Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Փաշինյանին ասել եմ՝ դու արժանի չես գնդակահարության, սա բռնության կո՞չ է»․ Կարապետ Պողոսյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Մարտ 14,2024 18:10

Ինչպես տեղեկացրել ենք, գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել նրա ֆեյսբուքյան գրառումներից մեկի պատճառով։

Այսօր փաստաբանի հետ ներկայանալով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային բաժանմունք՝ Կարապետ Պողոսյանը պարզել է՝ այն կապված է իր մեկ տարի առաջ կատարած գրառման հետ, որը եղել է պատասխան է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին։

Aravot.am հետ զրույցում ընդդիմադիր գործիչը մանրամասնեց․ «Բոլորս էլ երևի հիշում ենք՝ Փաշինյանը բազում անգամներ ասել է, որ եթե մեղավոր է, թող իրեն պատի տակ գնդակահարեն։

Ինքն այդ մասին ևս մեկ անգամ խոսել էր մեկ տարի առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ես իմ գրառման մեջ նշել եմ՝ «Քեզ չեն գնդակահարելու, դու արժանի չես գնդակահարության»։ Եվ իմ խոսքում իրեն հիշեցրել եմ, թե ինչ է արել՝ սկսած 5 հազար տղաներից, որոնց տարան, ուղղակի սպանեցին, գերիներից, ում ուղղակի հանձնեցին և տանջեցին։

Խոսել եմ նաև անտուն մարդկանց մասին, այսինքն՝ այն ամենը, ինչ եկել է մեր գլխին, ես դրա մասին եմ խոսել և իմ ամբողջ գրառման ընթացքում շեշտել եմ, որ քեզ չի կարելի գնդակահարել։ Վերջում ավարտել եմ այն նախադասությամբ, որ «քեզ գնդակահարել չի կարելի, դու արժանի չես դրան»։ Եվ հիմա զավեշտն այն է, որ նորաթուխ դատախազը, որը վերջերս է եկել Շիրակի մարզ, քաղաքական վերլուծություն է արել, որը միանշանակ դատախազի իրավասություններից դուրս է։

Դատախազը չի կարող նման վերլուծություն անել, ինքը մեղադրանքում վկայակոչել էր հետպատերազմյան շրջանի Հայաստանի քաղաքական իրավիճակն ու հասարակության լարվածությունը։ Քաղաքական իրավիճակը վերլուծելու համար դատախազն ամենաքիչը պիտի թողներ իր մասնագիտությունը, պետք է պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվեր քաղաքագիտությամբ, օգտվեր տարատեսակ՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային զեկույցներից և առհասարակ տեղեկատվական բազմաթիվ աղբյուրներից։

Ինքը խոսում է հասարակության լարվածության մասին, շատ կարևոր է, որ դատախազը նշեր՝ հասարակության լարվածությունը ո՞րն է, որովհետև հասարակության հոգեվիճակը հասկանալու համար պետք են պրոֆեսիոնալ սոցիոլոգներ և սոցիոլոգիական հարցումներ, տարբեր վերլուծություններ, որոնք հասկանալի է, չէ՞, դատախազի իրավասություններից և առհասարակ իր մասնագիտությունից դուրս են։

Հետևաբար` այստեղ հերթական անգամ փորփրել են իմ հարցազրույցները, իմ ֆեյսբուքյան գրառումները, և չգտնելով ինչ-որ արարք, որով կկարողանային ինձ «պատժել», վերցրել են մեկ տարի առաջ իմ կողմից արված գրառումը, որն իսկապես զավեշտի է հասնում։

 

Եվ ես պնդում եմ, որ սա միանշանակ իմ գործունեության, քաղաքական ու քաղաքացիական ակտիվության հետ է կապված։ Կոնկրետ այդ գրառումն ամբողջովին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ազատ խոսքի դրույթներից ելնող գրառում է, իսկ դատախազի կողմից կազմված վերլուծությունը և ինձ ներկայացված մեղադրանքն ամբողջապես քաղաքական գնահատական է։

Այնտեղ բռնության կոչ չկա, ես գրել եմ․ «Նիկոլ Փաշինյան, հայտարարում եմ, որ քեզ չի կարելի գնդակահարել, դու դրան արժանի չես։ Երևի իրենք ուզում էին՝ ես հակառակն ասեի, թե քեզ կգնդակահարեն,դու դրան ես արժանի, բայց ոչ։ Ես հիմա էլ եմ պնդում, որ Նիկոլ Փաշինյանը գնդակահարության արժանի չէ»։

Կարապետ Պողոսյանից ստորագրություն են վերցրել երկրից չբացակայելու մասին։ Նա նշում է, որ իրենից մեկ տարվա ընթացքում արդեն 5-րդ անգամ են նման ստորագրություն վերցնում։

Մեր զրուցակիցը պնդում է, որ մեղադրանք առաջադրելուց առաջ իրեն պիտի լսեին, քանի որ խոսքը բռնության կոչ անելու մասին է, իսկ ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է, որ տվյալ կոչերի հետ կապված առաջնահերթ հարկավոր են փորձաքննություններ։

«Ես այնտեղ չտեսա որևէ փորձաքննական եզրակացություն՝ բացառությամբ դատախազի քաղաքական վերլուծության հանճարեղ մտքից։ Սա ընդամենը նորից խոսում է այն մասին, որ օդից կարված գործ է, ամբողջովին քաղաքական պատվեր է և այդ պատվերների ժամկետները պահելու համար, որպեսզի կարողանան իրենց վերադասներին զեկուցել, միանգամից մեղադրանք են առաջադրել։

Հեթական անգամ համոզվեցի, որ Հայաստանում ազատ խոսքը ոտնահարված է, ընդհանրապես սահմանադրական իրավունքը ոտնահարված է և, ցավոք սրտի, ՀՀ դատախազությունն ուղղակի զբաղված է քաղաքական հետապնդում իրականացնող անիմաստ քրեական գործեր կարելով՝ իրենց բուն գործառույթներն իրականացնելու փոխարեն»,- ասում է Կարապետ Պողոսյանը։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031