Լրահոս
Օրվա լրահոսը

«2020 թվականից Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը Փաշինյանից պահանջում են Մեղրիի միջանցք, եթե տվող լիներ, մինչեւ հիմա տված կլիներ»

Մարտ 14,2024 17:15

«Եթե չենք գնում եվրոպական ճանապարհով, ի՞նչ է մեզ առաջարկում Ռուսաստանը։ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, եւ Ռուսաստանը անկլավների մասին դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում անկլավների մասին կետեր էր գրել, որոնք մեծ դժվարությամբ կարողացել է հաղթահարել այն ժամանակված պաշտպանության նախարար Տոնոյանը՝ բանակցելով ՌԴ պաշտպանության նախարար Շոյգույի հետ։ Բայց դրանից հետո, միեւնույն է, Ռուսաստանն ասում է՝ այդ թեման կա, հետեւաբար, Ռուսաստանի հետ լինելով՝ Հայաստանի ամբողջ սահմաններով ապրելու են ռուս խաղաղապահները, «Զվարթնոցում» լինելու են ռուս սահմանապահները, Հայաստանի սահմանին Թուրքիան ու Ադրբեջանը Նախիջեւանից դեպի Ադրբեջան են գնալու ռուս սահմանապահների վերահսկողությամբ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը դե ֆակտո գոյություն չունեցող պետություն է»,- այսօր «Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ չկա ավելի մեծ ռիսկ, քան սեփական պետականությունը կորցնելը։ «Նորից պիտի ցիտեմ եղբորս՝ ինքն ասում էր՝ տարածքներ կարելի է կորցնել, պատմությունը ցույց տվեց, որ տարածքներ կարելի է նաեւ գրավել, անկախությունն է, որ որեւէ պարագայում կորցնել չի կարելի։ Հենց կորցրեցիր, դրա հետ բերելը գրեթե անհնար է դառնում։ Քրդստանը ձեզ օրինակ, 60 միլիոնից ավելի քրդեր են աշխարհով մեկ ու չեն կարողանում պետականություն ունենալ։ Մենք աչքի լույսի նման պիտի պաշտպանենք մեր անկախությունը, ամեն ինչ պիտի անենք, որ չհայտնվենք Բելառուսի կամ Թաթարստանի կարգավիճակում»,- ասաց նա։

Արամ Սարգսյանը նաեւ նշեց, որ 2020 թվականից Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը ՀՀ իշխանություններից, մասնավորապես, Փաշինյանից պահանջում են Մեղրիի միջանցք։ «Եթե Փաշինյանը տվող լիներ, մինչեւ հիմա տված կլիներ։ Տվողներն ովքե՞ր են, ակնհայտ երեւում է, նախկին նախագահներն իրենց տեսակետն ասել են այդ միջանցքը տալու, չտալու, այդ միջանցքով խնդիրներ լուծելու առումով։ Փաշինյանն ասել է՝ ոչ, դա ինձ համար կարմիր գիծ է, հետեւաբար, ես այդտեղ հետդարձի ճանապարհ չեմ տեսնում, չունի Փաշինյանն այդ հետդարձի ճանապարհը։ Իսկ եթե ինքը հետդարձ անի, անցած տարի մենք թուղթ ենք ստորագրել, եթե ինքն այս ճանապարհից հետդարձ է անում, մենք դառնում ենք իր ամենաուժեղ քննադատը։ Այո, փողոց էլ դուրս կգանք, դրոշներ էլ կհանենք, ճամփա փակելն էլ ինքը սովորեցրել է, կփորձենք դա էլ անել»,- հավելեց Արամ Սարգսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031