Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի անունը նույնպես շրջանառվում է դատավորների աղմկահարույց գրագրության հետ, որտեղ, ըստ մամուլի հրապարակումների, մի քանի դատավոր իշխանության ղեկավար անձանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել:
Այսօր լրագրողները Մնացականյանից հետաքրքրվեցին՝ ինչ առնչություն է ունեցել հայտնի գրագրությանը, լայքե՞լ է, ճնշումնե՞ր կան իր վրա, որ դիմում գրի հեռանա համակարգից, նա ի պատասխան ասաց. «Ես որեւէ մեկին ոչ մի վիրավորական բան չեմ ասել, որեւէ քաղաքական գործընթացի չեմ մասնակցել, որեւէ գրագրություն չեմ հանրայանացրել, չեմ հրապարակել: Այլ մեկնաբանություն չունեմ»: Լրագրողների այլ հարցերին, թե կդիմանա՞ ճնշումներին, թե դիմում կգրի, կհեռանա կամ արդյոք դատավորներով չատ են ունեցել եւ այլն, դատավորը չպատասխանեց ու հեռացավ:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, վերջին շրջանում սեփական դիմումի համաձայն՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Դրանից առաջ էլ Արշակ Վարդանյանն էր սեփական դիմումի համաձայն հեռացել համակարգից: Ըստ մամուլի հրապարակումների՝ վերոնշյալ դատավորները իրենց խմբում կոնկրետ իշխանության ղեկավար անձանց մասով հայհոյանքներ են արել, ու դատավորներից մեկն այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ հայհոյանքներ գրած դատավորներին ստիպել են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ ու հեռանալ համակարգից:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ