Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Պետրոսյան․ «Մեր համար կարեւոր է, որ Հայաստանի շուրջ իրավաբանական պաշտպանությունը ձեւավորվի»

Մարտ 14,2024 23:55

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն եւ «Հոդված 3» ակումբը «Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների պատժի միջազգային կառուցակարգեր եւ մեխանիզմներ» խորագրով հանրային քննարկում էր կազմակերպել

Գերմանա-հայկական միջազգային իրավունքների ասոցիացիայի նախագահ, Նյուրնբերգյան սկզբունքների ակադեմիայի միջազգային քրեական իրավունքի ավագ աշխատակից Գուրգեն Պետրոսյանը լրատվամիջոցներին ասաց՝ քանի որ Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ եւ մեծ քանակությամբ աշխատանքներ են առաջացել, իրենք այստեղ են, որպեսզի մեր քննիչները, դատախազները, մասնագետները պատկերացում ստանան, թե ընդհանուր առմամբ  ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում ՄՔԴ շրջանակներում։

«Մենք այստեղ համագործակցում ենք արդարադատության ակադեմիայի հետ, որը զբաղվում է քննիչների եւ դատախազների վերապատրաստումով։ Մեր հետ այստեղ են միջազգային քրեական դատարանի դատախազ, հետաքննիչ, ինչպես նաեւ  պրոֆեսոր Քրիստոֆ Զաֆեռլինգը, որոնք սովորեցնում են առաջին քայլերը, թե ինչպիսի գործընթացներ են այս ամենի շրջանակներում տեղի ունենում եւ ինչպես պետք է աշխատել միջազգային ատյանների հետ հատկապես, երբ խոսքը մարդկության դեմ հանցագործություններին եւ  պատերազմական հանցագործություններին է վերաբերում»,-ասաց նա։

Դասընթացները նպատակ են հետապնդում, որպեսզի այդ պատկերացումը ձեւավորվի եւ քննիչները հետագայում կարողանան այս շրջանակներում համագործակցել ՄՔԴ-ի եւ պետական կառույցների հետ, քանի որ ՄՔԴ շրջանակներում բացի Հայաստանից արդեն 123 պետություն կա, որտեղ այս ամբողջ համակարգը միասնական է։

Գուրգեն Պետրոսյանն ասաց նաեւ․ «Քանի որ Հայաստանը դարձել է ՄՔԴ անդամ եւ կազմում է այդ ընտանիքի մի մաս, ՀՀ տարածքը իրավաբանորեն արդեն պաշտպանված է պատերազմական հանցագործություններից։ Եվ  այսուհետ ցանկացած պատերազմական հանցագործություն, որը գտնվում է Հայաստանի տարածքում, պատժելի է»։

Aravot.am-ի հարցին, թե իրենք աշխատանքը որեւէ գործնական արդյունք ցույց տվե՞լ է, թե այս ամենն ընդամենը տեսական խոսքեր են, Գուրգեն Պետրոսյանը պատասխանեց, որ կան արդեն մի քանի դատավճիռներ։ «Մեր համար կարեւոր է, որ Հայաստանի շուրջ իրավաբանական պաշտպանությունը ձեւավորվի»,-ասաց նա։

Իրավաբանը սակայն ասաց նաեւ, որ Ալիեւին մարդկության դեմ կատարած հանցագործության դիմում Հայաստանը չի ներկայացրել։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031