Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աճը` կառավարության աճպարարության շնորհիվ. Ինչի՞ մասին է լռում կառավարությունը. 168.am

Մարտ 15,2024 20:15

168.am. Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստի ընթացքում քննարկվելու և քվեարկության է ներկայացվելու ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023թ.-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

ԱԺ մշտական հանձնաժողովները՝ մասնավորապես տնտեսական հարցերի հանձնաժողովը զեկույցի վերաբերյալ արդեն իսկ քննարկումներ է անցկացնում, սակայն, ինչպես սպասելի էր, քննարկումների ընթացքում իշխող մեծամասնության պատգամավորները խուսափում են բարձրաձայնել, որ դրույթների մեծ մասի առնչությամբ զեկույցում բացակայում են կարևոր և միաժամանակ բացասական մեկնաբանությունները, իսկ որոշ դեպքերում ներկայացված ցուցանիշները խեղաթյուրված են և կրում են հանրությանը մոլորեցնելու միտում։

ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի կազմակերպած քննարկումներից մեկին ներկա էր նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ով ներկայացնում էր 2023թ.-ին հարկեր/ՀՆԱ ցուցանիշները։

Այսպես՝

Կառավարության 2023թ. կատարողականի զեկույցում նշվում է. «2023 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23.9% (ներառյալ հիփոթեքի տոկոսագումարների դիմաց եկամտային հարկի վերադարձը)` բարելավվելով նախորդ տարվա համեմատությամբ 0.8 տոկոսային կետով»։

Ի՞նչի մասին է լռում կառավարությունը։ Ինչպես նշված է զեկույցում՝ 2023թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշի հաշվարկում ներառված է նաև հիփոթեքային վարկի տոկոսների վճարման համար եկամտային հարկի ետ վերադարձը։ Սակայն պետք է արձանագրել, որ իրականում նախորդ բոլոր տարիներին ցուցանիշի հաշվարկն արվել է առանց եկամտային հարկի ետ վերադարձի, և այս մեթոդաբանական «հնարքը» բացառելու դեպքում ցուցանիշը 23.4%-ից պակաս է ստացվում։

Հաջորդիվ կառավարության 2023թ. կատարողականի զեկույցում նշվում է. «Վերջին 6 տարիներին [հարկեր/ՀՆԱ] ցուցանիշը միջինում բարելավվել է 0.5 տոկոսային կետով (2017 թվականին կազմել էր 20.9%)»:

Ի՞նչի մասին է լռում կառավարությունը։ Զեկույցում բառ անգամ չկա այն մասին, որ ցուցանիշը 2019թ. կազմել է 22.4%, իսկ 2018թ. այն 20.9% էր։ Այսինքն՝ եկամտային հարկի ետ վերադարձի հետ կապված մեթոդաբանական փոփոխությունը հաշվի չառնելու պարագայում ստացվում է, որ նախորդ 6 տարիների ընթացքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշի՝ արձանագրված 2.5 տոկոսային կետով բարելավումից 1.5 տոկոսային կետն ապահովվել է միայն 2019թ.-ին, իսկ հետագա 4 տարիների ընթացքում ցուցանիշը բարելավվել է ընդամենը 1 տոկոսային կետով։ Ուստի, կարելի է ասել, որ, վերջին 4 տարիներին ցուցանիշի տարեկան միջին բարելավումը կազմել է 0.25 տոկոսային կետ։

Ուշագրավ է Ռուստամ Բադասյանի կողմից հանձնաժողովի նիստում արված հայտարարությունը. «Գիտեք, որ ՀՀ Ֆինանսների նախարարության հետ պայմանավորվել ենք, որ այսուհետ եկամտային հարկի վերադարձը՝ որպես հավաքագրվող հարկի գումար, մասնակցելու է հարկեր/ՀՆԱ հաշվարկին։ Եվ այդ առումով վերահաշվարկվել է նաև նախորդ տարվա եկամտային հարկերը։ Այսինքն՝ իմ նշած 0.8 տոկոսային աճը աճի վրա աճն է, մաքուր վիճակագրությունն է…»։ Սա առավել քան ամրապնդում է այն եզրահանգումը, որ կառավարությունն աճպարարություններ է անում ու դիտավորյալ հաշվարկներն իրականացնում է այնպիսի մեխանիզմներով, որոնցով հնարավոր է տարին ամփոփել դրական ցուցանիշներով՝ դրանցում ներառելով հավելյալ բաղադրիչներ, որոնք նախկինում չեն եղել, և այդ միջոցով կոծկում իրական՝ բացասական պատկերը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031