Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հոգնել եմ իմ անմեղության մասին գոռալով»․ Ազատի զորամասի գործով Մառլեն Սարգսյանը 15 օրով զրկվեց նիստերին մասնակցելուց

Մարտ 15,2024 15:32

«Ես հոգնել եմ իմ անմեղության մասին գոռալով, բայց այն, ինչ-որ տեսել ենք, թե նախաքննության փուլում ի՞նչ անարդարություններ են եղել, նույնը տեսնում ենք դատավարության ընթացքում»,- այսօր դատարանում հայտարարեց Ազատ գյուղում տեղակայված ժամանակավոր զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Մառլեն Սարգսյանը։

Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում շարունակվեց Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործի անջատված մասով դատական նիստը: Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանում հրդեհ էր բռնկվել. 15 զինծառայող զոհվեց:

Դատարանն այսօր քննեց նաեւ Մառլեն Սարգսյանի խափանման միջոցի հարցը։

Պաշտպան Վահագն Հակոբյանն առաջարկում էր կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ, որպեսզի նա հնարավորություն ստանա հոգ տանել իր ընտանիքի անդամների, անչափահաս երեխաների մասին, նաեւ իր առողջական խնդիրներով պատշաճ զբաղվել կարողանա։ Մառլեն Սարգսյանը կալանքի տակ է մեկ տարի եւ երկու ամիս․ պաշտպանը համոզված է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը բացարձակ հիմնազուրկ է։ Պաշտպանը կարծում է, որ Մառլեն Սարգսյանի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսեւորվել՝ առավել խիստ խափանման միջոց ընտրելով, ինչի մասին պարզաբանումներ հանրային մեղադրողը չի ներկայացրել՝ ասելով, որ պարտավորություն չունի այդ հարցին պատասխանելու։ Պաշտպանը կարծում է, որ դատարանի համար պետք է ցուցիչ լինի տուժողների այն տեսակետը, որ Մառլեն Սարգսյանը պետք է մնա կալանքի տակ, որպեսզի նա պաշտպանված լինի եւ նրան հնարավոր չլինի «վերացնել»։

Մառլեն Սարգսյանը բորբոքվեց, երբ հանրային մեղադրող Մարտիրոսյանը փորձեց հակադարձել պաշտպանի՝ մեղադրանքներից բերված մեջբերումներին, որոնք պաշտպանն անհիմն էր համարում։ Հանրային մեղադրողը պնդում է, որ ի պաշտոնե Մառլեն Սարգսյանը ուներ պարտավորություններ։

Մառլեն Սարգսյանը հայտարարեց, որ հանրային մեղադրողը փորձում է մարդկանց մոտ թյուր տպավորություններ ստեղծել իր մասին։

Դատավորի՝ իր նկատմամբ սանկցիա կիրառելու դիտողությանն էլ հակադարձեց, որ ինքն էլ անժամկետ հացադուլ կհայտարարի ու եթե իր կյանքին ու առողջությանը վտանգ սպառնա, մեղավորը դատական մարմինն է լինելու․ «Մեղադրող կողմը անհիմն խոսում է, այն, ինչ ասում է՝ իմ անունը դրա մեջ չկա։ Ես գլխավոր դատախազին նամակ եմ գրել, որ այսպիսի անօրինականություններ են լինում թե նախաքննության, թե դատաքննության փուլում։ Պատասխանը եղել է այն, որ սա մրցակցային դատավարական փուլ է եւ նույն իրավասություններն ունեք։ Էդ ո՞նց է, մեղադրողը ելել իմ վրա շառ է անում, իրա շառն ի՞մ վրա է կապում»։

Վիճաբանություն սկսվեց Մառլեն Սարգսյանի եւ դատավորի միջեւ։ «30 մետր այն կողմ թուրքից չեմ վախեցել, հիմա էստեղ ինչ որ մեկի՞ց պիտի վախենամ»,- հայտարարեց Մառլեն Սարգսյանը։

Դատավորը սանկցիա կիրառեց վիճաբանությանը խառնված ծնողների նկատմամբ․ նրանցից ոմանք հեռացվեցին դահլիճից։ Դատավորի բազմաթիվ հորդորները՝ լռել եւ նստել, Մառլեն Սարգսյանին ավելի էին հունից հանում, նա պահանջում էր, որ մեղադրողին խոսքի իրավունք չտրվի։

Ի վերջո, դատավորը սանկցիա կիրառեց Մառլեն Սարգսյանի դեմ, նա 15 օրով զրկվեց նիստերին մասնակցելու հնարավորությունից։ Նա դուրս գալիս բղավում էր․ «Սա այն դատարանը չէ, որտեղ հնարավոր է արդարություն գտնել»։

Վահագն Հակոբյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ՝ հայտարարելով, որ դահլիճում ականատես են եղել տարատեսակ գործողությունների, բայց նման սանկցիա որեւէ մեկի դեմ չի կիրառվել, ինչը փաստում է Մառլեն Սարգսյանի նկատմամբ ուղղորդված վերաբերմունքը։

Հետագայում վիճաբանությունը շարունակվեց Վահագն Հակոբյանի եւ հանրային մեղադրողի միջեւ․ փոխադարձ մեղադրանքներ հնչեցին։

Դահլիճից, ծնողներից մեկը ռեպլիկ արեց․ «Էն, որ Մառլենի իրավաբանն ասում է՝ չորս օրվա մեջ Մառլենին դրել են էդ պաշտոնի վրա ու Մառլենի իրավաբանը հինգ դատ է պահանջում է՝ էս ո՞վ է Մառլենին դրել էս պաշտոնին, մենք խի՞ չենք կարում հասկանանք՝ ո՞վ է դրել։ Մառլենն ու իրավաբանն ասում են, ու մենք չենք կարում հասկանանք՝ ճի՞շտ են ասում, թե՝ սխալ։ Ո՞ւր է էդ մարդը, որ Մառլենին դրել է էդ պաշտոնին»։ Ծնողն ակնկալում էր այնուհանդերձ լսել իր հնչեցրած հարցերի պատասխանները՝ դատախազից կամ դատավորից։

Նիստի ընթացքում կրքերը ժամանակ առ ժամանակ բորբոքվում էին։ Ծնողներից մեկի դիտողությունն էլ ուղղված էր Մառլեն Սարգսյանի պաշտպանին, որ հայտարարություններն իր կողմից անի, ծնողների խոսքերին հղումներ չանի։ Նրա դիտարկմամբ, եթե երբեմն ծնողների որոշ կարծիքներ համընկնում են պաշտպանական կողմի դիրքորոշումների հետ, դա միայն այն պատճառով է, որ որոշ պաշտոնյաներ իրենց տեղում չեն։

Ծնողը մեղադրանքներ հնչեցրեց նաեւ դատավորի հասցեին, որն, իր համոզմամբ, իրենց հայտարարություններին ուշադրություն չի դարձնում, ավելին, փորձում է պատճառաբանություններ բերել․ «Ինձ այլ բան չի մնում մտածել, քան որ այստեղ դրված են դրածոներ՝ այս գործը փակելու համար»։

Իսկ առհասարակ, ծնողը տպավորություն ունի, որ ովքեր այս գործից տեղեկություններ ունեն եւ «ոտքները տրորելու դեպքում» կարող են խոսել՝ հայտնել իրենց տեղեկությունները, նրանք ազատության մեջ են, իսկ նրանք, ովքեր շատ բան չգիտեն՝ կալանքի տակ են։

Կրքերը բորբոքվեցին, նիստն ընդհատվեց։

Հիշեցնենք, Մառլեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի պաշտոնը, նշանակված լինելով զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների պետ, պարտավոր է եղել իմանալ զորամասի օբյեկտների հրդեհավտանգության առանձնահատկությունները, զորամասի սպայական կազմի, ենթասպաների և ավագների համար կազմակերպել դասընթացներ՝ հակահրդեհային պատրաստության հրդեհաշիջման միջոցների կիրառման ու պահպանման վերաբերյալ, հսկել հրդեհաշիջման միջոցների սարքին վիճակը և նպատակային օգտագործումը, ժամանակին զեկուցել հրամանատարին զորամասի օբյեկտներում հայտնաբերված թերությունների մասին և դրանց հայտնաբերման դեպում շուտափույթ վերացնել դրանք և կանխել հրդեհի առաջացումը, սակայն իր պարտականությունների չկատարման հետևանքով զորամասի կացարանում բռնկված հրդեհը հնարավոր չի եղել մարել, պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով առաջացել է 15 անձի մահ, իսկ 5 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ի վերջո, դատարանը մերժեց Մառլեն Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ամբողջությամբ։ Մառլեն Սարգսյանի խափանման միջոցը երկարացրեց  երեք ամսով՝ պահպանելով բոլոր սահմանափակումները՝ բացառությամբ ընտանիքի անդամների։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031