Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանդելան ասում էր՝ եթե խաղաղություն ես ուզում, համագործակցիր թշնամուդ հետ»․ Տաիս Բերման

Մարտ 15,2024 18:40

«ՕքսԵՋեն» ՀԿ-ն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր տարբեր մակարդակներում՝ տեղական, մարզային, ազգային։ Պատահական չէ, որ մենք ներգրաված ենք նաեւ այս ծրագրի մեջ, որն ուղղված է երիտասարդության իրավազորմանը։ Այն համարվում է մեր հիմնական ծրագրային ուղղություններից մեկը»,- «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագրի պաշտոնական բացումն ազդարարելիս նշեց ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը։

Նա տեղեկացրեց, որ ՕքսԵՋենը եւ Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտը համատեղ են իրականացնում ծրագիրը, որը ֆինանսավորվում է Նիդերլանդների կառավարության կողմից։

Նշվեց, որ ծրագրի նպատակն է՝ ձևավորել քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների նոր սերունդ՝ զինված անհրաժեշտ գիտելիքով ու հմտություններով, որոնք ունեն արդյունավետ առաջնորդ դառնալու եւ Հայաստանում ժողովրդավարության ու քաղաքացիական ներգրավման ջատագով լինելու մոտեցումներ՝ նպաստելու ժողովրդավարության, մասնակցության և առաջնորդության մշակույթի ձևավորմանը։

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յապ Ֆրեդերիքսի ձեւակերպմամբ, ակադեմիան մեծ դերակատարություն կունենա Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում, նրա խոսքով, այն պարզապես դպրոց չէ, այլ հարթակ, որը կմիավորվի տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց։

Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի գործադիր տնօրեն Տաիս Բերմանը ակադեմիայի սաներին ողջունեց՝ ապագա վարչապետներ, ապագա նախարարներ արտահայտություններով, ապա ներկայացրեց իրենց ինստիտուտի ստեղծման նախապատմությունը եւ փորձը։ Ասաց, որ ժամանակին նիդերլանդական կողմը հաջողությամբ ծրագրեր է իրականացրել Աֆրիկայում, օգնություն ցուցաբերել տեղի կուսակցություններին, որից հետո Նելսոն Մանդելան առաջարկել է ինստիտուտի նման մի բան ստեղծել, ինչն էլ արել են։ Նաեւ հիշեցրեց Մանդելայի խոսքը՝ եթե խաղաղություն ես ուզում, համագործակցիր թշնամուդ հետ։ «Հիմա Հայաստանում բարդ իրավիճակ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի կորստից հետո։ Ես 1991-ին այնտեղ աշխատել եմ որպես լրագրող՝ Մոսկվայում հոլանդական ռադիոյի համար․․․ Ու մի քիչ դժվար եմ պատկերացնում Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցությունը»,-ասաց Բերմանը։ Միեւնույն ժամանակ կարեւորեց երկխոսության ձեւավորումը։

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ նախարարությունը կարեւորում է քաղաքացիական կրթությունը եւ դրանում երիտասարդության մասնակցությունը։ Նրա ձեւակերպմամբ, ժողովրդավարության համար քաղաքացիական կրթությունը սկզբունքային է։ Փոխնախարարը հույս հայտնեց, որ նման ծրագրերը շարունակական կլինեն։

ՕքսԵՋեն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը կես կատակ-կես լուրջ նշեց, «Երիտասարդ ժամանակ հաճախ լսում էինք, որ երիտասարդությունը Հայաստանի ապագան է, սակայն ապագան եկավ, եւ այդպես էլ չիմացա, թե որտեղ ես ինքս պիտի ինքնադրսեւորվեի․․․Հիմա եթե հարցնենք ակադեմիան ինչի մասին է, ես կասեմ ակադեմիան ներկայի մասին է»։

Նա տեղեկացեց, որ ակադեմիայի դիմորդները 73-ն էին, մասնակիցները՝ 25-ը, սեռային բաշխվածության պատկերը հետեւյալն է՝ 56 տոկոս տղամարդիկ, 44 տոկոս կանայք։ Մասնակիցների մեջ կան ՀԿ-ների, քաղաքացական հասարակության ներկայացուցիչներ, անհատներ։

«Մենք շեշտադրումը տալիս ենք բոլոր կուսակցություններին՝ անկախ նրանց գաղափարական ուղղություններից։ Մեր ծրագրին հրավիրված են եղել մասնակցելու բոլոր կուսակցությունները»,-հավելեց Այվազյանը։

Ինչ վերաբերվում է միջանկյալ արդյունքներին, նշեց, որ արդեն ունեն 35 տոկոս գիտելիքի աճ, 11 տոկոս հմտություններ եւ 5 տոկոս վերաբերմունքի փոփոխություն։

Միջոցառման ժամանակ ի թիվս այլնի, նախատեսված էր նաեւ պանելային քննարկում՝«Երիտասարդների համար երկխոսության հարթակների դերը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համատեքստում» թեմայով, որն մասնակցում էին Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիայի մասնակիցները։

Հասարակագիտական հետազոտությունների մասնագետ, Ակադեմիայի դասընթացավար Վալենտինա Գևորգյանը նշեց, որ քաղաքակիրթ, զարգացած եւ ժողովրդավար երկրների փորձը փաստում է, որ ներքին համախմբվածությունը բերում է արտաքին արդյունավետության։ «Արդյունավետությունն այն ամենն է, ինչի մասին խոսվեց այսօր․ Հայաստանում սոցիալական, քաղաքական, անվտանգային խնդիրների դեմն առնելու հնարավորություններ, ժողովրդավար երկրներում գոյություն ունեցող գործընթացների, չափանիշների համապատասխանեցում եւ վերջիվերջո քաղաքացու համար արժանապատիվ կյանք ունենալու նպատակ․․․Մենք իհարկե այդ մակրոմակարդակի խնդիրներից այսօր չենք խոսում, բայց այդ գաղափարը որոշել ենք վերցնել ու կիրառել ներքին համախմբվածության կարեւորության առումով, երկխոսության հարթակների մասին խոսել եւ այդ քննարկումն առաջարկել մեր մասնակիցներին»,-ասաց նա։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031