Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելն անհամեմատ ավելի ծանր ու բարդ է լինելու Ադրբեջանի ու Ռուսաստանի համար»․ Արամ Սարգսյան

Մարտ 14,2024 16:52

«Մենք գտնում ենք, որ Եվրամիության անդամության հեռանկարը համազգային, համաժողովրդական նպատակ եւ ռազմավարություն է, որից պետք է բխեն եւ ածանցվեն մեր բոլոր այլ նպատակներն ու օրակարգերը»,- այս մասին «Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

«Վստահ ենք, որ այս նպատակի շուրջ մեր համաժողովրդական համախմբումը թույլ կտա հաղթահարել առկա մարտահրավերները, սպառնալիքները եւ այն բոլոր հիմնախնդիրները, որոնք մեր առջեւ կան այսօր»,- ասաց Բաբաջանյանը։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ իր խոսքը սկսեց շնորհավորանքով․ «Ես շնորհավորում եմ հայ ժողովրդին, կարծում եմ, որ մենք պատմական օրեր ենք ապրում, կարելի է հստակ ասել, որ 200-ամյա ռուսական լուծն այս օրերին ընկնում է հայ ժողովրդի վզից»։

Խզմալյանն անդրադարձավ Եվրախորհրդարանի կողմից ընդունված «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևին ։
«Այն, ինչ կատարվեց ժամեր առաջ Եվրոպական խորհրդարանում, աննախադեպ է։ Մեր առջեւ բացվել են դռները, թեեւ մենք դեռեւս չենք էլ թակել այդ դուռը։ Մենք պետք է գնահատենք այս վստահությունը եւ առաջարկը։ Եվրախորհրդարանի առաջին իսկ տողերում եւ առաջին իսկ կետում նշված է Արցախի եւ արցախահայության հարցը՝ որպես մարդկային իրավունքների, ազգի իրավունքի խնդիր։ Եվ սա պատասխան է նրանց, ովքեր մեր երկրում եւ դրսում փորձում են ներկայացնել Արցախը որպես գին ժողովրդավարության դիմաց։ Մենք երբեք չենք ընդունի նման հարցադրում եւ երբեք չենք հաշտվի այդպիսի նենգ եւ ստոր հակադրությանը։ Բանաձեւի տեքստում ուղիղ նշված է Ռուսաստանը՝ որպես Հայաստանի գլխավոր թշնամին եւ խոչընդոտ տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ճանապարհին»,- ասաց Խզմալյանը։

Նա կրկնեց իրենց առաջարկը՝ անցկացնել յուրահատուկ խորհրդակցական հանրաքվե, որը պայմանական կարելի է անվանել եվրոքվե։ Ըստ Խզմալյանի՝ եթե դա չի անում կառավարությունը, կարող են անել իրենք՝ քաղաքական ուժերը, ստանալու քաղաքացիների համաձայնությունը՝ «քայլելու այս միակ ճանապարհով, որը բերելու է մեզ տուն՝ դեպի եվրոպական քաղաքակրթություն»։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ սա այն եզակի ելքերից է, որը կարող է Հայաստանի Հանրապետությանը՝ որպես պետություն, դուրս բերել այն իրավիճակներից, որում գտնվում ենք 2020 թվականից։

«Մենք դեռ անցած տարի փետրվարին ստորագրել էինք մի փաստաթուղթ, որտեղ ասում էինք, որ եթե ՀՀ իշխանությունները գնան դեպի Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհով, մենք միանշանակ կաջակցենք իրենց։ Իսկ եթե չգնան, մենք կլինենք ամենախիստ քննադատը։ Բարեբախտաբար որոշակի հույսեր է առաջանում, որ մենք պիտի աջակցենք, ոչ թե քննադատենք։ Հուսանք, որ գործընթացները հենց այդ ուղղությամբ կգնան։ Եվրախորհրդարանի այս որոշումը կարեւոր է, քանի որ ես գտնում եմ, որ անվտանգային խնդիրները տարածաշրջանում միանշանակ սրվել էին, առավել եւս վերջին օրերին։ Եվ սա նաեւ անվտանգային տվյալ խնդիրի լուծման բանալիներից մեկն էր, ինչը Եվրոպան կազմակերպեց»,- ասաց Սարգսյանը։ Միաժամանակ նա նշեց, որ յուրաքանչյուր պետության թիվ մեկ երաշխիքը բանակն է, եւ պետք է բանակ-պետություն հասկացությունը գերկարեւորենք։

«Բայց այսօրվա ռազմաքաղաքական բալանսի պարագայում գերկարեւոր է դառնում մեզ համար արտաքին քաղաքական աջակցությունը։ Մենք գտնում ենք, որ դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելն անհամեմատ ավելի ծանր ու բարդ է լինելու Ադրբեջանի ու Ռուսաստանի համար, որովհետեւ հակառակ պարագայում իրենք ասում են, որ հարձակվում են այն Հայաստանի վրա, որն 1990-ական թվականներին իրենցից տարածք է խլել։ Իսկ հիմա իրենք հարձակվելու են այն Հայաստանի վրա, որը դեպի Եվրոպա է գնում։ Եվ իրենք այդ առումով հարձակվելու էն քաղաքակիրթ աշխարհի վրա։ Եվրոպան ճանաչում է Հայաստանի սահմանները, եվրոպական դիտորդներն այստեղ խաղաղության լուրջ հնարավորություն տվեցին, եւ սահմաններին լուրջ ընդհարումներ չեղան, իսկ մեր ռազմավարական գործընկերն այդպես էլ չճանաչեց մեր սահմանները»,- հավելեց Արամ Սարգսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031