Մարտի 13-14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Ժնևում մասնակցել և ելույթով է հանդես ՄԱԿ եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կայուն զարգացման նպատակների տարածաշրջանային ֆորումին։ Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընտրվել է ֆորումի համանախագահող։
Իր ելույթում նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին՝ նշելով, որ իրականացված բարեփոխումների արդյունքում արձանագրված արդյունքները նպաստել են նախորդ տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 108.000 հայերի կարճաժամկետ կարիքների հասցեագրմանը:
Ընդգծվել է, որ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը գիտակցում է ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, համապարփակ գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների կենսական կարևորությունը: Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
ԿԶՆ տարածաշրջանային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամմեդի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանի բյորոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի և Չեխիայի տարածաշրջանային զարգացման նախարարի տեղակալ Ռադիմ Սրշենի հետ։
Կարդացեք նաև
Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանում Կայուն զարգացման 2030 Օրակարգի և կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացման ուղղությամբ կառավարության կողմից կատարված աշխատանքներին: Կարևորվել է ՄԱԿ Քարտուղարության և համապատասխան գործակալությունների ու գործընկեր պետությունների հետ ակտիվ համագործակցությունը Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման և մարդկային ներուժի զարգացման ուղղությամբ։
ՀՀ ԱԳՆ