Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղությունը չի կարող կերտվել հայ ժողովրդի արժանապատվության ոտնահարման, ատելության ու թշնամանքի շարունակական սերմանման և արցախահայության արդար իրավունքների նկատմամբ անհարգալից դրսևորումների պայմաններում»

Մարտ 15,2024 18:30

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

«Օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան հանցավոր չարախնդությամբ եթեր հեռարձակեց Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հետ պարտադրված հարցազրույցների հիման վրա հորինված, առաջիկա մարտի 28-ին ցուցադրության նախատեսված, այսպես կոչված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի անոնսը:

Արցախի առևանգված ու պատանդառված ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող նման քայլը հերթական անգամ բացահայտում է ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության հակահայկական էությունը:

Ամոթալի նմանօրինակ գործողություններով ուղղակիորեն ոտնահարվում և անարգվում են միջազգայնորեն ճանաչված մարդկային հիմնարար իրավունքները։ Հերթական անգամ փորձ է արվում գերեվարված անձանց խոցելիությունն օգտագործելու անբարո գործելաոճի միջոցով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և  տասնամյակներ շարունակ ադրբեջանական բռնությունների ու գոյաբանական սպառնալիքների դեմ արցախահայության մղած ինքնորոշման արդարացի պայքարը ներկայացնել որպես ահաբեկչություն:

Գերեվարված հայորդիներին նվաստացնող բացահայտ այս գործողությունները կրկին ակներև են դարձնում խաղաղության հասնելու Ադրբեջանի ղեկավարության հավաստիացումների կեղծ ու նենգամիտ բնույթը:

Խաղաղությունը չի կարող կերտվել հայ ժողովրդի արժանապատվության ոտնահարման, ատելության ու թշնամանքի շարունակական սերմանման և արցախահայության արդար իրավունքների նկատմամբ անհարգալից դրսևորումների պայմաններում:

Հայաստանի իշխանությունները «խաղաղության դարաշրջան» կերտելու իրենց ձգտումներում առաջնայնորեն պետք է հասնեն Ադրբեջանի կողմից նմանօրինակ ագրեսիվ ու թշնամական գործողությունների բացառմանը և բոլոր հայ գերիների անպայմանավոր ազատ արձակմանը:

Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպություններին` համարժեքորեն արձագանքել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի դրսևորած հիշյալ զազրելի գործողություններին և առավել գործնական ու ազդու միջոցներ կիրառել հայ գերիների իրավունքների պաշտպանության և հայրենիք շուտափույթ վերադարձի ուղղությամբ:

Աղոթում ենք Երկնավոր Տիրոջը, որ զորացնի բոլոր նեղյալներին ու գերյալներին` հաղթահարելու համար մարդկային  չարիքի ու արհավիրքի պատճառած զրկանքներն ու տառապանքները:

Թող Ամենազոր Աստված օրհնի մեր երկիրն ու ժողովրդին և խաղաղություն սփռի համայն աշխարհում ու մեր տարածաշրջանում»:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031