ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դիմեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին․ «Մեկ տարի առաջ դուք այստեղ զեկուցում էիք, խոսում էիք Արցախում հայերի իրավունքների պաշտպանության մասին: Մեկ տարի հետո մենք այն իրավիճակում ենք, որ քննարկում ենք Տավուշից գյուղեր հանձնելու հարցը։ Ձեր զեկույցից չի զգացվում, որ դուք ցեղասպանությունից մեկ դար անց նորից ցեղասպանված ժողովրդի պետական կազմավորման արտաքին գործերի նախարարն եք»։
Քրիստինե Վարդանյանը հարցրեց․ «Անցած տարվա կեսերին դուք հիմնավորում էիք, որ Ալիեւին դատելու համար մեզ միայն պակասում է Հռոմի ստատուտը ընդունենք, գնանք դատենք այդ հանցագործին, պատժենք։ Հիմա հայտարարում եք, որ կա պայմանավորվածություն՝ Միջազգային դատարանում արդեն եղած հայցերը հետ կանչելու։ Եթե բանակցում եք հայցերը հետ կանչելու մասին, մեր այս վիճակին պակաս էր մենակ Հռոմի ստատուտը։ Աշխարհի 200 պետություններից միայն մենք պետք է քննարկեինք՝ ՌԴ նախագահին դատո՞ւմ ենք, թե՞ չէ։ Մեզ միայն դա էր պակաս այս ճգնաժամային իրավիճակում»։
Պատգամավորը նաեւ հարցրեց Արարատ Միրզոյանին․ «Արցախի հայերի վերադարձի իրավունք պաշտոնապես հետապնդվո՞ւմ է արտաքին գործերի նախարարության կողմից, թե՞ ոչ, ո՞նց է դա բարձրաձայնվում»։
Արարատ Միրզոյանն ի պատասխան հայտարարեց, որ պատգամավորի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ «Ասում եք՝ Տավուշից մարզից գյուղեր եք հանձնում։ ՀՀ որեւէ պաշտոնյա իրավունք չունի վարել որեւէ բանակցություն, ոչ միայն Տավուշի մարզի, այլեւս ՀՀ տարածքի որեւէ այլ մարզի այլ գյուղ որեւէ մեկին հանձնելու վերաբերյալ։ Որեւէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որեւէ այլ երկրի։ Այ սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ։ Հետեւաբար, մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում։
Կարդացեք նաև
Ասում եք, որ մենք ասել ենք՝ Ալիեւին դատելու համար պակասում է Հռոմի ստատուտը։ Ես չեմ հիշում ոչ ինձ, ոչ էլ որեւէ այլ պաշտոնյայի՝ այս նախադասությունն արտաբերելիս։ Մենք ասել ենք, եւ հիմա էլ ես կարող եմ կրկնել, որ, այո, Հռոմի ստատուտը մենք վավերացրել ենք՝ հավատալով, որ Միջազգային քրեական դատարանի մաս կազմելը կավելացնի մեր անվտանգության աստիճանը։ Այսինքն՝ դա հավելյալ իրավական անվտանգային մեխանիզմ է։
Ասում եք, որ պայմանավորվածություն կա հայցերը հետ կաչել։ Պնդումը, որից դուք հարցը բխեցնում եք, չի համապատասխանում իրականությանը, այդպիսի պայմանավորվածություն չկա։ Քննարկվում են բազմաթիվ տարբերակներ, բնականաբար, հասկանալով, որ դա ընդհանուր միջավայրի մաս կարող է լինել։ Օրինակ՝ եթե մի կողմն անում է այս բանը, այն մի կողմը կարող է անել այսինչ բանը։ Հայցերը հետ կանչելու պայմանավորվածություն չկա»,- նշեց Միրզոյանը։
ԱԳ նախարարն ասաց, որ կան ահռելի եւ գոյաբանական խնդիրներ ՀՀ համար։ Կան միջազգային դերակատարներ, որոնք ուղղակիորեն շահագրգռված են ՀՀ գոյության դադարեցմամբ, կան դերակատարներ, որոնք հավակնություններ ունեն ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Այսպիսի պայմաններում չի կարող ամեն ինչ վարդագույն լինել։
Քրիստինե Վարդանյանն արձագանքեց․ «Արձանագրենք, որ Ալիեւի դեմ դատական հայց չեք ներկայացնում, Հռոմի ստատուտն ընդհանրապես դրա հետ կապ չուներ։ Այդ բառախաղից մարդիկ հոգնել են, հիմա էլ նույնը Տավուշի մարզի գյուղերի վերաբերյալ է։ Դուք երեւի Նիկոլ Փաշինյանի ասուլիսը լսել եք. դուք որոշել եք թիմով, թե որն է հայկական գյուղ, որը հայկական գյուղ չէ։ Փաստ կա, այն չորս գյուղը, որոնք Ադրբեջանը պահանջում է եւ որին Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պիտի գնանք այդ ճանապարհով, պիտի գնամ հանրությանը համոզեմ, հայկական վերահսկողության տա՞կ են, թե՞ ոչ։ Հայաստանի զինվորների թիկունքո՞ւմ են, թե՞ առջեւում։ Դուք կարող եք ասել՝ սովետական ժամանակ դրանք հայկական չեն եղել, փաստորեն դուք սահմանազատում-սահմանագծումն արել եք առանց փաստաթղթի, պայմանավորվել եք»։
Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջնորդվում է ոչ թե հայկական գյուղ կամ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ ՀՀ գյուղ եւ Ադրբեջանի գյուղ։ «Ես ձեզ նորից կարող եմ կրկնել՝ ՀՀ որեւէ պաշտոնյա իրավունք անգամ չունի բանակցել ՀՀ որեւէ գյուղ որեւէ մեկին տալու ուղղությամբ։ Մեր համոզմամբ՝ երկու երկրների միջեւ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը եւ հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել երկու երկրների միջեւ ԽՍՀՄ փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա։ Ինչ-որ այդ սահմանից կլինի ձախ, պետք է պատկանի ՀՀ-ին, ինչ որ կլինի այդ սահմանից աջ, կպատկանի Ադրբեջանին։ Այստեղ որեւէ գաղտնիք, դավադրություն չկա»,- ասաց Միրզոյանը։
Դիտարկմանը, որ Ադրբեջանը չի ընդունում այդ սահմանները, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ադրբեջանական կողմը ստորագրել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Ես ուզում եմ ձեզ նորից հիշեցնել, որ Ադրբեջանի նախագահն այս նույն բանը հրապարակային գրավոր կերպով ընդունել է նախ 2022 թվականի հոկտեմբերի Պրահայի քառակողմ հայտարարության մեջ, արդեն հետո ընդունել է Սոչիում՝ էլի գրավոր հայտարարության մեջ, Ադրբեջանի նախագահն այս նույն բանը գրավոր ընդունել է Բրյուսելում։
Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում երբեմն առանձին դիրքորոշումներով հետընթացներ են լինում այն պայմանավորվածություններից, որոնք մենք արդեն ինչ-որ փուլում համարում ենք, որ ձեռք ենք բերել։ Բայց նաեւ ուզում եմ ասել, որ փոխըմբռնումն այս հարցով, այս պահի դրությամբ ավելին է, քան մեկ ամիս առաջ։ Ես գոնե այս պահին տպավորություն ունեմ, որ մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնության գալու։ Ես խոսում եմ երկու երկրների միջեւ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանագիծը որպես սահմանագծման եւ տարածքային ամբողջականության փոխադարձ հիմք ընդունելու մասին։ Այդ գիծը հնարավոր է գտնել ԽՍՀՄ իրավասու մարմինների կողմից կազմված իրավական անհրաժեշտ հիմք ունեցող, իրավական անհրաժեշտ գործընթացներով կազմված եւ գործընթացներն անցած իրավական ակտերում եւ դրանցից բխող քարտեզներում։ Թե որոնք են դրանք, փոխադարձ համաձայնություն այս պահին չկա։ Գիտեք, որ մենք բազմիցս առաջարկել ենք եւ կարծում ենք, որ այդ գիծը լավագույնս արտացոլված է 1974-1978 թվականների ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզներում, բայց քննարկումները շարունակվում են»,- ասաց նա։
Անդրադառնալով արցախցիների վերադարձի հարցին՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք բախվել ենք մի իրավիճակի, երբ բռնի գործողությունների, ուժի գործադրման արդյունքում մեր ազգակիցները ստիպված են եղել թողնել իրենց տները եւ իրենց ընտանիքի անդամների կյանքի փրկության համար ապաստան գտնել Հայաստանում։ Նրանք բռնի տեղահանվածներ ու փախստականներ են, որոնց մենք պարտավոր ենք ոչ միայն առաջին օգնությունը ցույց տալ, այլ նաեւ հիմա արդեն խոսում ենք հնարավոր ամենալավ, ամենահարմար, ամենալայն ինտեգրման մասին Հայաստանի Հանրապետությունում, եթե չլինի իրենց կողմից այլ որոշում։ Մենք մեզ այդքան էլ իրավունք չենք վերապահում այս պահին հատկապես հրապարակային ուղղորդող հայտարարություններ անել։ Երբեմն չեմ ուզում ասել ավելին՝ նաեւ հաշվի առնելով հարցերի գերնրբազգացությունը, գերկարեւորությունը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ