Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ձեր ծնողները՝ հանձին ձեզ, կարողանում են իրենց կարոտն առնել, մենք մեր կարոտն առնում ենք՝ այդ նկարներով ու սառը քարեր համբուրելով»․ Արա Ռոստոմյանը՝ «մենք էլ ենք կռված» ասողներին

Մարտ 15,2024 15:10

«Եթե ձեր ծնողները՝ հանձին ձեզ կարողանում են իրենց կարոտն առնել, մենք մեր կարոտն առնում ենք՝ այդ նկարներով ու սառը քարեր համբուրելով։ Ու էլ ոչ մեկը մեր դեմ չկանգնի, չասի՝ մենք կռվել ենք, կռված տղան այդպես չէր պահի իրեն»,- «Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վրդովված հայտարարեց «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամ Արա Ռոստոմյանը։

Կազմակերպության անդամները ներկայացրին, թե ինչ վերաբերմունքի են հանդիպել, երբ այցելել են մարզային դպրոցներ, տեսնելու՝ արդյոք հերոսների «Փառքի անկյուններ»-ը հանվել են, թե պահպանված են։

Արա Ռոստոմյանն ասաց, որ Արագածոտնի մարզի համայնքներից մեկում, երբ իրենց թույլ չեն տվել մտնել դպրոց, տեսնելու, թե կա Փառքի անկյունը, թե՝ ոչ, միջադեպ է եղել, իրենց թույլ չեն տվել, և իրենց խոչընդոտողներից մեկն ասել է, որ ինքն էլ է կռված։ Այս առիթով Արա Ռոստոմյանն ասաց, թե դիմում է ընդհանրապես բոլոր այն մարդկանց, որոնք իրենց հանդիպելիս ասում են, որ իրենք էլ են կռված․ «Եթե կռվել եք, ուրեմն դուք մեր տղաների հետ եք կռվել։ Որ ասում ենք՝ մեր տղաներին, նշանակում է՝ բոլորին համարում ենք մեր տղաները։ Եթե մեր տղաների հետ եք կռվել, տեսել եք մեր տղաների նահատակությունը, ապա դուք ինչո՞ւ չեք թողնում ձեր ընկերների ծնողները գնան, իրենց երեխաների նկարները տեսնեն»։

Արա Ռոստոմյանն ասաց, որ երբ գնացել են Ապարանի տարածաշրջան, հանդիպել են համայնքների, բնակավայրերի ղեկավարների հետ, տեղյակ են պահել, որ եկել են նման առաքելությամբ, Ափնայի վարչական ղեկավարն իրենց լավ է դիմավորել, նույնիսկ ասել է, որ իր մեքենայով կարող է դպրոց տանել։ Բայց երբ գնացել են Ափնայի դպրոց, իրենց ագրեսիվ են դիմավորել․ «Լրագրողներից մեկը հանեց հեռախոսը, որ նկարի, միանգամից հարձակվեցին էդ աղջկա վրա, թե մարդու իրավունքների խախտում է։ Տնօրեն Սուսաննա Հակոբյանն ասաց, որ իրավունք չունեն ներս մտնել, հետո շատ համոզելուց հետո ասաց, որ նկուղում մի դասասենյակ ունեն, այնտեղ են տեղափոխել նկարները։ Ասացինք՝ կարող են տանել, որ նայենք, բայց նկարել չի կարելի։ Ագրեսիվ տոնը շարունակվեց, մինչև դուրս եկանք, դրսում մի քանի ուսուցիչներ նաև ՆԶՊ ուսուցիչը գոռալով ասաց, որ մենք էլ ենք կռված, տենց շարժվեցինք»։

Այնուհետև գնացել են Ալագյազ համայնք։ Մինչև իրենց՝ դպրոց գնալը պարզվել է, որ համայնքապետարանից զանգել են մարզպետարան։ Արդեն դպրոցի նախամուտքից իրենց թույլ չեն տվել, որ մտնեն դպրոց։ Արա Ռոստոմյանն ասաց՝ պարզ երևում էր, որ իրենց զգուշացված էր․ «Իրենք անընդհատ ձայն էին բարձրացնում, ասում էին՝ ձեզ չենք ճանաչում, կարող է՝ դուք մուսուլման եք։ Կանայք էին մեզ հետ, մեզ պահեցինք»։

Արա Ռոստոմյանն ասաց, որ ձայնագրություններ ունեն, երեկ դրանք հրապարակել են, քանի որ Արագածոտնի մարզպետն է հայտարարությամբ հանդես եկել և իրենց պնդմամբ՝ ստել։

Արա Ռոստոմյանն ասաց, որ երբ այցելել են Ապարանի դպրոց, այդտեղ լրիվ այլ պատկեր է եղել։ Դպրոցում բարեհամբույր են դիմավորել իրենց, տնօրենն եկել, ասել է, որ խոնարհվում է իրենց առաջ, տեսել են, թե ինչ աշխատանք էր տարված Փառքի անկյունում։

Այդպիսի լավ Փառքի անկյուններ են նաև տեսել Արմավիրի մարզի դպրոցներից որոշներում։

Լրագրողները փաստեցին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պնդում է, որ հրահանգ ու ցուցում չկա Փառքի անկյունները հանելու համար, և նշել, թե հետամուտ կլինի այդ հարցով՝ կազմակերպության անդամներն ասացին՝ մենք նշեցինք, թե որ դպրոցներն են, թող հետամուտ լինեն։

Արա Ռոստոմյանն էլ ասաց՝ մի դեպք կա, պետք է սպասել և հորդորեց մեկ շաբաթ էլ սպասել, ու դրանից հետո իրենք հանդես կգան հայտարարությամբ։

Հարցին՝ սա քաղաքականությո՞ւն է, որը տարվում է պետական մակարդակով, Արա Ռոստոմյանը պատասխանեց․ «Որևէ գրավոր հրաման չկա, էս երկրում որևէ բան այդպես չի արվում։ Իրենք ամեն հրամանը ներքին կարգով տալիս են, դրանից հետո արձագանք է լինում, սպասում են մեկ ամիս կամ ավել, տեսնում են՝ աժիոտաժը մարեց, դրանից հետո ներքին կարգով հանում են»։

Արա Ռոստոմյանը նաև հայտնեց՝ Չարենցավանում վեց դպրոց են այցելել՝ 5-ում շատ լավ ընդունել են, մի դպրոցում՝ շատ վատ․ «Այստեղ տնօրենների և մարզպետների խնդիրն է։ Դրա համար Ժաննա Անդրեասյանը փորձեց «իր վրայից քցել»։ Երևում է՝ մի հավաքի ժամանակ խոսել են, և որ մարզպետն ուզում է ավելի լավ լղոզվել, հրահանգն այնպես է տալիս, որն ընտանիքից է դուրս եկած, նման բան չի անում։ Եթե Չարենցավանում 5-ը նորմալ ընդունել են, նշանակում է, որ մարզպետի ցուցում չի եղել, այլ ընդհանուր խոսել են և տնօրեններն են ինքնագլուխ անում։ Արագածոտնի մարզում, վստահ եմ, որ մարզպետարանի գործը կար։ Այն տեղերը, որտեղ առանց զգուշացնելու ենք մտել՝ Ապարանի ֆիզմաթ դպրոց, Ծաղկահովիտի դպրոց, չթողեցին մեզ, բայց ագրեսիա չկար: Արագածոտնի մարզի մյուս երկու դպրոցները, որտեղ նախապես զգուշացրել ենք, նրանց հրահանգավորել էին, դրա համար էլ ագրեսիվ դիմավորեցին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031