Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազությունը պաշտպանության տակ է վերցրել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին. դեմ է քննության վերսկսմանը. «Փաստինֆո»

Մարտ 15,2024 15:06

«Փաստինֆո». Դատախազությունը դեմ է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ուժի կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդմանը ու բողոքարկել է քրեական վարույթի վերաբացելու որոշումը։

Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ նա իրենց որդիների մահվան մեղավորը։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեեւ տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել, նախ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաեւ՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որը հետագայում հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։ Քրեական գործը տևական ժամանակ «քնեցվեց», արդյունքում՝ դատախազությունը որոշում կայացրեց ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, օրեր անց՝ գործի վարույթը կարճվեց։

Տուժող կողմը չի համաձայնել այս որոշումների հետ և վիճարկել է դրանք դատական կարգով։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել էր տուժող կողմի բողոքը և, ըստ այդմ, քրեական վարույթը պետք է վերաբացվեր և վարույթն իրականացնող մարմինը պետք է վերացներ դատարանի կողմից արձանագրված խախտումները։

Նշենք, որ տուժող կողմն, այնուամենայնիվ, վերաբացման պարագայում էլ օբյեկտիվ քննության ակնկալիքներ առանձնապես չունի, կարծում են՝ ձևական քննություն կիրականացվի և կարճ ժամանակ անց՝ կրկին կկարճվի։ Այդուհանդերձ, «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դատախազությունն արդեն բողոքարկել է դատարանի այս որոշումը՝ պահանջելով բեկանել այն։

 Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031