Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Սարգսյանն իրեն վերագրվող հանցավոր արարքներից որեւէ մեկը չի կատարել». փաստաբան

Մարտ 14,2024 15:56

Դատարանն այսօր քննել է դաշնակցական Գագիկ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց 2 ամսով կալանքն ընտրելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունն ու հեռացել խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Այս մասին Aravot.am-ին ասաց Գագիկ Սարգսյանի պաշտպան Վահե Եփրիկյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ հատուկջոկատայինների մասնակցությամբ խուզարկություն էր եղել Սարգսյանի տանը, ինչից հետո Սարգսյանին ձերբակալել էին:

Գագիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության փորձի համար:

«Նախաքննական գաղտնիքի բովանդակությունը չխախտելով՝ նշեմ, որ Գագիկ Սարգսյանն իրեն վերագրվող հանցավոր արարքներից որեւէ մեկը չի կատարել, վերջինիս նկատմամբ առաջադրված մեղադրանքն ապօրինի է, այն մեզ համար նաեւ անհասկանալի է»,- «Առավոտին» ասաց փաստաբանը:

Փաստաբանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչ է պատմում Գագիկ Սարգսյանը, եթե չի ընդունում իրեն վերագրվող ահաբեկչության փորձը, ի՞նչ գործողություններ է արել խմբի կազմում, ճանաչո՞ւմ է մյուս մասնակիցներին, ի պատասխան ասաց. «Ձեր հարցը վերաբերում է ընդհանուր քրեական վարույթին, թեեւ որոշակի տեղեկությունների տիրապետում եմ, քանի որ կալանքի միջնորդությանը կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ երեւում է այդ ամենը, բայց չեմ կարող հստակ որեւէ տեղեկություն հայտնել, որովհետեւ նախաքննություն է իրականացվում: Ինչ վերաբերում է իմ պաշտպանյալին, մենք կալանավորման միջնորդության դեմ առարկել ենք, խնդրել ենք դատարանին այն ամբողջությամբ մերժել, ոչ թե այն իմաստով, որ կալանքի հիմքերն են բացակայում, բացակայում է նաեւ հիմնավոր կասկածը: Ըստ պաշտպանական կողմի՝ քննիչին այդպես էլ չի հաջողվել կալանքի միջնորդությամբ եւ դրան կից ներկայացված փաստական տվյալներով հիմնավորել, որ Գագիկ Սարգսյանը առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքին… չեմ ասում, որ իրավական գործընթաց այս քրեական վարույթով չկա կամ քրեական վարույթը շինծու է, գուցե պետք է իրականացնել քննություն, պարզել տեղի ունեցածի ողջ իրականությունը, բոլոր հանգամանքները, բայց իմ պաշտպանյալի մասով միայն կարող եմ խոսել, այդ առումով արդեն ամեն ինչ ասացի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031