Հայաստանի վարկանիշը միջազգային ներդրողների շրջանում շարունակում է իր հետեւողական անկումը, ինչի հարցում նպատակաուղղված ջանքեր են գործադրել ՀՀ գործող իշխանությունները: Այսօր արդեն մի շարք խոշոր ընկերություններ հայցեր են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության։
Դրանց թվում են՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը, «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի» ընկերության բաժնետերերից «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն, ԶՊՄԿ-ի 12.5֊%-ի բաժնետեր հանդիսացող Walnort Finance Limited LLC շվեյցարական ընկերությունը։
Նշված ընկերությունների ոլորտային հետաքրքրությունները տարբեր են՝ աղբահանության մշակումից մինչեւ ոսկու եւ մոլիբդենի, պղնձի արդյունահանում, սակայն բոլորն էլ վիճարկում են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ կառավարության գործողությունների իրավաչափությունը կամ հանցավոր անգործությունը, որոնց հետեւանքով միջազգային ներդրողները խոշոր վնասներ են կրել, սակայն չինովնիկների «դուխով» անկոմպետենտության համար վճարելու ենք մենք՝ քաղաքացիներս:
«Սանիթեք»-ն՝ ընդդեմ ՀՀ կառավարության
Կարդացեք նաև
ՀՀ կառավարության դեմ ներդրումային հայց ներկայացնելու մտադրության մասին նշված ընկերություններից առաջինը հայտարարեց «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը։
2021 թվականի մարտի 29-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Սանիթեք» ընկերությունն ու վերջինիս բոլոր բաժնետերերը, ովքեր հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ, ավարտել են Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված իրենց՝ միջազգային արբիտրաժային դատարան հայցի ներկայացման հաջորդ փուլը: «Օտարերկրյա ներդրողներն արդեն իսկ ներկայացրել են իրենց հայցը միջազգային արբիտրաժային դատարան՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի 9-րդ հոդվածի («Լիբանան-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր»), «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի («Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր») և «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի 36-րդ հոդվածի»,- նշվում է 2021 թվականի մարտի 29-ին ընկերության տարածած հաղորդագրության մեջ, որի հետ պայմանագիրը խզելու մասին Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր 2019 թվականի հոկտեմբերին։
Ներդրումային արբիտրաժային հայցը ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes, ICSID), որը գտնվում է Վաշինգտոնում: 2021 թվականի ապրիլի 6-ին հայցը գրանցվել է, իսկ նույն տարվա սեպտեմբերի 27-ին՝ սկսվել են լսումները։
Ընկերությունը պնդում է, որ վեճը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության խտրական և բռնագրավվող (էքսպրոպրիացիա) գործողություններից, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանը չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և, ի վերջո, մինչ կոնցեսիոն պայմանագրերի ժամկետը լրանալը հեռացրել է «Սանիթեք»-ին՝ փոխարինելով պետական աղբահանության ընկերությամբ: «Այս մոտեցումն ուներ քաղաքական դրդապատճառ, որի նպատակն էր «Սանիթեք»-ին դարձնել քավության նոխազ՝ քաղաքական առավելություն ստանալու համար՝ քաղաքապետարանին մեղադրելով աղբահանության ոլորտի ղեկավարման և «Սանիթեք»-ի նկատմամբ վերահսկողության ռազմավարական բացթողումների մեջ»,- պնդում են միջազգային ներդրողները՝ նշելով, որ պետական աղբահանություն իրականացնող ընկերությունը գործունեություն է ծավալում շատ ավելի բարենպաստ պայմաններով, քան այն պայմանները, որոնք տրամադրվել էին «Սանիթեք»-ին. ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության վերաբերմունքը օտարերկրյա ներդրողների հանդեպ կամայական է և խտրական:
Արբիտրաժային գործընթացն արդեն մոտենում է ավարտին։
«Ամուլսար ինվեսթոր վենչըր»-ն՝ ընդդեմ ՀՀ կառավարության
Միջնորդ դատարանի մշտական պալատը (PCA) հունվարի վերջին հայկական կողմին տեղեկացրել է ընդդեմ ՀՀ կառավարության «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցի մասին։ Այն մուտքագրվել է 2023 թվականին եւ, ըստ էության, գտնվում է նախապատրաստական փուլում։ Այս ընկերությունը վիճարկում է ՀՀ կառավարության գործողությունները, ավելի ճիշտ՝ նաեւ անգործությունը, որ չի կատարել իր պոզիտիվ պարտականությունը ու չի կանխել «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի»-ի (Lydian International LTD ) աշխատանքների խոչընդոտմանն ուղղված քայլերը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: