Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևորագույն ազդակ է». «Ազատ դեմոկրատներ»-ը ողջունում է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը

Մարտ 14,2024 15:52

Եվրոպական խորհրդարանի կողմից երեկ ընդունված «ԵՄ և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը կարևորագույն ազդակ է Հայաստանի Հանրապետության համար տարածաշրջանային ներկայիս մարտահրավերների պայմաններում և լուրջ հնարավորություն Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքական, անվտանգային և տնտեսական ճնշումների և շրջափակման պայմաններում:

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը: Վստահ ենք, որ թե՛ անվտանգության, և թե՛ տնտեսական զարգացման առումով առավել արդյունավետ ուղղություն, քան ԵՄ ինտեգրումն է, Հայաստանի համար որևիցե այլ ուղղություն չի կարող ապահովել: Ավելին, ցավով ենք նշում, որ այս ժամանակահատվածը կորսված ժամանակահատված էր մեր պետության համար, քանզի ժամանակին տվյալ ուղղությամբ ճիշտ քայլեր ձեռնարկելու դեպքում և Ասոցացման պայմանագրի ստորագրման պարագայում վստահ ենք, որ հնարավոր կլիներ խուսափել Արցախի Հանրապետության այս ցավալի ճակատագրից:

Միևնույն ժամանակ, վստահ ենք, որ Արցախի մեր հայրենակիցների հիմնարար իրավունքները պաշտպանելու և իրացնելու ավելի գործուն հարթակ, քան ԵՄ և ՄԱԿ կառույցներն են, գոյություն չունեն: Դա են վկայում նաև այս ընթացքում ընդունված մի շարք բանաձևեր և հայտարարություններ, որոնցում հստակ շեշտվում է արցախահայության հիմնարար իրավունքների հարգման, վերջիններիս՝ սեփական հայրենիքում ապրելու իրավունքի անհապաղ իրացման կարևորությունը:

Երեկ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում էլ հստակ շեշտվում է, արցախահայության հիմնարար իրավունքների իրացման պահանջը և կոչ է անում Ադրբեջանին ապահովելու նրանց հիմնարար իրավունքների հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ միջազգային ներկայության ներքո իրենց տները արժանապատիվ և ապահով կերպով վերադառնալու և այնտեղ ապրելու նրանց իրավունքը:

Բանաձևում հստակ նշվում է նաև, որ ԼՂ նախկին ղեկավարներին պահելով գերության մեջ և նրանցից հարցազրույցներ վերցնելով Ադրբեջանը հստակ խախտում է 1929 թվականի Ժնևի կոնվենցիաները:

Կարևորում ենք նաև, որ Բանաձևում Եվրոպական խորհրդարանը դատապարտում է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածք ադրբեջանական ռազմական ներխուժումը և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան և վերահաստատում Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու իր պահանջը, նշելով, որ ադրբեջանական բանակը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 170 քառակուսի կիլոմետրը:

Ավելին՝ նախազգուշացնում է Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ ցանկացած պոտենցիալ ռազմական արկածախնդրության վերաբերյալ, ընդգծում, որ Նախիջևանի էքսկլավի հետ Ադրբեջանի կապի խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով:

Նկատենք, որ ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի կողմից մինչ օրս որևիցե հստակ դիրքորոշում՝ նույնիսկ հայտարարությունների մակարդակով, չի հնչել ՀՀ տարածքային ամբողջականության խախտումների, մեր գնահատմամբ՝ Արցախում իրականացված ցեղասպանության վերաբերյալ, այն դեպքում, երբ թե՛ ՌԴ և թե՛ ՀԱՊԿ Հայաստանի նկատմամբ հստակ պայմանագրային պարտավորություններ ունեն:

Ազատ Դեմոկրատներ կուսակցության գնահատմամբ, այսօրվա աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակում անթույլատրելի է երերացող արտաքին քաղաքականություն վարելը: Հայաստանի Հանրապետությունը պետք է ընտրի ԵՄ ինտեգրման ճանապարհը, քանզի դա բխում է բացառապես ՀՀ պետական շահից և ՀՀ ազգային և անվտանգային շահերի ապահովման կարևորությունից, և անթույլատրելի է որոշ կենտրոնների կողմից դա դիտարկել որպես հակադրություն որևէ երկրի շահերի:

Այս համատեքստում ավելորդ չենք համարում նշել նաև, որ անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հատվածական իրականացումը, քանզի այն պետք է իրականացվի ամբողջական՝ բոլոր սկզբունքների հստակեցմամբ և ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումից հետո:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031