Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոսկեպարում, Բաղանիսում եւ Կիրանցի կամրջի վրա տեղակայվելու են «Յաշմա» եւ «Կոմանդո» ջոկատները․ Գառնիկ Դանիելյան

Մարտ 14,2024 17:07

Տավուշի մարզում չորս գյուղերի հնարավոր հանձնման գործընթացը, ինչի մասին ՀՀ իշխանությունը սկսել է հրապարակային խոսել, ըստ ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, որն օրերս է վերադարձել Տավուշի մարզից, կարող է հանգեցնել հետեւյալ խնդիրներին․ նախ՝ 1990-ականներին ձեւավորված պաշտպանական գիծը կկազմաքանդվի։

«ՀՀ հյուսիս-արեւելյան հատվածում, 30 տարուց ավել, այդ պաշտպանական գիծը պահել է սահմանը՝ թույլ չտալով թշնամու որեւէ առաջխաղացում։ Այդ ամբողջ պաշտպանական գիծը հայտնվելու է թշնամու թիկունքում»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր ասաց Գառնիկ Դանիելյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց․ «ՌԴ-ից եկող եւ Հայաստան մտնող գազամուղն անցնում է այդ տարածքով։ Այսինքն, այս պարագայում ևս, Ադրբեջանը Հայաստանի էներգետիկ ռեսուրսների վրա վերահսկողություն է սահմանելու։ Ճանապարհի հինգ հատվածում տեղակայվելու են ադրբեջանական հատուկ նշանակության՝ «Յաշմա» եւ «Կոմանդո» ջոկատները․ դրանք հայտնվելու են Ոսկեպարում, Բաղանիսում եւ Կիրանցի կամրջի վրա՝ վերահսկելով Հայաստանից-Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Մանկապարտեզներից, դպրոցներից, պետական հաստատություններից 50 մետր հեռավորության վրա՝ տեղակայվելու են Ադրբեջանի ռազմական բազաները՝ անտանելի դարձնելով տեղի բնակչության կյանքը։ Լոռու մարզը դառնալու է սահմանապահ, որովհետեւ այդ տարածքներից մի քանի հարյուր մետր այն կողմ՝ սկսվում են Տավուշի մարզի անտառները»։

Ըստ բանախոսի, այդ գյուղերի հանձնման պարագայում, Տավուշի մարզն է դառնալու մի յուրահատուկ անկլավ։ Հաջորդիվ էլ Ադրբեջանը փորձելու է ստանալ Տավուշի մարզի մյուս գյուղախումբը եւ Տիգրանաշենը՝ երկու կողմից աքցանի մեջ առնելով Հայաստանը։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանն ԻԻՀ-ին կապող մայրուղին էլ անցնում է Տիգրանաշենով։

Ընդհանուր առմամբ, Գառնիկ Դանիելյանի բնութագրմամբ, իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարացնել Ադրբեջանի պահանջները։ Դրանով է ընդդիմադիր պատգամավորը բացատրում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ այդ գյուղերը ՀՀ տարածքում չեն գտնվում։ Նաեւ այն, որ Փաշինյանը չխոսեց Արցախում ադրբեջանական էթնիկ զտումների, բռնի տեղահանված արցախահայերի, Սյունիքում ադրբեջանական առաջխաղացումների եւ մնացյալ օրախնդիր հարցերի մասին։

«Այս իշխանությունները պատրաստ չեն պաշտպանելու ՀՀ շահերը, հայ ազգի շահերը»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանին հանձնվելիք Ներքին Ոսկեպարի հատվածում, 9-10 դարերի եկեղեցի է վեր խոյանում, այդտեղ ամեն մի քար ու թուփ հիշեցնում է հայկական պատկանելության մասին, ուստի աբսուրդ է ասել, թե այդ տարածքը Հայաստանին չի պատկանել։ Նա նույնպես հիշեցնում է, որ Հայաստանը խորհրդայնացվել է 31 հազար կիլոմետր քառակուսի տարածքով եւ 1926 թվականի քարտեզները դրա վկայությունն են ու եթե խոսում ենք բռնազավթման մասին, ապա խոսք պետք է գնա Ադրբեջանի կողմից հայկական տարածքների բռնազավթման մասին, որոնք պետք է վերադարձվեն։

Ընդդիմադիր պատգամավորի բնութագրմամբ, այս իշխանության նման քաղաքականությունը սկիզբն է ՀՀ-ի կազմաքանդման եւ սահմանազատման-սահմանագծման գործընթացի անվան տակ՝ թշնամու՝ մինչեւ Երեւան հասնելու։ Եթե այս իշխանությունը շարունակի մնալ իշխանության ղեկին, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, նրա համոզմամբ, Երեւանում էլ կավարտվի։

Օրերս լինելով Տավուշի մարզում, պատգամավորը վստահեցնում է, որ մարդիկ պատրաստ են դիմադրության, քանի որ հակառակ դեպքում, Տավուշի մարզը ևս հայաթափվելու է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031