Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին ոչինչ չի խանգարում դաշինքներ կնքել

Մարտ 15,2024 12:00

Դիվերսիֆիկացիա ոչ միայն զենքի ձեռքբերման, այլեւ` անվտանգային, ռազմավարական-դաշինքային հարաբերությունների կառուցման հարցում

ԱՄՆ հետախուզության համայնքի 2024 թվականի սպառնալիքների տարեկան գնահատման զեկույցում անդրադարձ կա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների թեմային: Մասնավորապես նշվել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերագրավումը նվազեցրել է անկայունությունը, եւ ռազմական առճակատումը, հավանաբար, տեւողությամբ եւ ինտենսիվությամբ աչքի չի ընկնի։ «Այնուամենայնիվ, երկկողմ խաղաղության պայմանագրի բացակայությունը, երկրների զինված ուժերի իրար մոտ լինելը, զինադադարի կիրառման մեխանիզմի բացակայությունը եւ Ադրբեջանի դիրքորոշումը՝ կիրառելու ռազմական ճնշում Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներին հասնելու համար, պահպանվում են։ Ավելին՝ հանգամանքները, որ Լեռնային Ղարաբաղի կառավարումը էթնիկ հայերից անցել է ադրբեջանցիներին եւ Ադրբեջանն ունի պահանջ՝ մուտք դեպի իր էքսկլավ ցամաքային միջանցքով, կբարձրացնեն զինված առճակատման վտանգը»,- ասվում է զեկույցում։

Նշվել է նաեւ, որ 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն է նախաձեռնել, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի պարտությանը եւ դե ֆակտո ԼՂ-ի իշխանությունների հանձնվելուն: Ըստ ԱՄՆ հետախուզության՝ «տարածաշրջանի էթնիկ հայ բնակչության մեծ մասի արագ հեռանալն ու կառավարության ծրագրված ինքնալուծարումը թույլ տվեցին Բաքվին առաջ տանել տարածաշրջանն Ադրբեջանին ինտեգրելու ծրագրերը՝ փաստացիորեն հեռացնելով այս երկարամյա խնդիրը երկկողմ խաղաղության օրակարգից»։

Այսինքն, Վաշինգտոնն արձանագրում է, որ «միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը:

Այն, որ Ադրբեջանը պատրաստ է ռազմական նոր հարձակում գործել Հայաստանի նկատմամբ, բոլորի համար պարզ է: Ու այն, որ Արեւմուտքի` մասնավորապես, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դիրքորոշումների, Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության արդյունքում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն այսքան ժամանակ իրեն զսպում է, սա եւս անհերքելի է:

Բայց Անկարայից ու Բաքվից հնչող հայտարարություններում արդեն նկատվում է վերջնագրային տոնայնություն, որից կարելի է ենթադրել, որ նրանք շտապում են եւ հող են նախապատրաստում մոտ ապագայում իրենց պահանջները կատարված չլինելու դեպքում` հարձակման անցնել, մանավանդ որ, Հայաստանի բարձրագույն իշխանությունը հրապարակային ձեւով Ադրբեջանի պահանջների մասով ներկայացրել է դիրքորոշում, որից հետո, Բաքվին, այսպես ասած` այլ բան չի մնա, քան` գործել: Այս հիմքերը Ալիեւին, ցավալիորեն, Հայաստանի իշխանությունը տվել է:

Հայաստանի իշխանությունները տեւական ժամանակ է՝ խոսում են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին: Առայժմ դա ենթադրում է այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու հարցում համաձայնությունների կայացում: Սա, անշուշտ, կարեւոր է: Սակայն միայն դրանով լուծվո՞ւմ է Հայաստանի համար անվտանգության երաշխիքների ստեղծման, զսպող մեխանիզմների սահմանման հարցը: Չի լուծում:

Հայաստանին անհրաժեշտ է անվտանգային հարցում դիվերսիֆիկացում, ընդ որում, բոլորովին էլ պարտադիր չէ, որ Հայաստանն, օրինակ, առաջիկա ամիսներին դուրս գա ՀԱՊԿ-ից: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, եւ այլ երկրների հետ ռազմավարական դաշինքներ կնքելու հարցում Հայաստանը չպետք է իրեն սահմանափակված զգա միայն այն պատճառով, որ մեր երկիրը գտնվում է անվտանգային այլ դաշինքում:

Խոսքը` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ երկրների հետ երկկողմ մակարդակում ոչ միայն համագործակցության խորացման համաձայնագրերի ստորագրման մասին է, այլ` ռազմավարական դաշինքների կնքման, որի արդյունքում Հայաստանը կարող է արդեն գործնականում դիվերսիֆիկացնել իր անվտանգության ապահովման խնդիրը: Դա ենթադրելու է արտաքին դերակատարների կողմից ոչ միայն կոշտ արձագանք, եթե Բաքուն, օրինակ, փորձի ճեղքել «միջանցքը», այլ Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման հարցում կոնկրետ գործողություններ։

Այլ կերպ ասած, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունում է բանաձեւ, որի առանցքային կետերից մեկն էլ այն է, որ Փարիզը վճռականորեն դատապարտելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան, կոչ է անում անհապաղ դուրս բերել այդ երկրի օկուպացիոն զորքերը Հայաստանի տարածքից, Ֆրանսիայի հետ ռազմավարական-դաշինքային հարաբերություններ ունենալու պարագայում գործելու են Ադրբեջանին զսպելու կոնկրետ քայլեր եւ գործողություններ:

Ալիեւին մինչ այժմ զսպելը, թերեւս, Արեւմուտքի կողմից հետնաբեմային ճնշումների եւ հրապարակային նախազգուշացումների արդյունք է եղել, սակայն երաշխիք չկա, որ դա հավերժ կարող է շարունակվել: Անկարայի ու Բաքվի համար պետք է հստակ լինի, որ գոյություն ունեն «կարմիր գծեր» եւ դրանք խախտելու դեպքում` Հայաստան պետությունը, որպես ինքնիշխան երկիր, ունի անվտանգության երաշխավորներ: Այդ երաշխավորությունը միայն պաշտպանական, կամ զսպող սպառազինության ձեռքբերումը չէ:

Օրերս հայտնի դարձավ, որ Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակության արտահանումների համար: Ըստ «Ազատության», այս մասին գրել էր պաշտպանական ոլորտը լուսաբանող հնդկական հարթակներից մեկը՝ IADN-ը, ու հավելել՝ երկու խոշոր ընկերություն համատեղ աշխատանքային խումբ են հիմնել, ինչը կամրապնդի երկրների միջեւ լոգիստիկան։ Ընկերություններից մեկը՝ Container Corporation of India-ն, խոշոր բեռնափոխադրող է. մյուսը՝ HAL-ը, ավիացիայի ու պաշտպանության ոլորտում է մասնագիտացած, երկուսի բաժնեմասերն էլ պետությանն են պատկանում։ CONCOR-ը նախօրեին X-ի պաշտոնական էջում շնորհավորել էր համատեղ խմբին դեպի Հայաստան իրականացված առաջին թռիչքի կապակցությամբ՝ այն Հնդկաստանի համար նշանակալի քայլ որակելով։ Նշվում էր, որ ռազմավարական նշանակության բեռ են տեղափոխել Հայաստան, թե կոնկրետ ինչ, մանրամասներ չէին հայտնում։ Երեւանը եւս նման փոխադրումները չի բացահայտում։ «Հետք»-ը չվերթների առցանց ռադարով գտել էր՝ ինքնաթիռը Իրանի օդային տարածքով է հասել Երեւան, վերջին օրերին երկու թռիչք է իրականացվել։

Հայտնի է, որ Հունաստանի հետ ռազմական ոլորտում գործակցությունը եւս խորացվում է։ Հունաստանի պաշտպանության նախարարը Երեւանում վերջերս չբացառեց Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան հնարավոր համագործակցությունը։

Հայաստանին զենք վաճառող երկրների թվի ավելացումը միանգամայն ողջունելի է: Սակայն դա ակնհայտորեն բավարար չէ: Հայաստանը պետք է ձգտի դառնալ տարածաշրջանային` ռազմավարական նշանակություն ունեցող երկիր։ Այսինքն, դիվերսիֆիկացիա ոչ միայն զենքի ձեռքբերման հարցում, այլեւ` անվտանգային, ռազմավարական-դաշինքային հարաբերությունների կառուցման դիվերսիֆիկացիա:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 14.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031