Լրահոս
Օրվա լրահոսը

Շնողի միջնակարգ դպրոցն արդեն ունի սեփական ջերմոց․ աշակերտներն իրենց ձեռքով աճեցնում են մշակաբույսեր, ստանում ջերմոցավարման գիտելիքներ

Մարտ 14,2024 19:30

ԵՄ LEADER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ Հայաստանում ստեղծված ութ տեղական ակտիվ խմբերից (ՏԱԽ) մեկի՝ «Գանձոր» ՏԱԽ-ի դրամաշնորհի շրջանակում բարեկարգվել է նաև կրթօջախի բակը, որը ժամանակին գտնվում էր անմխիթար վիճակում։

ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի միջնակարգ դպրոցն արդեն ունի սեփական ջերմոց։ Այն հիմնվել է ԵՄ LEADER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ Հայաստանում ստեղծված ութ տեղական ակտիվ խմբերից (ՏԱԽ) մեկի՝ «Գանձոր» ՏԱԽ-ի դրամաշնորհի շրջանակում։

Շնող համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարի Թամազյանը «Գանձոր» Տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) հիմնադիր անդամներից է։ Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ դրամաշնորհի միջոցներով բարեկարգվել է նաև կրթօջախի բակը, որը ժամանակին գտնվում էր անմխիթար վիճակում, ստեղծվել է արահետ։ Հիմնվել է նաև հարթակ, որը արտադասարանական աշխատանքների համար ծառայում է նաև՝ որպես բեմ։

Հայաստանում կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ LEADER մեթոդաբանությունը ԵՄ ֆինանսավորմամբ տեղայնացվել է Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ու Շիրակի մարզում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից: LEADER մեթոդաբանությունն իրականացվում է ՏԱԽ-երի միջոցով, որոնք, առաջնորդվելով գործընկերության և նորարարության մոդելով, համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ և նպաստելու տեղական զարգացմանը։ Տավուշում, Լոռիում և Շիրակում այժմ գործում են ութ ՏԱԽ-եր, որոնք մասնակցային գործընթացի միջոցով հաստատված առաջնահերթություններին համապատասխան օժանդակում են զարգացման ծրագրերի իրականացմանն իրենց տարածքներում։

Շնող համայնքի միջնակարգ դպրոցի ջերմոցը ծառայում է նաև ուսումնական նպատակով։ Դպրոցի տնօրենը նշեց․ «Որպես գյուղական համայնք՝ մեզ համար կարևոր են գյուղատնտեսության ոլորտում նորագույն մեթոդների կիրառության հետ կապված հմտությունները, գիտելիքները։ Ուսումնական ջերմոցում կատարում ենք յուրահատուկ բույսերի՝ օրինակ ոչ ավանդական մշակաբույսերի՝ բարձրարժեք մշակաբույսերի ցանքս։ Ուսումնական ջերմոցի նպատակն է նաև, որ սովորողները գայթակղվեն, մղվեն դեպի գյուղատնտեսություն, սիրեն գյուղատնտեսությունը, հասկանան, որ դա այնքան էլ բարդ աշխատանք չէ»։

Կանանց ներգրավվածությունը ևս կարևորվում է։ Աշակերտներն իրենց ստացած գիտելիքները փոխանցում են իրենց մայրիկներին, քույրիկներին, որոնք էլ կմոտիվացվեն և կցանկանան սեփական միջոցներով հիմնել ջերմոցներ։ Մարի Թամազյանն ասաց․ «Կինը, որը ստիպված է լինել տնային տնտեսուհի, որովհետև աշխատանք չկա, կամ երեխաների խնամքի պատճառով չի կարողանում աշխատել, սեփական միջոցներով կկարողանա ունենալ ջերմոց և ստանալ արդյունք, գումար աշխատել ու լինել ավելի անկախ»։

Ըստ Մարի Թամազյանի՝ ջերմոցի աշխատանքների հետ կապված աշակերտների ոգևորությունն ավելին էր, քան սպասում էին․ ակտիվորեն ներգրավվել են ջերմոցի հիմնման աշխատանքներում։ Դպրոցում նաև գործում է ջերմոցի վարման խմբակ։ Խմբակն ունի 12 աշակերտ։ Նրանք արդեն իրենց ձեռքերով ցանել են տարբեր մշակաբույսեր, որոնք տեղափոխելու են ջերմոց։ Իսկ ջերմոցից ստացված էկոլոգիապես մաքուր բերքից հնարավորություն կունենան համտեսել տարրական դասարանի աշակերտները, որոնք դպրոցում սնվում են։ Մարի Թամազյանը վստահեցրեց՝ խմբակավարն էլ շատ սիրում է գյուղատնտեսությունը, սիրում է զբաղվել նոր մեթոդաբանությամբ, մշակաբույսերով։ Բազմաթիվ աշակերտներ ցանկացել են ներգրավվել ջերմոցավարման խմբակում․ «Մեր գյուղատնտեսական խմբակում այժմ ներառել ենք 12 աշակերտ։ Հետագայում նախատեսում ենք արդեն նոր աշակերտներ ներգրավել կամ ևս մեկ խմբակ ձևավորել։ Այս պահին խմբակի աշակերտները սովորում են, թե ինչ է ջերմոցը, գիտելիքներ են ձեռք բերում ջերմոցի վարման վերաբերյալ»։

Մարի Թամազյանի վստահեցմամբ՝ LEADER մեթոդաբանությունն արդյունավետ է․ համոզվել են իրենց ստեղծած Գանձոր ՏԱԽ-ի օրինակով․ «Գանձոր ՏԱԽ-ը կապում է երկու տարբեր մարզերի՝ Լոռու և Տավուշի մարզերի սահմանակից համայնքները։ Արդյունքում ստացվում է, որ LEADER-ի, Գանձոր ՏԱԽ-ի դրամաշնորհների միջոցով ոչ միայն մեկ համայնք է զարգանում, այլև զարգացումը շղթայական է։ Ստացվում է, որ մեկի արտադրանքը կարող է մյուսն օգտագործել, ինչպես նաև այս համագործակցությունը հանգեցնում է նրան, որ տաբեր արտադրողներ, գործարարներ, կրթօջախներ, համայնքներ, ՏԻՄ-եր կարող են համագործակցել LEADER-ի շրջանակում։ Այս դեպքում, հաստատ, արդյունավետությունն ավելի բարձր է ստացվում, քան, եթե իրենք իրարից անտեղյակ աշխատեին»։

Ըստ Մարի Թամազյանի՝ դպրոցի ջերմոցը, ջերմոցավարման խմբակում սովորողների ստացած գիտելիքները կարող են նպաստել, որ իրենց համայնքում զարգանա գյուղատնտեսությունը, քանի որ այժմ նկատվում է գյուղատնտեսների պակաս։ Մեր զրուցակցի կարծիքով՝ Գանձոր ՏԱԽ-ի առանձնահատկություններից մեկն էլ նա է, որ կապող օղակ է ոչ միայն հարակից համայնքների, այլև հարակից մարզերի միջև։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սույն հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հրատարակության բովանդակության բացառիկ պատասխանատվությունը կրում է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը և այն ոչ մի կերպ չի կարող արտահայտել Եվրոպական միության տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031