Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿ-ներն ահազանգում են՝ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը թափառող շների ստերջացման փոխարեն, կենդանիներին վնասազերծելու անթույլատրելի մեթոդներ է կիրառում

Մարտ 15,2024 16:19

Մի շարք ՀԿ-ներ կրկին ահազանգում են թափառող շների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին։ ՀԿ-ներն այսօր Երեւանի քաղաքապետարանին փոխանցեցին իրենց դիմում-բողոքն ընդդեմ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի, հայտարարում են, որ ՀՈԱԿ-ը հաճախ թափառող շներին ստերջացման փոխարեն կենդանիներին վնասազերծելու անթույլատրելի մեթոդներ է կիրառում։

Aravot․am-ի հետ զրույցում Վիկտորյա Փոշոտյանը, որը խնամում եւ կերակրում է իր բնակության տարածքում գտնվող թափառող շների, պատմում է, որ ՀՈԱԿ-ը նույնիսկ առողջ շներին է քնեցնում, մինչդեռ պետք է ստերջացնի ու վերադարձնի տարածք։

Փոշոտյանի վստահեցմամբ՝ հաճախ ՀՈԱԿ-ը ստերջացումից հետո շներին տարածք է վերադարձնում ժանտախտով վարակված, ու այդպես վարակն արագ տարածվում է այլ կենդանիների շրջանում։

«Այս տարվա հունվարի 28- ին Նորքի 5-րդ զանգվածի այգում մոտ ՀՈԱԿ-ը ստերջացված շուն բերեց։ Մենք միշտ ՀՈԱԿ-ի կացարանից բերված շներին զգուշավոր ենք վերաբերվում, որովհետեւ կացարանից տարբեր հիվանդություններ են բերում։ Այդ խասկի ցեղատեսակի շունիկը մի քանի օրից սկսեց իրան վատ զգալ։ Տարանք մասնավոր անասնաբուժական կլինիկա, թեստավորեցին, ասացին՝ ժանտախտ է։ Առաջարկեցին քնեցնել, հրաժարվեցինք։ Մենք էլի մեր միջոցներով անասնաբույժ հրավիրեցինք, սկսեց բուժել։ Խասկին արդեն լավանում էր։ Մեկ էլ հանկարծ տարածքից կորավ։ Մի քանի օրից խասկիին գտանք 7-րդ զանգվածում, սպանված ու տուփի մեջ դրած։ Մենք վստահ ենք, որ խասկիին սպանել են, ընդ որում՝ այդ շունը չէր կարող հասներ 7-րդ մասիվ։ Բացի այդ, բնակիչները ՀՈԱԿ-ին տեղյակ էին պահել, որ խասկին ժանտախտ է, չեկան տանեն»,-պատմում է Փոշոտյանը։

Նրա ներկայացմամբ՝ ՀՈԱԿ-ին երբ տեղեկացրել են, որ խասկիի մարմինը գան տանեն, ՀՈԱԿ-ի աշխատակիցները եկել են՝ տարածքի բոլոր շներին տարել են, այդ թվում՝ առողջ շներին․ «Տարածքի հայտնի Սեւո շանն էլ այդ ժամանակ տարան։ Սեւոն առողջ էր։ Հիմա ՀՈԱԿ-ից ասում են, որ Սեւոն առողջ է, պետք է մնա իրենց մոտ։ Բայց ես վախենում եմ, որ կքնեցնեն»։

Փոշոտյանի խոսքով՝ թափառող կենդանիների խնամքով զբաղվող ՀԿ-ներն անվստահություն ունեն ՀՈԱԿ-ի հանդեպ, նրանք կարծում են, որ ՀՈԱԿ-ը միտումնավոր է վարակված շներին վերադարձնում տարածք, որպեսզի դա պատճառ լինի, հետո գան տարածքի բոլոր շներին հավաքեն, տանեն՝ քնեցնեն․ «Իսկ քնեցնելը հեշտ է եւ էժան։ Բուժելը, ստերջացնելը ծախս է։ Ստերջացման միջոցով պետք է թափառող շների քանակը նվազեցնեն, իրենք հեշտ միջոց են ընտրել՝ բռնեն բոլորին, քնեցնեն, կամ էլ վարակը տարածեն ու դա պատճառ լինի, որ տվյալ տարածքի թափառող բոլոր շներին տանեն քնեցնեն, ընդ որում, տարածքի բնակիչներն էլ, պարզ է, որ խուճապի մեջ կընկնեն, որ իմանան՝ շների շրջանում ժանտախտ կա»։

Փոշոտյանի պատմելով՝ իր խնամքի տակ գտնվող Լեո շունիկն էլ Խասկիի հետ միաժամանակ սկսել էր վատ զգալ, բայց նրա մոտ, անասնաբույժի ստուգելուց հետո էնտերովիրուս էր հայտնաբերվել։ Փոշոտյանը մյուս կենդանասերների հետ միասին համատեղ միջոցներով Լեոյին բուժել էր, արդեն լավ էր զգում իրեն, մեկ էլ բնակիչները հայտնաբերել են, որ շունը տարածքում չէ։ Ու քանի որ վաղ առավոտյան տարածքում ՀՈԱԿ-ի մեքենան էին նկատել, բնակիչները, այդ թվում՝ Փոշոտյանը, տարածքի տեսախցիկներից մեկն են ստուգել ու պարզել, որ Լեոյին ՀՈԱԿ-ի աշխատակիցները բռնել ու տարել են։

«Զանգեցի ՀՈԱԿ, խնդրեցի, որ հանկարծ չպատվաստեն, նոր է բուժվել, առողջ շուն է։ ՀՈԱԿ-ի տնօրենին՝ Առաքելյանին զանգել եմ ու խնդրել, որ բաց թողնեն Լեոյին։ Առաքելյանն ինձ ասաց, որ Լեոյին թեստավորել են, եթե ժանտախտ լինի, քնեցվելու է։ Հեռախոսն անջատեցի, ՀՈԱԿ-ի ֆեյսբուքի էջից նամակ եկավ ինձ, որ Լեոյի մոտ ժանտախտ է, շունը քնեցվում է։ Ես Առաքելյանին ասել եմ, որ միտումնավոր են այս ամենը անում»,-պատմում է Փոշոտյանը։

Հետո կենդանասերները որոշեցին Լեոյի հետ ապրող բոլոր շներին թեստավորել, որեւէ մեկի մոտ ժանտախտ չի հայտնաբերվել։

Փոշոտյանն ասում է, որ ՀՈԱԿ-ը կենդանասերներից մեկի՝ վիրաբույժ, Արցախի պատերազմի հերոս Արմինա Նալբանդյանի շանը, որը անձնագիր ուներ, ութ ձագ ուներ, վերցրել տարել է․ «Շան տերը ՀՈԱԿ-ին դատի է տվել։ Այսինքն, ստացվում է՝ մարդիկ իրենց միջոցներով խնամում են շներին, կերակրում, բուժում, մեկ էլ ՀՈԱԿ-ը գիշերով գալիս ու բոլորին հավաքում տանում, քնեցնում։ Երեկ էլ ՀՈԱԿ-ի կացարանից մի շունիկ են բերել, իբրեւ ստերջացրած, փոխանակ շան ամորձիները կտրեն, առնանդամն են կտրել, ու շատ վատ կարած, ահավոր վերք էր, բորբոքված»։

Փոշոտյանի պատմելով՝ քաղաքապետի նախընտրական շրջանում Տիգրան Ավինյանը ՀՈԱԿ-ում հանդիպել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, լսել խնդիրներն ու դժգոհությունները։ Ավինյանը, ըստ Փոշոտյանի, խոստացել էր, որ ՀՈԱԿ-ը այսուհետ կաշխատի թափանցիկ, պարբերաբար զեկույց կներկայացնի աշխատանքի վերաբերյալ, կենդանասերները կկարողանան ՀՈԱԿ-ի կացարան ազատ ելումուտ ունենալ․ «Բայց այդ խոստումից հետո անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում, կացարան մուտքը անհնար է։ Այսինքն, ՀԿ-ների կողմից վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ, ինչը բազմաթիվ հարցերի ու կասկածի առիթ է տալիս»։

Կենդանասերների ՀԿ-ները դիմում են քաղաքապետին, որպեսզի ուշադրություն հրավիրեն ՀՈԱԿ-ի աշխատաոճի վրա, ոլորտում մենաշնորհը վերացնեն։ Փոշոտյանն ասում է, որ ինքը մարտի 5-ին քաղաքապետարան «Հայփոստով» պատվիրված նամակ-դիմում է ուղարկել ՀՈԱԿ-ին վերաբերող դժգոհությունների եւ խնդիրների մասին, նամակով խնդրել են քաղաքապետից, որպեսզի վերանայի ՀՈԱԿ-ի քաղաքականությունը, սակայն քաղաքապետարանից ասել են, թե նամակ չեն ստացել, մինչդեռ «Հայփոստը» հաստատել է, որ նամակը հանձնել են։ Ուստի ՀԿ-ների ներկայացուցիչներն այսօր անձամբ այցելեցին քաղաքապետարան ու հանձնեցին նամակը։

Վիկտորյա Փոշոտյանը տեսանյութ է տրամադրել, որտեղ ՀՈԱԿ-ի աշխատակիցները Լեո շանն են որսում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում Վիկտորյա Փոշոտյանի Լեո շունն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031