվել է 5 տոկոսով, իսկ եթե հաշվի առնենք նաև գնաճը, ապա գյուղատնտեսության 10 տարվա իրական կրճատումը կազմել է 30 տոկոս։

Դիտարկենք նաև շինարարություն ոլորտը։ Շինարարությունը 2013-ին կազմում էր 480 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 11.5-ը իսկ 2023-ին 650 մլրդ դրամ, սակայն տեսակարար կշիռը իջել է 7.5 տոկոս։ Եթե հաշվի առնենք գնաճը ապա այս ոլորտում իրական աճը գրեթե զրոյական է։ Անշարժ գույքի հետ կապված գործունեության (L) իրական աճը կազմել է 55 տոկոս:

Գծապատկեր 1. ՀՆԱ մեջ ապրանքների և ծառայությունների թողարկումն փոփոխությունը

Գյուղատնտեսությունը վերջին 4 տարիների ընթացքում ունի բացասական աճ և բացառապես է նպաստում տնտեսական աճին։

Դիտարկենք թե ապրանքների և ծառայությունների թողարկման որ ճյուղերն են ունեցել ամենազգալի աճը այս 10 տարիների ընթացքում:

Ինչպես երևում է միակ ճյուղը, որը կրճատվել է այս 10 տարիների ընթացքում, դա գյուղատնտեսությունն է: Եթե հաշվի առնենք նաև գնաճը, ապա աճի տենդենցը բացասական է եղել: Փաստացի գրեթե բոլոր ճյուղերը գրանցել են 2 և ավելի անգամ աճ, բացի գյուղատնտեսությունից:

 

Գծապատկեր 2. 2013-ից մինչ 2023 ՀՆԱ կառուցվածքի աճի համեմատություն

Ամենամեծ աճը գրանցել է (I) Կացության և հանրային սննդի կազմակերպման և (R) Մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտները, որոնք այս 10 տարիների ընթացքում աճել են համապատասխանաբար ավելի քան 4.8 և 4.3 անգամ: Սա առաջին հերթին խոսում է Հայաստանում տուրիզմի զարգացման վերաբերյալ:

Ֆինանսական և ապահովագրական գործունեությունը աճել է ավելի քան 3.8 անգամ

Գծապատկեր 3. Որ հիմնական ճյուղերն են ապահովվել ամենամեծ տնտեսական աճը 2018 թվականից ի վեր

7 տոկոս տնտեսական աճի վտանգները

Կայուն և երկարաժամկետ բարձր տնտեսական աճը պահանջում է որակական փոփոխություններ տնտեսությունում, մասնավորապես՝ արտադրական հզորությունների ընդլայնվում, որը և ապահովվում է կայուն ավելացված արժեքի ավելացում: 2022 և 2023 թվականների բարձր տնտեսական աճը հիմնականում ապահովել են առևտուրը, այսինքն սպառումը և շինարարությունը, որոնք չեն ապահովում երկարաժամկետ ավելացած արժեքի ստեղծում։

Հիշեցնենք, որ 2002-ից 2007 ընկած ժամանակահատվածում երկնիշ տնտեսական աճը նույնպես հիմնականում պայմանավորված էր շինարարության և սպառման աճով։ Հավանականություն կա, որ կկրկնվի 2002 -2008 ժամանակահատվածում ընկած ֆենոմենը։ Այդ ընթացքում ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվը իջեցրեց իր տոկոսադրույքը և բավականին մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ հայտնվեցին համաշխարհային շուկայում, որոնք մուլտիպլիկատիվ էֆեկտներով ներգործեցին զարգացող պետություններ՝ այդ թվում նաև Հայաստան։ Այդ ժամանակահատվածում առկա էր ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ՝ հիմնականում պայմանավորված արտաքին գործոններով։ Այդ թվականների աճի փոքր հատվածն էր պայմանավորված ներքին արտադրողականությամբ։ Ֆինանսական ներհոսքի դադարեցումը և 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը հանգեցրեցին շինարարության կոլափսին և բավականին մեծ քանակությամբ Հյուսիսային պողոտայում գտնվող դատարկ բնակարաններին։

Հայաստանի միջին տնտեսական աճը վերջին 10 տարիների ընթացքում կազմել է 4.5 տոկոս։ Ցանկացած համակարգում, եթե առկա չեն կառուցվածքային, որակական փոփոխություններ, ապա համակարգը ձգտում է վերադառնալ երկարաժամկետ միջին ցուցանիշին։

Նշենք, որ 2024 թվականի բյուջեի ծրագրում կառավարությունը նախատեսում է 7 տոկոս տնտեսական աճ։ Այս թիրախից ցանկացած շեղումը, ասենք ակնկալվող 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն ավելի իրատեսական 4 տոկոս տնտեսական աճի ապահովումը, կարող է հանգեցնել մոտ 80 մլրդ դրամ կամ 3 տոկոս ավելի ցածր բյուջետային եկամուտների , քան նախատեսված է բյուջեում։ Իհարկե շուրջ 155,9 մլրդ դրամի չափով պահուստային ֆոնդը կարող է մեղմել բացասական ազդեցությունը, թեև սա նաև վտանգավոր է պետական պարտքի աճով։ Սա նաև կարող է որոշակի խնդիրներ առաջացնել կառավարության վարկողունակության տեսանկյունից։

2022-2023 թվականների տնտեսական աճը ևս պայմանավորված է հիմնականում արտաքին գործոններով։ 2002-2008 թվականների իրավիճակը կարող է կրկնվել, քանի որ այս աճը ձևավորվել է ֆինանսական միջոցների ներհոսքով, և որպես հետևանք սպառման աճով, ֆինանսական միջոցների ներհոսքը հիմնականում խթանել է շինարարությունը։ Նշենք, որ 2023 թվականի ընթացքում արդեն իսկ նկատվում է ֆինանսական ներհոսքի կրճատում և ֆինանսական միջոցների արտահոսքի 55 տոկոս աճ:

 

Աղասի Թավադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031