Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են չորս անձինք, որոնցից երկուսը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ են։
Նրանցից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։ Նրանք կասկածվում են կաշառք ստանալու մեջ։
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այս նույն գործի շրջանակում, միայն թե կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է շինարարական ընկերություններից մեկի պատասխանատու Արտակ Ադամյանը։
Նա եղել է Գյումրու ավագանու անդամ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման օրոք, համարվում է Բալասանյան ընտանիքի մտերիմներից։
Արտակ Ադամյանի հոր՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին է վստահվել և վստահվում Գյումրիում ու առհասարակ մարզում ընթացող բազմաթիվ շինարարություններ, նույնիսկ ՊԵԿ-ը Գյումրիում նոր մաքսատան շինաշխատանքերը պատվիրակել էր այս շինարարական ընկերությանը՝ մեկ անձանց գնման ընթացակարգով։
Թե կոնկրետ ինչ գործով են այս անձինք ձերբակալվել, այս մասին շիրակցի պաշտոնյաները հստակ տեղեկություն չունեն, ենթադրությունների մակարդակով հնչում է, որ նոր բացահայտված գործի շրջանակում է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ