ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը դիմեց ընդդիմադիր պատգամավորներին․ «Հարգելի գործընկերներ, ես ճի՞շտ հասկացա, որ դուք ընդհանրապես խնդիր չեք տեսնում նրա հետ, որ ՀԱՊԿ-ը չի արտահայտել դիրքորոշում այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել հարձակում, ներխուժում, օկուպացիա, չի տրել գնահատական, չի ձեռնարկել քայլեր։ Ես դա չտեսա որեւէ տեղ ձեր խոսույթում։ Ինձ մոտ տպավորություն է, որ ՀԱՊԿ քարտուղարությունն այստեղ նստած է, եւ ես մեկ-մեկ զարմանում եմ, ինչո՞ւ ՀԱՊԿ աշխատանքային լեզուն չի կիրառվում։ Կարո՞ղ եք համարձակություն ունենալ ընդունելու, որ ձեր քաղաքական ուժերի՝ նախկին տասնամյակներում վարած քաղաքականությունների արդյունք է նաեւ այն, որ ՀՀ-ն բոլոր հնարավոր ու անհնար ոլորտներում, դե ֆակտո ինքնիշխանությունը ոտնահարող հարցերում անմիջապես ու ամբողջապես կախված է եղել մեկ երկրից։ Ունե՞ք քաջություն՝ սա ընդունելու»,- ասաց նա։
Հռիփսիմե Գրիգորյանը հավելեց․ «Արցախից եք խոսում ու ձախողված բանակցություններից։ Ո՞ր բանակցություններից, որոնք փակուղի՞ էին մտել, ես ցիտում եմ երրորդ նախագահի խոսքը։ Այդ բանակցությունները մե՞նք էինք ձախողել, որոնք մեզնից առաջ փակուղի էին մտել։ Դուք մտածել եք սրա մասին, թե ինչո՞ւ էին այդ բանակցությունները փակուղի մտել, մտածե՞լ եք այն կետի մասին, որ ՀՀ երկրորդ նախագահի կառավարման շրջանում Արցախը փաստացի դադարեց լինել բանակցային կողմ, այս կետի մասին հարցեր չեն առաջանո՞ւմ ձեզ մոտ»։
Ընդդիմադիր պատգամավորներն արձագանքեցին, որ Արցախի ձախողումը եղել է այն դեպքում, երբ բանակցությունն սկսել են սեփական կետից։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ