«Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն անդրադարձավ Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչների ու փորձագետների հայտարարություններին՝ ուղղված Հայաստանին։
«Ես պատկերացնում եմ՝ ինչի է ունակ Ռուսաստանը, դրա վկայությունն է Արամ Սարգսյանի ավագ եղբոր ողբերգական ճակատագիրը։ Երեւի քիչ մարդ մնաց, որ կասկածում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը ռուսական հատուկ ծառայությունների հատուկ գործողություն էր։ Այո, Ռուսաստանն ունակ է շատ բաների, բայց եկեք դրանից սխալ եզրակացություններ չանենք։ Երբ մեզ ասում են՝ Ուկրաինայի ճակատագրին կարժանանաք, իսկ ի՞նչ, 2020 թվականը նույն ճակատագի՞րը չէր մեզ համար։ Մեզ էլի՞ ինչ-որ բան է պետք։ Հենց այդ պատճառով, որ Ռուսաստանն անվտանգային երաշխիքները սպառնալիքներով է մեզ առաջարկում, մենք պետք է հասկանանք, որ շատ պարզ՝ մենք չենք կարողանա միայնակ դիմակայել դրան։ Ոչ մի ֆիդայական, հերոսական ջանք չի կարող փրկել մեզ, եթե մենք մնանք մեկուսացված, ինչպես եղել ենք 2020 թվականին, 2023 թվականին։ Հենց դա է պատճառը, որ մենք օր առաջ, ժամ առաջ պետք է մտնենք ռազմաքաղաքական նոր դաշինքի մեջ, որը մեզ վաղուց առաջարկում է Եվրոպան»,- ասաց Խզմալյանը։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց․ «Ես չեմ պատկերացնում, թե Ռուսաստանն էլ ի՞նչ վատ բան պետք է անի, որը մինչեւ հիմա չի արել կամ Հայաստանից պահանջել, որը մինչեւ հիմա չի պահանջել։ Ռուսաստանը չի կարող մտնել ու անեքսիայի ենթարկել Հայաստանը, դրա համար ինչ-որ պատճառ է պետք։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին հրահրելուն, ինչն իրենք միշտ անում են, Ադրբեջանն էլ թվաբանություն անել գիտի, Ալիեւին էլ են եվրոպացիներն առաջարկություն անում, ինքը կշռում է՝ ում առաջարկությունն ինչ արժի։ Եվ այս առումով էլ, կարծում եմ, ռուսները չեն հաջողում, իրենց մնում է միայն տնտեսականը, տնտեսական առումով էլ իրենք լուրջ քայլերի չեն գնա, որովհետեւ մեր կարիքն ունեն։ Այսինքն՝ Ռուսաստանն այսօր միայն սպառնում է։ Իհարկե, Ռուսաստանն ամեն ինչի ընդունակ պետություն է, սրբություն չունեցող ինչ-որ սուբստանցիա է այսօրվա Ռուսաստանը, որը միջուկային զենքով է սպառնում, բայց Ռուսաստանը պարտված է ժամանակի մեջ։ Ես ափսոսում եմ ռուս ժողովրդին, որ այսպիսի իշխանություն ունի»,- նշեց Արամ Սարգսյանը։
«Հանուն Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Բաբաջանյանն ասաց, որ ռուսների ու ադրբեջանցիների հաշվարկով՝ հիմա Հայաստան չպետք է գոյություն ունենար։ «Գոնե 2020 թվականի պատերազմ պլանավորողները հաստատապես վստահ էին, որ շատ արագ պիտի տեղի ունենար Հայաստանի լիկվիդացիան, եւ Ռուսաստանն այդ պլանի պլանավորման մեջ էր եւ շարունակում է մնալ։ Եվ ես կասկած չունեմ, որ Հայաստանի վերաբերյալ այն հայտարարությունները, որոնք արվում են որոշ այսպես կոչված փորձագիտական շրջանակների, ռուս քաղաքագետների կողմից, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, կդառնա Արեւմտյան Ադրբեջան կամ հինգ տարի հետո Հայաստանը չի լինելու, այ սրանք են Ռուսաստանի պլանները։ Մենք ի՞նչ պիտի քննարկենք, մենք սուս ու փուս պիտի մեր ընտրած ուղին հռչակենք որպես ռազմավարական նպատակ ու այդ ճանապարհով գնանք»,- նշեց Բաբաջանյանը։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ Ադրբեջանը որպես բութ գործիք է ծառայում Ռուսաստանի ձեռքին՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար։ Եվ Հայաստանի համար ահռելի ջանքեր են պահանջվում՝ Ադրբեջանին զսպելու համար։ «Այդ 4 գյուղերն անհապաղ ազատելու գործընթացը եւս պատասխան է «Զվարթնոց» օդանավակայանի շուրջ ստեղծված գործընթացի։ Այստեղ կա ռուս-ադրբեջանական համաձայնեցված աշխատանք՝ Հայաստանին նեղը գցելու, Հայաստանի նկատմամբ սպառնալիքները մեծացնելու։ Հայաստանի խնդիրն է գործընկերների շրջանակը հնարավորինս ընդլայնել, եւ Եվրամիությունը մեզ տալիս է ահռելի հնարավորություն՝ ավելի դիմակայուն դառնալ, ավելացնել դիմադրողականությունը»,- հավելեց Բաբաջանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ