Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճել է. հանձնաժողովը քննարկել է կառավարության ծրագրի 2023 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը

Մարտ 15,2024 16:23

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ տարի ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ զգալիորեն խորացել է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը՝ էապես բարձրացնելով քաղաքական երկխոսության մակարդակը եւ ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկարաժամկետ՝ երկու տարով, քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ: Առաքելության գործունեության մեկնարկը տրվել է 2023 թվականի փետրվարի 20-ին: Առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը կնքվել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին, իսկ դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը որոշում է ընդունել ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմն ընդլայնելու վերաբերյալ:

2023 թվականին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մեկնարկել է քաղաքական ու անվտանգային հարցերով երկխոսությունը, որի առաջին նիստը տեղի է ունեցել Երեւանում՝ հունվարի 26-ին, իսկ երկրորդ նիստը՝ Բրյուսելում՝ նոյեմբերի 15-ին:

ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել ինչպես 2023 թվականին, այնպես էլ 2024 թվականի առաջին եռամսյակում:

Փոխնախարարը ներկայացրել է նաեւ ԵՄ կողմից իրականացված հումանիտար աջակցությունը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներին:

Հաշվետու տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Հարցը քննարկվել է բարձրաստիճան բոլոր հանդիպումների եւ բարձրագույն քաղաքական մարմինների նիստերի ընթացքում, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը:

Հարցուպատասխանի ընթացքում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հետաքրքրվել են արտոնագրերի հետ կապված տարատեսակ խնդիրներով, որոնք մտահոգում են քաղաքացիներին: «Ցավոք, պետք է կիսեմ ձեր մտահոգությունը եւ ափսոսանքով նշեմ, որ կա միայն մեկ հարց, որտեղ դեռ չենք հասել մեր ցանկացած արդյունքներին: Դա արտոնագրերի հարցն է: Ինչպես նշեցի, այստեղ աշխատանքներ են տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կար առաջընթաց: Հակառակը՝ կար ետընթաց, անգամ Էրազմուսի ծրագրով սովորելու մեկնող ուսանողներն ունեն մեկնելու հետ կապված խնդիրներ: Մենք էլ ստանում ենք բազմաթիվ բողոքներ քաղաքացիներից: Եվս մեկ անգամ փորձում ենք ակտիվացնել մեր աշխատանքները, եւ մեծ հույս ունենք, որ մինչեւ եվրոպական ընտրություններն այս տարի, կունենանք առաջընթաց այս հարցում»,- ասել է փոխնախարարը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառության զգալի աճին՝ նշելով, որ 2022 թվականի համեմատ այն աճել է շուրջ 17.1 տոկոսով՝ կազմելով 2.7 մլրդ դոլար: «Կարո՞ղ ենք արդյոք այս դինամիկան պահել եւ զարգացնել առաջիկա տարիներին»,- հարցրել է նա: Պարույր Հովհաննիսյանի խոսքով ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրների հետ նկատելի է առեւտրի զգալի աճ, ինչը բացատրվում է մի քանի գործոններով: Նա հայտնել է, որ ջանքեր են գործադրվում՝ պահելու այդ շարժունությունը: Մասնավորապես, ստեղծվելու են մի շարք նոր ձեւաչափեր եւ քայլեր, որոնք նպատակ ունեն պահելու եւ զարգացնելու առեւտրաշրջանառությունը ԵՄ երկրների հետ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031