Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ռեսուրս չունենք, եթե ռուսները գնացին, մենք խնդիրներ ենք ունենալու»․ գեներալ-մայորը՝ ռուս սահմանապահների՝ հայ-թուրքական սահմանից դուրս գալու մասին

Մարտ 14,2024 15:44

«Եթե ռեալ նայենք, «Զվարթնոցում» 3-4 սահմանապահներ են ծառայում, գործում են ՀՀ օրենսդրության սահմաններում և ենթարկվում են մեր սահմանապահների ղեկավարությանը, և առանց նրանց որոշման՝ ոչ մի գործողություն թույլ չեն տալիս իրենց»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։

Ըստ նրա՝ եթե 10-20 տարի առաջ այդ հարցն արծարծվեր, նման արձագանք չէր լինի ոչ ՀՀ-ում, ոչ ՌԴ-ում, ոչ էլ կխոսեին այդ մասին։ Գեներալ-մայորը նշեց, որ իր խնդրանքով են ռուսները դուրս եկել Գյումրիի օդանավակայանից, սակայն դրա մասին չի էլ խոսվել։

Հղում կատարելով ՌԴ-ի հետ ՀՀ-ի պայմանագրին՝ Լևոն Ստեփանյանն ասաց՝ ստորագրվել է 1992-ի սեպտեմբերին և թույլ է տալիս, եթե ՀՀ-ն պատրաստ լինի, սահմանի ցանկացած հատված կարող է վերցնել իր պահպանության ներքո․ «Իսկ ինչո՞ւ մենք այդ հատվածը չենք սկսում ցամաքային հատվածից՝ Իրանի հատվածից, կամ Թուրքիայի հատվածից, այլ սկսում ենք «Զվարթնոցից»։ Սա ասում է նրա մասին, որ այդ հարցը քաղաքականացված է։ Ինձ համար պարզ է, միգուցե պարզ եղավ ժողովրդին։ Հասկանում եք՝ մեզ համար վտանգը որտեղի՞ց է, «Զվարթնոցի՞ց», թե՝ պետական սահմանից՝ հատկապես Թուրքիայի հետ սահմանից, որտեղ ռուսները կանգնած են։ Իսկ մեր ղեկավարությանը հետաքրքրո՞ւմ է՝ ինչ է կատարվում Թուրքիայի սահմանին, այդ սահմանը մինչև այսօր կարգավորված չէ։ Պարզ է, որ կարգավորելն ուրիշ խնդիրների հետ է կապված, ուրիշ թեմա է, բայց չէ՞ որ այնտեղ կան խնդիրներ։ Խնդիրներ եղել են ընդհանրապես սահմանապահների հետ կապված։ Այսօր այնպես են խոսում, տրամադրում ամբողջ ժողովրդին ռուս ժողովրդի դեմ՝ սկսած «Զվարթնոցից» և այլն։ Ագրեսիվ արձագանք լսում ենք ՌԴ-ի կողմից, քանի որ հասկանում են, թե ինչ է կատարվում»։

Լևոն Ստեփանյանը պատմեց՝ ԽՍՀՄ-ի փլուզման պահից՝ 1991-92-ին՝ մինչև իր նշանակումն այդ հատվածում խայտառակություն էր հայ-թուրքական սահմանին․ «Գողանում էին ամեն ինչ․ սահմանապահները վաճառում էին սահմանը, թույլ էին տալիս՝ ում, երբ ասես մտնեն սահման, ձուկ բռնեն, որս անեն և այլն, անասուն սկսեցին տեղափոխել Թուրքիա։ Մեկ կովը 700 դոլար էր, ավելին՝ սկսեցին մեր աղջիկներին վաճառել թուրքերին։ Մինչև հիմա կան վկաներ։ Հենց պատճառը դա եղավ, որ ես, լինելով ՀՀ զինկոմիսար, խնդրեցի Լևոն Տեր-Պետրոսյանին ինձ նշանակել սահմանապահ զորքերի հրամանատար, որ ՀՀ-ն ունենա պրոֆեսիոնալ սահմանապահ զորքեր։ Առաջին որոշումներից մեկը եղավ այն, որ նրանց թիկունքում հայկական հետախուզական օպերատիվ խմբեր տեղադրեցինք։ Դուրս եկանք ոչ միայն շարքային զինվորների վրա, այլ ավելի բարձր պաշտոնյա ղեկավարների վրա, որոնք զբաղվում էին այդ գործողություններով՝ ոնց ասում էին՝ խայտառակում էին ռեսպուբլիկան»։

«Զվարթնոցում» ռուս սահմանապահների տեղակայման նախապատմության մասին Լևոն Ստեփանյանն ասաց․ «1992-ին «Զվարթնոցի» անձնակազմն ամեն ինչով դուրս էր եկել, թռիչքները չէին վերահսկում։ Ինձ զանգահարեցին՝ ի՞նչ անենք։ Ես խնդրել էի Մոսկվային, որ վերադարձնի սահմանապահներին, որ թռիչքները վերահսկեն։ Ու վերադարձրին, և սկսեցինք համատեղ գործել։ Դրանից հետո ռուսների օգնությամբ սկսեցինք կայացնել ՀՀ-ի սահմանապահ զորքերը, կայունացրեցինք իրավիճակը հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։ Այն ժամանակ համաձայն պայմանագրի՝ սահմանապահ զորքերը ՀՀ-ի տարածքում համատեղ էին 50/50 տոկոսով»։

Հարցին՝ ՀՀ-ն պատրաստ կլինի՞ վերցնել սահմանապահ ծառայությունն ամբողջությամբ՝ նաև հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ի ռազմական որևէ բուհում այսօր սահմանապահներ չեն պատրաստում, Լևոն Ստեփանյանը պատասխանեց․ «ՀՀ սահմանի ընդհանուր շառավիղը 1571 կմ է, դրանից 84 տոկոսն ընկնում է Ադրբեջանի ու Թուրքիայի վրա։ Իհարկե, մենք պետք է սահմանները պահենք, կադրեր են պետք։ Մենք ուշացնում ենք․ մինչև հիմա մեր կադրերը պատրաստվում էին ռուս սահմանապահ զորքերի բուհերում, իմ օրոք մի քանի հոգի պատրաստեցինք Ուկրաինայում։ Քանակը մեզ չէր բավարում, յոլա էինք գնում։ Հիմա շատ մեծ ուշացումով ԱԱԾ-ն սկսել է պատրաստել սահմանապահ զորքերի սպաներ։ Անցյալ տարի սեպտեմբերի 1-ից Վազգեն Սարգսյանի ակադեմիայում այդ ֆակուլտետը բացվել է։ Համոզված եմ, որ սահմանապահ զորքերը ՀՀ-ում ունեն ապագա։ Եթե սահմաններին խաղաղություն հաստատվի, ապա իմ հաշվարկով, որը քննարկել եմ Վազգեն Սարգսյանի հետ, հայոց բանակի 75 տոկոսը լինելու են սահմանապահներ։ Մեր սահմանը շատ անհարմար սահման է՝ սարեր-ձորեր, լեռներ։ Ապագայում սահմանագծման ու սահմանազատման հարցերը դժվար են լինելու։ Այսօր մերոնք սկսել են պատրաստել սահմանապահ զորքերի սպաներ ու նաև պատրաստում են ՌԴ-ում՝ չնայած խոսում են հարաբերությունների տուրբուլենտի մասին, բայց նրանք չեն հրաժարվում ու մեծ հաճույքով մեզ ընդունում ու մեզ համար սպաներ են պատրաստում»։

Հարցին՝ եթե թուրքական սահմանից հանենք ռուս սահմանապահներին, դա ի՞նչ վտանգներով է հղի, գեներալ-մայորը պատասխանեց․ «Զվարթնոցից» մենք այդ ձևի վերաբերվում ենք, չենք բացառում, որ կարող է այդ պայմանագիրը չեղարկվել, Աստված չանի՝ դրան հասնի։ Դա կլինի մեզ համար հիմարություն։ Մենք հայ-թուրքական սահմանին շատ լուրջ խնդիրներ կունենանք, մենք կվերադառնանք 1992-ին ոչ թե թուրքերի պատճառով, այլ մեր, քանի որ մենք մեզ սահմանի վրա շատ անկարգ ենք պահում։ Ժամանակին Շենավան գյուղի ուղեկալի զինվորներին շարեցինք, զինվորի գրպանից մենք հանեցինք 25 հազար դոլար անասուն տեղափոխելու համար։ Չի բացառվում, որ նման բաներ կսկսվեն։ Կառաջարկեի զբաղվել այդ սահմանով և օգնել արդեն այնտեղ կանգնած ռուս սահմանապահներին՝ անձնակազմով։ Հիսուն տոկոսը ՀՀ-ն պիտի տա, չեմ ասի թիվը, բայց խայտառակ թիվ է։ Ինչքա՞ն ենք մենք փող տալիս, ինչքան՝ նրանք։ Մենք ռեսուրս չունենք, մենք այսօր բանակն ենք մի կերպ պահում, մենք դրանց համար ռեսուրս չունենք, եթե նրանք գնացինք, մենք խնդիրներ ենք ունենալու։ Եթե մենք հույսներս դրել ենք, որ Եվրոպայից բերեն և այլն, իհարկե, ինչքան շատ առնենք զենք, հզորացնենք երկիրը, ավելի լավ, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է միջպետական պայմանագիրը, գործնական հարաբերություններ եթե չկան, Ֆրանսիան մեզ էլ կվաճառի, ում ասես էլ կվաճառի զենք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031