Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնդի դեպքում կլինի Հյուսիսային պողոտա-2, թե՝ ոչ, կախված կլինի կոնկրետ գործընթացներից»․ Գենյա Պետրոսյան

Մարտ 14,2024 19:50

«Այս ամբողջն իրականացվում է առանց հստակ պլանավորման։ Խնդիրն այն է, որ 2020-ից հետո չունենք Երևանի գլխավոր հատակագիծ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Կոնդ․ որտե՞ղ է հանրային գերակա շահը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավաբան Արսեն Թավադյանը։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, «հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար»։

Իրավաբանն ասաց՝ առկա է Կենտրոն թաղամասի գոտիավորման նախագիծը․ այնտեղ Կոնդի որոշ հատված բարձրահարկ կառուցապատման համար է նախատեսված, որոշակի հատված ցածրահարկ կառուցապատման՝ մինչև 4 հարկ․ «Բայց եթե մենք նայում ենք առկա կառուցապատմանը, տեսնում ենք, որ նույնիսկ այդ գոտիավորման նախագծով չեն շարժվում։ Եթե քաղաքապետարանը հստակ ընդուներ գոտիավորման նախագիծ, գլխավոր հատակագիծն ուղարկեր ՀՀ կառավարության հաստատմանը, կհասկանայինք՝ ինչ է տեղի ունենալու այս գոտում․ մենք դա չունենք։ Ինչքան հասկանում եմ՝ խոսքը հանրային գերական շահ ճանաչելու տրամաբանությանը նորից գնալու մասին է, դրա համար է քաղաքապետարանն այսպես ասած խայծեր տալիս Կոնդի բնակիչներին, որ եկեք համապատասխան չափագրում անենք, ձեզ տանք այդ երկու քառակուսի մետրը, որովհետև եթե գնում ենք հանրային գերակա շահի տրամաբանությամբ, ակնհայտ է, որ կառուցապատողին ավելի ձեռնտու կլինի ունենալ հստակ հատակագծեր, տեսնել ով ունի երկու քառակուսի մետր ավել, և նրան վճարել այդ քառակուսի մետրի գինը, որը շատ էժան է լինելու, քանի որ շուկայական գնի հաշվարկով տեղի է ունենալու լիկվիդացիոն արժեքով, որը բավական ցածր է, քան այն շուկայական արժեքը, որը մենք ենք պատկերացնում, գումարած 15 տոկոս, քան չունենալ այդ գոտիավորումը, հետագայում օտարման գործընթացի ժամանակ խնդիրների հանգել ու պարզել, որ այստեղ համադրում կա, որը կխանգարի իրացմանը։

Ակնհայտ է՝ այն գործընթացը, որը քաղաքապետարանը սկսել է, նպատակ չունի բնակիչների իրավունքները վերականգնել, այլ ապահովել հետագա գերակա շահի տրամաբանությամբ օտարման պարագայում օտարման գործընթացի դյուրացումը»։ Հարցին՝ արդյոք այստեղ ընդհանրապես գերակա հանրային շահ կա՞, թե՝ ոչ, Արսեն Թավադյանը պատասխանեց․ «Եթե մենք նայում ենք օրենքի տրամաբանությունը, ապա զուտ կառուցապատման նպատակը չի կարող լինել գերակա շահ։ Կոնդը մշակութային արժեք է, եթե մշակութային արժեքի պահպանման տրամաբանությամբ գնանք, կարող ենք գերակա շահի տրամաբանությամբ գործել։ Գերակա հանրային շահի տրամաբանությունը միշտ խաթարում է սեփականության իրավունքը։

Հազարավոր այլ մոդելներ կան, որոնք հնարավորություն են տալիս պահպանել մշակութային արժեքները և որոնք ոչ թե կառուցապատմանը, բիզնես շահին առաջնահերթություն կտան, այլ բնակչին։ Այս տարբերակն ամենապարզն է և հնարավորինս ավելի շատ եկամուտներ է ապահովում։ Իրականում Երևանի քաղաքապետարանն իր շահերով է առաջնորդվում․ որևէ բան չէր խանգարում այստեղ նորմալ որոշակի ճարտարապետական լուծումներով նախագիծ ունենալ, որն ամեն բնակչին կասեր՝ դու վերանորոգում արա, այստեղ դարձրու քո բնակարանը, մենք կազատենք քեզ այսինչ տեսակի հարկերից։ Սա այն ձևն է, որը հին քաղաքին է վերաբերում․ ամբողջ աշխարհում տեղի է ունեցել»։

Այն պնդումներին, թե Կոնդը չի լինելու Հյուսիսային պողոտա-2, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն այսպես արձագանքեց․ «Կլինի Հյուսիսային պողոտա-2, թե՝ ոչ, կախված կլինի կոնկրետ գործընթացներից։ Այժմ միայն օրենսդրական կարգավորումների վրա հիմնվելով՝ պնդել, որ լինելու է այս կամ այն սցենարը, միանշանակ չենք կարող»։ Նա, օրինակ բերելով Ֆիրդուսի բնակիչների գործերը, նշեց․ «Մի քանի գործերով մենք ներգրավված ենք, տեղյակ եմ, թե ինչպես են իրականացման գնահատման գործընթացները անշարժ գույքերի մասով եղել։ Միանշանակ տեղի է ունեցել օրենսդրության խախտում, չեն ապահովվել գնահատման գործունեության մասին օրենքի ստանդարտների պահանջները, կոպիտ խախտումներ են տեղի ունեցել»։

Ըստ Գենյա Պետրոսյանի՝ Կոնդի պարագայում ևս տեսնում ենք խնդրահարույց հարցեր․ «Առաջին որոշումը Կոնդի մասով 2007-ին է ընդունվել, հետո 2009-ի որոշումն է առկա, նույնիսկ ունենք 2012-ին ընդունված որոշումը, որով քանի որ սահմանված ժամկետում չի իրականացվել օտարումը, և ժամկետը սպառվել էր, օրենքի ուժով կառավարության որոշումն անվավեր է համարվել։ Այս որոշմամբ վերացվել էին այդ սահմանափակումները հանրային գերակա շահի նկատմամբ, այն սեփականատերերի նկատմամբ, ում գույքը վերցվել էր կառուցապատողի կողմից, բայց դեռ այդ գույքն առկա է։ Այսինքն՝ այդ գույքը նորից անհատույց վերադարձվեց սեփականատերերին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031