Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեփանոս 6-րդ պապը նախորդ Փորմոսոս պապի դիակը հանել էր ու դատել էր». Աշոտյանի դատին հուշեցին դատավորին ինչ անել, երբ տուժող չկա

Մարտ 14,2024 17:44

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստի ժամանակ նախաքննական մարմի սխալների շտկում արեցին: Նախաքննությամբ 2 տուժող է ճանաչվել: Մեկի հետ կապված ճշգրտվեց օրինական ներկայացուցչի, լիազոր ներկայացուցչի ստեղծած խառնաշփոթը: Մյուս տուժողն էլ ճանաչվել էր Բժշկական համալսարանի հիմնադրամի «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը, որը լուծարվել է, գոյություն չունի, բայց տուժողի կարգավիճակը չեն հանում:

Հիշեցնենք, որ Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Ըստ մեղադրանքի, նա եւ Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույքը հափշտակել են: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահն էր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

Hearings of Armen Ashotyan’s case took place

Այն, որ տուժողի անունը կա, բայց ինքը չկա, պաշտպան Տիգրան Աթանեսյանը հեգնեց. «Տուժողի լինել-չլինելու հետ կապված լուծումը կա, 9-րդ դարում Հռոմում լուծումը տվել են, Ստեփանոս 6-րդ պապը նախորդ Փորմոսոս պապի դիակը հանել էր ու դատել էր: Հետո արգելել են մյուս պապերը դա: Այսպիսի լուծումներ էլ են եղել»:

Աշոտյանն ու Ռուբեն Մելիքյանը փռթկացին ծիծաղից, իսկ դատավոր Դոլմազյանն արձագանքեց. «Դուք որ արդարադատության նախարար դառնաք, նման օրենսդրական կարգավորումներ կմտցնեք»:

Հիշեցնենք, որ իսկապես Փորմոսոսը հետմահու դատապարտվել էր այսպես կոչված «դիակային սինոդում», որ կազմակերպել էր Ստեփանոս VI-ը՝ 897 թվականին:

Տիգրան Աթանեսյանը բացարկ հայտնեց դատավորին՝ ասելով, որ նրա գործողությունները կասկածի տակ են դնում դատավորի անաչառությունը սույն գործով: Ըստ միջնորդության, անձի հիմնարար իրավունքներից մեկը՝ արդար դատաքննության իրավունքը չի ապահովվի, քանի որ դատավորը չի համապատասխանում մի շարք չափանիշների, որոնցից են մասնագիտական պատրաստվածությունը, անաչառությունը, անկողմնակալությունը: Փաստաբանը մատնանշեց դատավորի սխալներն ու ասաց, որ երկու տարբերակ կա՝ կա՛մ տեղյակ չի իրավաբանական գիտության մոտեցումներից, կա՛մ դա արել է ստիպված՝ ինչ-որ մեկի ցուցումով:

Նա նշեց, թե ինչպես է դատավորն իրեն պահում Աշոտյանի ելույթների ժամանակ, երբ քաղաքական ղեկավարությանը որեւէ թթու խոսք է ասում. «Տվյալ դեպքում մենք գործ չունենք դատարանի հետ, գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031