«Մեզ համար կարեւոր է այս վարույթի օրինականությունը, դա մեզ համար արժեք է»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստի ժամանակ հայտարարեց նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Ըստ մեղադրանքի, նա եւ Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույքը հափշտակել են: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահն էր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Նախաքննությամբ 2 տուժող է ճանաչվել: Մեկի հետ կապված դատարանում քննարկվեց կարգավիճակը, որովհետեւ առանց տուժողի օրինական ներկայացուցչի, ըստ Մելիքյանի, չեն կարող լիազոր ներկայացուցիչ ունենալ, իրավական վեճ էր առաջացել: Մյուս տուժողն էլ ճանաչվել էր «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը, որը լուծարվել է, գոյություն չունի: Դատավոր Դոմլազյանն ասաց, որ եթե այդ իրավաբանական անձը գոյություն չունի, չի կարող ունենալ նաեւ ղեկավար, որը կարող էր ճանաչվել տուժողի օրինական ներկայացուցիչ:
Աշոտյանը հայտարարեց. «Առաջին հայացքից կարող է սա թվալ ձանձրալի իրավաբանական վեճ, բայց իրականում բացահայտվում է, որ նախաքննության փուլում գործի հարուցման պահից մինչեւ իմ ձերբակալությունը եւ դրանից հետո գործը պարզապես ափալ-թափալ սարքվել է: Նախաքննությունով 2 տուժող են բերել, երկուսն էլ կիսատ-պռատ փաստորեն: Մեկի հետ կապված նոր շտկեցին կարգավիճակը, քննիչը մարդուն ճանաչել է օրինական ներկայացուցիչ, դուք շտկեցիք նախաքննական մարմնի սխալը, թքած-կպցրած, կիսատ-պռատ սարքել են: Երկրորդ տուժողը՝ կազմակերպությունը չկա, օրինական ներկայացուցիչը չկա, լիազորը չկա, բայց տուժողը կա, էդ ո՞նց է լինում: Մարդու սիրտը չկա, ուղեղը չկա, լյարդը չկա, մնացած ամեն ինչը չկա, բայց մարդը կա՞: Որովհետեւ չեք ուզում վերացնեք տուժողի կարգավիճակը այդ կազմակերպության, որովհետեւ այդ դեպքում ինձ մեղսագրվող արարքների 90 տոկոսը հօդս է ցնդում: Եթե կա տուժող, պետք է ունենա լիազորություններ, բայց ոչ մի բան չկա, տուժողը կա, էդ ի՞նչ լոբաչեւսկական երկրաչափություն է տարածական: Դուք չեք կարող ճանաչել տուժող ու այդ տուժողն այստեղ ներկայացված չլինի: Կամ սինթեզեք մեկին, բերեք այստեղ նստացրեք կամ վերացրեք այդ կազմակերպության վրայից նախաքննության փուլում քաղաքական պատվերի շրջանակներում տուժող կպցրած բրենդը ու վերանայեք մեղադրանքները»:
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմը գտնում էր, որ առանց տուժողի օրինական ներկայացուցչի եւ լիազոր ներկայացուցչի դատական նիստերը շարունակելը որեւէ կերպ իրավաչափ չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ