Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ փոխնախարարի՝ 2024 թվականի ընթացքում նախատեսվել է շահագործման հանձնել եւս 7 դպրոց

Մարտ 15,2024 17:25

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Փոխնախարարը նշել է, որ վարկային ծրագիրը սկսվել է 2015 թվականից՝ 107 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով, որից 88.5 մլն դոլարը վարկային միջոցներ են, իսկ 18.5 մլն դոլարը՝ պետական համաֆինանսավորումն է: Ծրագրի առանցքային ցուցանիշն առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումն է եւ շուրջ 22.500 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախատեսված է նաեւ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում: Այն արդեն իրացվել է, եւ ներկայում ՀՀ նորմատիվային բազան համապատասխանում է 9 միավորին. բոլոր նոր շինարարություններն իրականացվում են այդ նորմատիվային բազայի հիման վրա: Զեկուցողի խոսքով նախատեսվում են նաեւ սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, շինարարության բնագավառում աշխատող՝ առնվազն 100 մասնագետի վերապատրաստում եւ այլ գործառույթներ:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում արդեն կառուցվել եւ շահագործման է հանձնվել 16 դպրոց: Ներկայում ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, որոնք շահագործման կհանձնվեն մինչեւ 2026 թվականը: 10 դպրոցի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են. Վերջնաժամկետը 2027 թվականն է:

Ըստ փոխնախարարի՝ 2024 թվականի ընթացքում նախատեսվել է շահագործման հանձնել եւս 7 դպրոց: Բոլոր դպրոցները կկահավորվեն բացառապես նոր, ժամանակակից գույքով եւ լաբորատորիաներով: Մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքում ծախսվել է ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների շուրջ 80 տոկոսը: Վաչե Տերտերյանը պարզաբանել է, որ 2015 թվականին արված հիմնավորումները փոփոխվել են: Պատճառներից են դպրոցների ամրացման աշխատանքների փոխարեն նոր դպրոցների կառուցումը, շինանյութերի գների ու փոխարժեքի փոփոխությունները: Արդյունքում՝ 46 դպրոցների կառուցման ծրագիրն ավարտական փուլին հասցնելու համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում՝ 66,1 մլն եվրոյի չափով:

Պատասխանելով պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հարցին՝ փոխնախարարը նշել է, որ ի տարբերություն այլ ծրագրերի՝ վերջինս արդյունքահեն է: Ծախսվող գումարները նախնական պայմանավորվածությամբ կձեւակերպվեն որպես արտոնյալ վարկեր, եթե ծրագրում ներառված 46 դպրոցները կառուցվեն որակով եւ ապահովեն աշակերտների անվտանգ կրթական պայմանները:

Ի պատասխան պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ Վաչե Տերտերյանը նշել է, որ 46 դպրոցի շինարարական աշխատանքները կավարտվեն 2027 թվականին. նախագծման փուլում է 10 դպրոց, իսկ 20-ը՝ շինարարության փուլում:

«Սա միայն դպրոցաշինության ծրագիր չէ, սա նաեւ հանրային անվտանգության եւ հետճգնաժամային կառավարման բաղադրիչ ունի»,- ասել է փոխնախարարը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ ««ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանը:

Ըստ զեկուցողի՝ Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի չափով արտոնյալ վարկ՝ Կենտրոնական բանկի ներքո գործող գերմանա-հայկական հիմնադրամի խողովակով: Վարկը կուղղվի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը: Մայր գումարի մարման ժամկետը 7 տարի է, իսկ ընդհանուր մարման ժամկետը՝ մինչեւ 2043 թվականն է:

Ծրագրի շրջանակում իրավաբանական անձանց համար սեփական սպառման նպատակով կկառուցվեն մինչեւ 500 մեգավատ հզորությամբ արեւային կայաններ: Մեկ մեգավատ հզորությամբ արեւային կայաններ կկառուցվեն ինքնավար խմբերի եւ 500 կիլովատ հզորությամբ արեւային կայաններ՝ ֆիզիկական անձանց համար:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031