Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հիմա էլ՝ հանրագիտարանը

Մարտ 15,2024 10:00

Վարչապետ Փաշինյանի ասուլիսի հիմնական «ուղերձն», անշուշտ, այն էր, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին տարածքներ հանձնել Տավուշի մարզում, քանի որ դրանք «մերը չեն»: Ճիշտ է, դա ուղիղ չի ասվել՝ ուղերձը քողարկված էր «ֆռիկների» եւ «կռուտիտների» հաստ շերտի տակ, եւ այդ շերտը նիկոլական զանգվածի համար գուցեեւ միանգամայն համոզիչ է:

Բայց խոսքն այստեղ ոչ թե Փաշինյանի անվիճելի հռետորական տաղանդի մասին է, այլ գործնական հետեւանքների մասին: Իսկ գործնական հետեւանքը լինելու է այն, որ ցամաքային կոմունիկացիան Վրաստանի հետ խիստ դժվարանալու է, ինչպես դժվարացել է Իրանի դեպքում, որովհետեւ Գորիս – Մեղրի մայրուղու որոշ հատվածներ նույնպես «մերը չէին»: Եվ դրանով, ցավոք, զիջումները չեն սահմանափակվի, որովհետեւ Ադրբեջանի պահանջների ցուցակը գործնականում անվերջանալի է:

Իսկ ինչի՞ հիման վրա է, որ գնալով ավելի ու ավելի շատ տարածքներ դառնում են «ոչ մերը»: Փաշինյանի «ամենասիրելի» փաստաթղթերից մեկն է, անշուշտ, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը: Հավանաբար, այդ հռչակագրի ինչ-որ գաղտնի հավելվածում ասվում է, որ Ադրբեջանին կարելի է զավթել Ջերմուկի եւ Սեւանի մոտակայքում գտնվող բարձունքները, որոնք բոլոր հնարավոր քարտեզներով Հայաստանի տարածք են:

Վարչապետն ընդհանրապես իր անողնաշար քաղաքականությունն արդարացնելու համար սիրում է վկայակոչել տարբեր փաստաթղթեր: Օրինակ, 1996 թվականի Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքներով ընդունված՝ այդ կազմակերպության գործող նախագահի հայտարարությունը (բանաձեւի վրա Հայաստանը «վետո» էր դրել), որը պարզվում է, «փակում է» Արցախի ինքնորոշման հարցը: Նույն նիկոլական զանգվածին «արժանի» փաստարկ:

Վերջին ասուլիսում այս առումով մի թարմ «փաստարկ» ներկայացվեց՝ Սովետական մեծ հանրագիտարանը: Ինչ խոսք, շատ հեղինակավոր աղբյուր է, որով 2024 թվականին պետք է առաջնորդվի անկախ պետության ղեկավարը:

Դե, եթե դա այդքան հեղինակավոր է, առաջարկում եմ առաջնորդվել նաեւ Հայկական սովետական հանրագիտարանով: Մասնավորապես, այդ հանրագիտարանի՝ 1982 թվականին լույս տեսած 8-րդ հատորում կա Գարեգին Նժդեհի մասին հոդված: Մի քանի մեջբերում անեմ. «Նժդեհ Գարեգին, դաշնակցական զինվորական գործիչ… 1920 թ. մայիսին… ճնշել է Զանգեզուրի աշխատավորության զինված ապստամբությունը… Եղել է դաշնակցականների 1921-ի փետրվարյան խռովության գործուն կազմակերպիչներից… Զանգեզուրի ազատագրումից հետո փախել է արտասահման»:

Եթե Ադրբեջանը պահանջի, որ մենք փոխենք մեր պատմության դասագրքերը, մենք արդեն, որոշակի՝ նրանց հաճո «հիմքեր» ունենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Անշուշտ, Փաշինյանի «ամենասիրելի» փաստաթղթերից մեկն է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ստորագրել է ԼՏՊ-ն և վավերացրել ՀՀՇ «խորհրդարանը» (լիբերալներ, կոմունիստներ, կոմսոմոլներ, դաշնակներ, սոցիալիստներ, նորածին կուսակցություններ, ղարաբաղցիներ, բանվորներ ու գյուղացիներ…)։
    Կենդանաբանական այգում կա մի արարած՝ քամելեոն։ Հանրապետության քաղաքական և կրոնական կուսակցություններն ու կազմակերպությունները ունեն բոլոր իրավունքներն իրենց սպիտակ դրոշների վրա պատկերելու էգ քամելեոն։
    Արդար կլիներ ԼՏՊ-ի ու Սերոժի արտադրած ուսապարկերի ճակատին էլ գրվեր Տաբակի (Tabaqui):

  2. Հ.Շ. says:

    2018ին՝ «Նոր Հայաստան»ի հիմնադրութեան սկիզբը յայտնեցին: Յայտարարեցին: Հարթակներուն վրայէն պոռացին: Հռչակեցին: Հիմնադրեցին: Նո՛ր Հայաստան:

    Ամերիկեան արտայատութիւն մը թարգմանելով, ուրեմն՝ ախր, «ՆՈՐ» բառին ո՞րմէկ մասն է արդեօք, որ այդքան շատ հայեր, չհասկցան…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031