Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյանն արձագանքում է Արսեն Թորոսյանին․ «Մեր բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել, ասել՝ հաջորդ դարերում կլինեն ավելի պատրասված հասարակություններ, տեխնիկաներ, եւ ոչինչ չանել»

Մարտ 14,2024 16:19

Խնդիրը օր-օրի ավելի կարգավորվում է այն առումով, որ թե էլեկտրոնային դեղատոմս դուրս գրողները, թե բուժառուները սովորում եւ ընտելանում են համակարգին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսի համակարգի դժգոհություններին։

Նա ասաց, որ արդեն 90 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել․ «Ցանկացած համակարգ ներդնելիս որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր օղակները սկսեն համահունչ աշխատել»։

Նա վստահեցրեց, որ մի քանի օրից համակարգն ավելի լավ կաշխատի։

Առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը էլեկտրոնային դեղատոմսի համակարգի մասին հայտարարել է․ «Այս համակարգի ներդրումը կրկին իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու: ․․․Խնդիրները կա՛մ պետք է շատ արագ հասցեագրվեն, կա՛մ համակարգի գործարկումը կրկին պետք է հետաձգել»:

Արձագանքելով Թորոսյանին, Ավանեսյանն ասաց․ «Կարծում եմ, որ մեր բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել, ասել՝ հաջորդ դարերում կլինեն ավելի պատրասված հասարակություններ, տեխնիկաներ, եւ ոչինչ չանել։ Մեր մոտեցումն է, որ մենք մեր բոլոր նախանշած բարեփոխումները պետք է հստակ ժամկետներով իրականացնենք, եւ ցանկացած խնդիր, որ պրակտիկ կյանքում առաջ է գալիս՝ լուծելով առաջ գնանք, համակարգը պատրաստ է, բժիշկները պատրաստ են»:

Նախարարն ասաց, որ ինքը ոլորտի վերաբերյալ բոլոր գրառումներին, քննադատություններին ծանոթանում է․ «Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր գործընկերները՝ քննադատները, բարձրաձայնեն բոլոր խնդիրները, եւ մենք տեղեկացված լինենք դրանց մասին»։

Ավանեսյանն ասաց, որ հիվանդի պատմության կամ դեղատոմսի թղթային տարբերակն է, որ նպաստում է անձի հիվանդության պատմության արտահոսքին․ «Երբ ամբուլատոր քարտերը կամ պատմագրերը թղթային տարբերակով գտնվում են կենտրոնում, դրանց նկատմամբ հասանելիությունը շատ ավելի դժվար է վերահսկել, քան էլեկտրոնային դաշտում։ Այս բարեփոխումներն ուղղված ե , որ բժշկական գաղտնիքի արտահոսքերը հնարավորինս կանխվեն, իսկ եթե նման դեպքեր լինեն, ապա հետագծելի լինի, թե ով է այդ արտահոսքը թույլ տվել ու պատասխանատվություն կրի»։

Հարցին՝ ի՞նչ անի քաղաքացին, որը այդ պահին խեղդվում է ալերգիայից ու էլեկտրոնային դեղատոմս իր համար հասանելի չէ, Ավանեսյանը պատասխանեց․ «Բոլոր իրավիճակների հետ կապված աշխարհի բազում երկրներ այս նույն համակարգով աշխատում են եւ որեւէ մեկը խնդիր չի ունենում ո՛չ ալերգիաների, ո՛չ այլ պարագաներում։ Մեր կողմից տրված լուծումները այս բոլոր դեպքերը ներառում են։ Մենք ունենալու ենք առողջական ելքերի բարելավում, անհարկի դեղօգտագործումից խուսափում»։

Մարտի 1–ից 470 անուն դեղ դուրս է գրվում էլեկտրոնային դեղատոմսերով, որից 375–ը անվճար եւ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերն են։ Ընդհանուր առմամբ՝ 3370 գրանցված դեղանվանում կա, որից 2566-ը 2025 թվականի հունվարի 1-ից պետք է դուրս գրվեն էլեկտրոնային եղանակով։ Մնացած դեղերն առանց դեղատոմսի վաճառվող դեղերն են։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031