ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում ստեղծվող ուղեցույցը կտա բոլոր հարցերի պատասխանները
Մարտի 9-11-ը ՀԲԸՄ-ն, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ArtNexus-ը (Շվեդիա) եւ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը Աղվերանում համատեղ կազմակերպել էին «Արվեստի գործերի տեղադրում եւ տեղափոխում» թեմայով աշխատաժողով՝ արվեստի կառավարիչների եւ հարակից ոլորտների մասնագետների համար: Նպատակն էր ընդլայնել մասնակիցների ընկալումը ընթացակարգերի եւ պահանջների վերաբերյալ, ներառյալ փաթեթավորումը, տեղադրումը, փոխադրումը, ապահովագրությունը, մաքսազերծումը եւ պահեստավորումը, ինչպես նաեւ մասնակիցներին տրամադրել փորձագիտական գիտելիքներ, թե ինչպես պետք է Հայաստան ներմուծել արվեստի գործեր եւ դրանք արտահանել Հայաստանից:
«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շահերի պաշտպանության ղեկավար Նարեկ Թովմասյանն ընդգծեց, որ աշխատաժողովն ուղղված է արվեստի գործերը գրագետ արտահանելու, ներմուծելու, փաթեթավորելու, տեղադրելու, տեղափոխելու ուղղությամբ գիտելիքների հարստացմանը: «Մեզ սպասվում է շատ հետաքրքիր ճամփորդություն՝ սկսած մաքսային փաստաթղթերի ձեւակերպումներից՝ վերջացրած ապահովագրությամբ»,-ասաց նա:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը նշեց, որ ծրագրի կարեւորագույն կողմերից մեկը նույն հարթակում միավորելն է միջոլորտային տարբեր մասնագետների: «Ես 15 տարի այս ոլորտում եմ, կարծեմ առաջին անգամ է նման ծրագիր իրականանում»,-ասաց նա ու հիշեցրեց, որ վերջերս ԱԺ-ն վավերացրել է Թանգարանների մասին օրենքը, որի շատ դրույթներ կարգավորում են ոլորտի հնարավոր խնդիրները:
Կարդացեք նաև
Աշխատաժողովի ժամանակ Մարգար Սուքոյանն ու Լուիզա Սեւունին ներկայացրին Մաքսային կանոնակարգը: Գաֆէսճյան թանգարան հիմնադրամի տեղադրումների տեխնիկական ծառայությունների գծով տնօրեն Գեւորգ Տոնոյանը խոսեց արվեստի գործերի տեղափոխման եւ տեղադրման մասին, ապա դրան հետեւեց նույն թեմայով պրակտիկ աշխատարանը: ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց գերատեսչությանն առնչվող ընթացակարգերը, փոխադրման ժամանակ արվեստի աշխատանքների ապահովագրությանն անդրադարձան Լիգա Ինշուրանսի ներկայացուցիչները:
Ի թիվս այլ մասնագետների՝ իրենց հարցերն ու դիտարկումները հնչեցրին ոչ միայն թանգարանի աշխատակիցները, այլեւ ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրեն Էսթեր Աբրահամյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանը, BuyArmenian հարթակի, DHL-ի ներկայացուցիչները: «Մեր տեսլականն է ստեղծել մի ընթացակարգ, որը կհեշտացնի ողջ գործընթացը»,-ասաց Լուիզա Սեւունին, ապա փաստեց, որ արվեստի գործերի փոխադրումը բարդ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում:
Լիլիթ Պողոսյանը ներկայացրեց փուլերը, որոնցով պետք է անցնեն արվեստի ժամանակակից գործերի առք ու վաճառքով զբաղվող քաղաքացիները, արվեստագետներ, հավաքորդները, որոնք ցանկանում են իրենց ստեղծած կամ իրենց ունեցած արվեստի գործերը արտահանել Հայաստանի Հանրապետությունից: Ինչ վերաբերում է թանգարաններին, նրա խոսքով, թույլտվական փաստաթուղթը տրվում է նախարարի հրամանով՝ սահմանված ժամկետի համար:
Մարգար Սուքոյանը շեշտեց, որ արվեստի գործ տեղափոխող քաղաքացին խնդիր կունենա, երբ փորձի անցնել՝ մաքսային հսկողությունը շրջանցելով, ու կապ չունի՝ դա դիտավորություն է, թե անզգուշություն. «Օրինակ, կարող է խնդիր առաջանալ, եթե քաղաքացին արխիվային ինչ-որ փաստաթուղթ տանի, կամ 100 եւ ավելի տարի առաջ արտադրված թղթադրամ, մետաղադրամ ունենա իր հետ ու այդ մասին տեղյակ չպահի»: Նա նշեց, որ երբ քաղաքացին, դիցուք, որեւէ աճուրդում բացառիկ արվեստանմուշ է ձեռք բերում ու տեղափոխում է Հայաստան, ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը տալիս է եզրակացություն, որ դա իսկապես մշակութային արժեք է, համապատասխան հայտարարագիր է լրացվում, այդ դեպքում օրենքով ազատվում է որեւէ հարկ վճարելուց, քանի որ մշակութային արժեքների վրա զրո տոկոս մաքսատուրք է, Հարկային օրենսգրքով էլ ԱԱՀ-ից է ազատվում:
Գեւորգ Տոնոյանը նշեց, որ փաթեթավորումը ծավալուն եւ պատասխանատու աշխատանք է, հատկապես, երբ հարցը վերաբերում է արվեստանմուշներին: Նրա խոսքով, ներքին տեղաշարժի պարագայում հիմնականում արվում է թեթեւ փաթեթավորում: Արվեստի գործերը ներմուծելու կամ արտահանելու դեպքում փաթեթավորումը այլ կերպ է արվում, այն կատարվում է պետական մարմինների ու բոլոր օղակների հետ բոլոր հարաբերությունները կարգավորելուց հետո, որպեսզի բացառվի կրկնակի վերափաթեթավորումը:
Նշենք, որ «Արվեստի գործերի տեղադրում եւ տեղափոխում» թեմայով աշխատաժողովի ավարտից հետո մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ ՀԲԸՄ-ից: Իսկ աշխատաժողովից հետո ակնկալվում են հետեւյալ արդյունքները՝ ձեւավորել փորձագիտական գիտելիքներով զինված մասնագետների թիմ՝ արվեստի գործերի առաքումը Հայաստան եւ Հայաստանից դուրս պատշաճ կերպով իրականացնելու համար, կստեղծվի նաեւ ընթացակարգերի վերաբերյալ ուղեցույց, որը կտարածվի Հայաստանում բոլոր շահագրգիռ կողմերին, կառավարությանը կներկայացվեն ռազմավարական առաջարկներ՝ գործընթացները բարելավելու եւ արվեստագետներին ու հաստատություններին աջակցելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
«Առավոտ» օրաթերթ
15.03.2024