Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նպատակն է պահպանել եւ փոխանցել այս ահռելի երաժշտական ժառանգությունը հաջորդ սերունդներին». ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Մարտ 15,2024 12:30

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 12-ին տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո եւ ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհային պայմանագրի (մինչեւ 72,000 ԱՄՆ դոլար) ստորագրման արարողությունը՝ Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։

Աոկի Յուտական, Դանիել Դանիելյանը եւ Նորայր Նազարյանը

Դրամաշնորհի պայմանագիրը ստորագրեցին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական եւ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ներկայությամբ։

Ներկայացնում ենք պարոն դեսպանի խոսքն առանց լրագրողական միջամտության:

«Ես Հայաստան եմ ժամանել անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին։ Նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում ես արդեն զգացել եմ հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքն ու հյուրընկալությունը, ինչպես նաեւ նկատել եմ, որ մեր երկու երկրները շատ նմանություններ ունեն։ Երկուսն էլ փոքր երկիր են՝ հարուստ երկար պատմությամբ, ավանդույթներով եւ հնագույն մշակույթով, եւ կիսում են սերը երաժշտության հանդեպ:

Ուստի այսօր, Ճապոնիայի կառավարության անունից ինձ համար մեծ հաճույք է ներկա գտնվել «Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո եւ ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի» ստորագրման արարողությանը։

Ուրախ եմ տեղեկացնել, որ 72,000 ԱՄՆ դոլարի չափով Ճապոնիայի «Grassroots» մշակութային ծրագրերի դրամաշնորհային աջակցությունը կծառայի ճապոնական Yamaha ապրանքանիշի անհրաժեշտ աուդիո եւ ձայնագրման սարքավորումներ տրամադրելուն՝ աջակցելու եւ խթանելու «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգների ձայնագրման հնարավորությունները: Ուրախ եմ, որ ծրագիրը հնարավորություն կտա այս գեղեցիկ համերգասրահում ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ այլ նվագախմբերին ու անհատ երաժիշտներին ձայնագրել եւ հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, քան այսօր՝ նոր եւ ժամանակակից սարքավորումներով, որոնք ձեռք են բերվելու այս աջակցության միջոցով: Սա Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին տրամադրվող երկրորդ դրամաշնորհային աջակցությունն է: Առաջինը տրամադրվել է 1999 թվականին՝ «Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին երաժշտական գործիքների եւ ձայնային սարքավորումների տրամադրման ծրագրի» շրջանակներում:

Հայաստանը հայտնի է իր պատմականորեն հարուստ երաժշտական մշակույթով, որը ստեղծել է այնպիսի հանրահռչակ երաժիշտներ եւ երգահաններ, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը եւ շատ ուրիշներ: Մեր նպատակն է պահպանել եւ փոխանցել այս ահռելի երաժշտական ժառանգությունը հաջորդ սերունդներին: Վստահ եմ, որ նոր ծրագրի միջոցով մենք կարող ենք նպաստել այս կարեւոր առաքելությանը, որպեսզի մարդիկ կարողանան վայելել այն գլուխգործոցները, որոնք կկատարվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ճապոնական սարքավորումների եւ Հայաստանի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի աշխարհահռչակ երաժիշտների ստեղծագործությունների համադրմամբ։

Եզրափակելով ելույթս՝ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր կողմերին, որոնք ներգրավված են այս ծրագիրը իրականություն դարձնելու գործում եւ մաղթել ծրագրի հաջող իրականացում»:

Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031