Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Նույնիսկ 1992 թվականին, երբ Հայաստանը խուլ շրջափակման մեջ էր, իրավիճակն այս աստիճան սպառնալի չէր»

Մարտ 14,2024 15:26

Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Հայելի» ակումբում խոսելով վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների եւ նրա վարած քաղաքականության հետեւանքների մասին՝ ասաց. «Նորանկախ Հայաստանի պատմության մեջ մենք հայտնվել ենք անվտանգության տեսանկյունից ամենավատթար իրավիճակում: Նույնիսկ 1992 թվականին, երբ Հայաստանը խուլ շրջափակման մեջ էր եւ ես վարչապետ էի, իրավիճակն այս աստիճան սպառնալի չէր: Ներկայիս իրավիճակի նրբերանգն այն է, որ մեկ-երկու տարի առաջ Փաշինյանը շատ բաներ փորձում էր քողարկված ներկայացնել, իսկ հիմա ինքը արդեն խոսում է բաց տեքստով: Սա նշանակում է, որ, ըստ էության, իր քաղաքական ծրագրերի իրականացման մեջ ինքն արդեն թեւակոխել է մի հաջորդ փուլ: Այսինքն, ինքը համոզված է, որ ներսում իր այս նախաձեռնություններին հակազդելու որեւէ տարբերակ չկա, ինքն ունի հզոր ուժային կառույցներ, հատկապես կարմիր բերետավորները, դատական համակարգն առանց բացառությունների ամբողջությամբ գտնվում է իր ազդեցության տակ, Արեւմտյան աշխարհը աչքերը փակում է բոլոր տեսակի հակաժողովրդավարական դրսեւորումների վրա: Հայաստանն այն երկիրն է, որ այսօր ունի քաղբանտարկյալներ: Հիմա ում դուրը գալիս է, ում դուրը չի գալիս, Արմեն Աշոտյանը հանցագործ չէ, նա քաղբանտարկյալ է եւ վերջ:

Ես կարծում եմ, այն ծրագիրը, որը սկզբից փորձում էին քողարկված իրականություն դարձնել՝ Ռուսաստանին մերժելով՝ Ռուսաստանը դուրս մղել Հայաստանից, հետեւաբար, նաեւ Հարավային Կովկասից, այդ ծրագիրն արդեն բացեիբաց են իրականացնում: Ընդ որում, ոչ միայն Հայաստանի ղեկավարները, այլ նաեւ Մեծ Բրիտանիան, որի պաշտպանության նախարարի տեղակալն է այդ մասին խոսում, շատ պարզ ու թափանցիկ ակնարկում: Բայց մեր սպառնալիքները Ռուսաստանից չեն, մեր սպառնալիքները Արեւելքից ու Արեւմուտքից են՝ մեր ոխերիմ հարեւաններից»,-ասաց պարոն Հարությունյանը:

Նա բացատրեց նաեւ թե ինչ աղետներ են սպասում Հայաստանին, եթե Նիկոլ Փաշինյանն իր անձնական որոշմամբ տարածքներ հանձնի Ադրբեջանին Տավուշի ու Արարատի մարզերից: Առաջին դեպքում Հայաստանը կզրկվի դեպի Վրաստան, երկրորդում՝ դեպի Վայոց Ձոր, Սյունիք ու Իրան գնացող միջպետական ճանապարհներից:

«Ես գտնում եմ, որ իշխանությունների համար վստահության ամենակարեւոր հենքը լեգիտիմության աստիճանն է: Այս իշխանությունը 2021 թվականին եկել է բոլորովին այլ թեզերով՝ թե Արցախի, թե Հայաստանի սահմանների ամրացման, թե մեր բանակի հզորությունների ավելացման հետ կապված խոստումներով: Հետևաբար, մենք կարող ենք ասել, որ այսօրվա իշխանությունը ընտրվելուց հետո իր փաստացի գործունեությամբ արդեն իրեն հռչակել է ոչ լեգիտիմ:

Շատերը գիտեն, թե լեգիտիմությունը ձեւավորման օրինականությունն է: Ոչ: Լեգիտիմություն նշանակում է հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու կարողություն: Դու ընտրություններից առաջ խո՞սք ես տվել: Մենք վստահե՞լ ենք քեզ այդ խոստումների կատարման հետ կապված: Հիմա բարի եղիր, խոստումներդ կատարիր: Եվ եթե չես կատարում, քեզ հռչակում ես ոչ լեգիտիմ իշխանություն: Եվ պահանջը մեկն է. չի՞ ստացվում, չե՞ս կարողանում, գնա»:

Խոսրով Հարությունյանը նաեւ ասաց. «Թող մեկնումեկը փորձի կտրուկ քայլ անել: Կարմիր բերետավորները քարշ կտան, կտանեն, ինչպես Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին:

Թվում էր, թե 2021 թվականի պետական բյուջեն ձեւավորելիս, հաշվի առնելով 44-օրյա պատերազմի արդյունքները, թիվ մեկ խնդիրը պետք է լիներ բանակի կարողությունների ավելացումը: Իսկ ինչ արվեց. շեշտակի ավելացվեց ՆԳՆ բյուջեն: Ձեւավորվեց կարմիր բերետավորների հսկայական զանգվածը՝ ամենամսյա ճոխ պարգեւավճարներով: Այսօր երկրի արտաքին պարտքը ավելացել է մոտ $ 7 միլիարդով: Այդ գումարը ինչի՞ վրա են ծախսել: Պարզվում է, որ դրսից պարտք են վերցրել, որպեսզի պարգեւավճար տան: Իսկ պարգեւավճարը տվյալ դեպքում ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա, կաշառել: Այսինքն, ես ձեզ փող եմ տալիս անկախ նրանից լավ եք աշխատում, թե չէ, ձեր նպատակը մեկն է՝ ինձ պաշտպանելը»,-ասաց նախկին վարչապետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031