Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ պիտի ասեին ընդդիմադիրները. նույն այդ խորհրդային սահմաններն Ադրբեջանը չի ճանաչում, բազմաթիվ հատվածներում ներխուժել է ՀՀ տարածք. «ՉԻ»

Մարտ 15,2024 09:00

Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական հակապետական կամ բացառապես Ադրբեջանի շահերից բխող հայտարարություններ է անում, ու թվում է, թե վերջ՝ այս անգամ հաստատ «չի պլստա», արմատական ընդդիմությունը հաջողացնում է այնպիսի հակափաստարկներ բերել, որ իրենց համեմատ իշխանությունների պահվածքն ավելի ողջամիտ է թվում։

Ամենաթարմ օրինակը Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի ուղղությամբ 4 անկլավային գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու պատրաստակամությունն է։ Ինչպիսի՞ն պիտի լիներ ադեկվատ և իսկապես պետական շահերով մտահոգ ընդդիմության արձագանքը։ Պիտի լիներ մոտավորապես այսպիսին․ «Այո, ցավոք՝ այդ 4 գյուղերը խորհրդային Հայաստանի տարածքում չեն գտնվել, ժամանակին ինչ-ինչ մեքենայությունների արդյունքում դուրս են բերվել ՀԽՍՀ տարածքից, և եթե հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան իրականացվի խորհրդային սահմաններով՝ մենք ստիպված ենք լինելու վերադարձնել այդ տարածքները։ Բայց նույն այդ խորհրդային սահմաններն Ադրբեջանը չի ճանաչում, բազմաթիվ հատվածներում ներխուժել է ՀՀ տարածք և օկուպացրել մոտ 200 քկմ տարածք, հետևաբար՝ Տավուշի 4 գյուղերը վերադարձնել կարելի է միայն ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը զուգահեռ։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունները մտադիր են այդ 4 գյուղերը վերադարձնել միակողմանիորեն՝ դա արդեն բխում է բացառապես Ադրբեջանի շահերից և ՀՀ պետական շահերի ակնհայտ ոտնահարում է, այսինքն՝ պետական դավաճանություն»։

Սա կլիներ նորմալ քաղաքական խոսույթ և ցույց կտար, որ ընդդիմությունն է՛լ է կողմ խաղաղության, բայց՝ արժանապատիվ և միջազգային նորմերի վրա հիմնված խաղաղության, և ոչ թե հակառակորդի «մեծահոգությանն» ապավինած ստորաքարշ գոյության։

Մինչդեռ ընդդիմությունն այլ բան է ասում․ մոտավորապես՝ «ոչ մի դեպքում չի կարելի այդ 4 գյուղերը տալ, որովհետև դրանք մեզ համար շատ կարևոր են, ռազմավարական նշանակություն ունեն, «ջանդամը», թե «սովետի վախտ» Ադրբեջանինը չեն եղել, եթե տանք՝ ահագին տարածք կհայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ», և այլն։ Ոչ մի քաղաքական միտք, ոչ մի իրավական հիմնավորում, պարզապես «չպիտի տանք, որովհետև դրանք մեզ պետք են»։ Իհարկե, պետք են, շա՛տ են պետք, բայց այդ տրամաբանությամբ՝ Ջերմուկի սարերն էլ Ադրբեջանին են պետք, բա հետո՞։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031