Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում Ֆեմիդայի՝ այդ սլացիկ կնոջ փոխարեն արդարադատության սիմվոլ է տձեւ տղամարդ, որի գլխին կեպի է, մի ձեռին բրդուճ է, մյուսին՝ չագուճ». Աշոտյանի զավեշտալի դատը

Մարտ 14,2024 18:25

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստի ժամանակ նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը դատավոր Վահե Դոլմազյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ ասելով, որ կողմնակալ է, անաչառ չէ ու արդար դատաքննության իրավունքը չի պահպանվի:

Աշոտյանը հայտարարեց. «Միամիտ չեմ՝ կարծելու, որ դուք այս ակնհայտ փաստերի ճնշման ներքո հանկարծ ձեր մեջ կգտնեք ուժ հրաժարվելու այն հանձնարարությունից, որ ստացել եք, այն է հնարավորինս ավարտին հասցնել այս խայտառակ, ձեր իշխանությունների կոկորդին մնացած գործը: Բայց հարցն այն չի, որ նմանատիպ դատական գործերը, որ իրականացվում են Մամիկոն Ասլանյանի եւ մյուսների նկատմամբ, վնաս են տալիս միայն այդ դահլիճում ազատազրկված մարդկանց: Տարբեր կազմակերպություններ, որոնք գնահատական են տալիս ժողովրդավարությանը, այդ թվում՝ դատական իշխանությանը, իրար վրա կարծիքներ են հրապարակել Հայաստանի մասին:

Օրինակ, Freedom House-ը տարեկան զեկույց է տալիս, որտեղ դատական իշխանությանն է գնահատել, այդ ցուցիչի վատթարացման մեջ մեծ ազդեցություն ունի այս գործը, որովհետեւ հանրային ուշադրության տիրույթում թոփ դատավարությունների մեջ է իմ դատավարությունը: Որքան վատ ու անարդար եք աշխատում դուք, այնքան վատ կարծիք է լինում Հայաստանի մասին: Միջազգային փորձագետները գրում են՝ դատարանները առնչվում են համակարգային քաղաքական ազդեցությանը եւ դատական ատյանները ախտահարված են կոռուպցիայով: Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից հօգուտ մեղադրական դատավճիռների: Առանձին կատոկած է ԲԴԽ-ն:

Իշխանությունները ընտրողաբար են ընդունում օրենքը: Պատշաճ դատավարությունը երաշխավորված չէ ո՛չ վարչական, ո՛չ քրեական գործերով: Խնդիր են մնում նախադատական երկար կալանավորումները: Ժամանակին, երբ Freedom House-ը լավ գնահատական էր տալիս, վարչապետը հելնում-դոշ էր ծեծում, թե ինձ «5» է դրել: Հիմա Freedom House-ը իրեն «2» է դրել նաեւ ձեր շնորհիվ»:

Hearings of Armen Ashotyan’s case took place

Դատավոր Դոլմազյանը արձագանքեց, թե՝ ուշադիր եղեք, հայտարարությունները հանցագործության մասին հաղորդում չպարունակեն, Աշոտյանը հակադարձեց. «Միջազգային կազմակերպությունը հայտարարում է, որ դատարանները կոռումպացված են, դրանից ավելի մեծ հանցագործությո՞ւն, դատի՞ եք ուզում տալ Freedom House-ին, խնդրեմ, էդ էլ ու պրծ»:

Աշոտյանը կատակներ արեց, որ Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, թե 7 կետով ժողովրդավարությամբ մեր «բիցեպսները» մեծացել են. «Պարզվեց, սմքել են, սիլիկոն էին, սմքել են ձեր շնորհիվ»:

Հետո Աշոտյանը բրիտանացիներից անցավ ԵՄ-ի զեկույցին, որտեղ դատական իշխանությանը տված գնահատականների մեջ արձանագրված է, որ ՀՀ-ում խնդիր է մնում դատարանների անկախությունն ու հաշվետվողականությունը, հանրային մեղադրողների անկախության բացակայությունը:

Հետո Աշոտյանն անդրադարձավ ԵԽԽՎ գնահատականներին՝ դատավորին ասելով. «Ինչ արել եք, այստեղ մարդիկ գրել են, ուղղակի անունը չեն գրել ու ձեր: Գրել են՝ լայնատարած կոռուպցիան, ցածր պրոֆեսիոնալիզմն ու քաղաքականացվածությունը ամենահաճախ կրկնվող քննադատություններից են ՀՀ-ում դատական իշխանության մասին»:

Աշոտյանի հեգնանքը հասավ այնտեղ, որ սկսեց նկարագրել Ֆեմիդայի արձանը. «Ֆեմիդան, գիտեք, արդարադատության աստվածուհին է, արձանը Հայաստանում շատերը իրենց մոտ պահում են, սլացիկ մարմնով կին է՝ աչքերը փակած, մի ձեռքին սուր է, մյուսին՝ կշեռք, օձն էլ ոտքի տակ, Հայաստանում Ֆեմիդայի փոխարեն արդարադատության սիմվոլ է դարձել այդ սլացիկ կնոջ փոխարեն տձեւ տղամարդ, որի գլխին կեպի է, մի ձեռին բրդուճ է, մյուսին՝ չագուճ: Հիմա Ֆեմիդայի փոխարեն մենք ունենք բրդուճաչագուճային արդարադատություն, որի մաս եք նաեւ դուք: Այդ կեպիի տակ գտնվող պայծառ գլխում ծնվում են տարբեր հիվանդագին մտքեր, իրավապահ համակարգին բրդուճ տալով՝ հանձնարարվում է մտքերը կյանքի կոչել»:

Դատավորը ընդհատեց՝ ասելով, որ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվում դատարանի նկատմամբ:

Դահլիճում մասնակիցները ծիծաղում էին, դատավորը նկատողություն արեց նաեւ նրանց՝ հորդորելով, որ եթե չեն կարողանում հույզերը զսպեն, դրսում լիաթոք ծիծաղեն. «Չեք եկել դիմակահանդեսի»:

Հիշեցնենք, որ Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Ըստ մեղադրանքի, նա եւ Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույքը հափշտակել են: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահն էր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031