Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ողջունել է. «Նրանք ԼՂ-ից բռնի տեղահանված առաջին շահառուներն են: Ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք  հաստատվել է ծրագրով»

Մարտ 14,2024 15:18

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրը՝ ՀՀ-ի ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Կարգավորման նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ հացահատիկային (գարնանացան ցորենի, գարնանացան գարու, եգիպտացորենի, վարսակի, հաճարի) և հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) ցանքատարածությունների ընդլայնման միջոցով, ընդ որում նախատեսել վերոնշյալ մշակաբույսերի մշակությունն ըստ ՀՀ մարզերի։ Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) մշակաբույսերի մշակություն իրականացնող տնտեսավարողը, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։ Ըստ հիմնավորման՝ յուրաքանչյուր շահառու ՀՀ մարզում կարող է իրականացնել մի քանի տեսակի մշակաբույսերի ցանք: Անհրաժեշտության դեպքում, ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ շահառուներին նախարարության կողմից կարող է տրամադրվել անվճար խորհրդատվություն: Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր շահառուի հաշվով տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 11 մլն դրամ  գումարը: Ծրագրի շրջանակում թույլատրվում է խառը ցանքերի իրականացումը, ընդ որում փոխհատուցումը տրամադրվում է հացահատիկային մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով։ Յուրաքանչյուր շահառուի կողմից կատարված ծախսերի 50 տոկոս փոխհատուցման գումարը հաշվարկվում է տվյալ մշակաբույսի ցանքատարածության մեկ հեկտար մակերեսի վրա հիմնական աշխատանքների՝ վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի միջին շուկայական գներով:  Փոխհատուցումը կտրամադրվի  հետևյալ սահմանաչափերով՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,  հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ։ Արդյունքում՝ կբարձրանա հանրապետության պարենային ինքնաբավության մակարդակը, մշակվող վարելահողերի տարածքները կավելանան 14 300 հեկտարով, այդ թվում՝ գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կավելանան 11 500 հեկտարով, որից եգիպտացորենը՝ 1000 հեկտարով, հատիկաընդեղեն մշակաբույսերը` 1 500 հեկտարով,  բազմամյա խոտաբույսերինը` 2 800 (առվույտ, կորնգան) հեկտարով, կբարձրանա արտադրողականությունը, ինչպես նաև կնվազի ներմուծման ծավալները։

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է լավարկել մեխանիզմները՝ չարաշահումներից խուսափելու համար. «Ի հեճուկս մտահոգությունների՝ սա պատճառ չէ, որ մենք այս որոշումը չկայացնենք: Պետք է աշխատենք, այսինքն՝ մեխանիզմը պետք է հասկանանք, լավարկենք»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան էլ նշել է, որ ծրագիրն այս տարի կիրականացվի, որի արդյունքներով կմշակվի հաջորդ ծրագիրը՝ լավարկված մեխանիզմներով,  ռիսկերը հնարավորինս նվազեցնող. «Երկու հանգամանք ենք հաշվի առել, նախ՝ այս որոշումը եթե մենք հիմա  չկայացնենք, 2024 թվականի գարունը բաց կթողենք: Այդպես պայմանավորվեցինք, իհարկե, հնարավոր բոլոր ջանքերը պետք է գործադրվեն, որ գործընթացը տեղի ունենա կարգին համապատասխան՝ հնարավորինս բացառելով որևէ չարաշահում:  Իսկ 2025 և 2026 թվականների համար ծրագրի ներկայացումն ավելի հղկված լինի: Այսինքն՝ այդ պատճառով էր նաև, որ տարանջատեցինք, 2024 թվականը հիմա այսպես որոշումը կայացնեք, որ նախատեսվածն իրականացվի, բայց արդեն հաջորդ ծրագրով կունենանք լավարկված մեխանիզմներ՝ ռիսկերը հնարավորինս նվազեցնող»:

 Ամփոփելով՝ վարչապետը դիմել է Էկոնոմիկայի նախարարին,  մարզպետներին, համայնքների ղեկավարներին՝ պետք է շատ ուշադիր աշխատել: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ստեղծել  մեխանիզմներ՝ գումարը գյուղացիներին հասցնելու համար, որպեսզի չլինեն դեպքեր, երբ գյուղացիները վարկային «վատ պատմությունների» պատճառով այդ գումարները չստանան:

Կերկարաձգվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի գործողության ժամկետը. կբարձրացնեն ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, մասնավորապես՝ միանվագ դրամական աջակցության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շարունակականության ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Մասնավորապես՝ նախատեսվում է երկարաձգել ծրագրերի գործողության ժամկետը՝ մինչև 2026 թ.:  Միաժամանակ նախատեսվում են որոշակի փոփոխություններ, որոնք կբարձրացնեն ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը։ Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի 1-ից շարունակվելու են Մարզում հիփոթեքի աջակցության և Հիփոթեքի մարման աջակցության ծրագրերը՝ որոշակի փոփոխություններով։ Մասնավորապես՝ նախատեսվում է որպես ծրագրերում ընդգրկվելու պարտադիր պայման սահմանել այն, որ ձեռք բերվող/բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքը հանդիսանում է շահառուի և նրա ամուսնու միակ սեփականությունը, ինչը հնարավորություն կտա իրականացնել շահառուների նպատակային խմբի ճիշտ ընտրություն։  Միաժամանակ առաջարկվում է 5 մլն դրամով բարձրացնել ձեռք բերվող/բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքի արժեքի նկատմամբ կիրառվող առավելագույն սահմանաչափը՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը։

Որոշմամբ նաև առաջարկվում է սահմանել արտոնություններ և խրախուսել այն ընտանիքներին, ովքեր անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն առանձին բնակավայրերում (թվով 48), որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն իսկ կառուցված են և/կամ ներկայումս հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում։ Միաժամանակ, կխրախուսվեն այն ընտանիքները, որոնք հիփոթեքային վարկով անշարժ գույքը ձեռք են բերել կամ անհատական բնակելի տունը կառուցել/կառուցում են վերոնշյալ բնակավայրերում և վարկի գործողության ընթացքում ընտանիքում ծնվում է նոր երեխա։

Ծրագրի մեկնարկից՝ 2020 թ. հուլիսի 1-ից մինչ օրս աջակցություն է ստացել 9464 շահառու, որոնց վճարվել է շուրջ 6 մլրդ 668 մլն դրամ, որից 1530-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (1,343,679,289 դրամ), 2769-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (142,031,787 դրամ), 5165-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (5,181,052,543 դրամ)։ Այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ ծրագրերն ունեն մեծ պահանջարկ և դրական են ազդում ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա, ուստի անհրաժեշտ է ապահովել ծրագրերի շարունակականությունը։ 2023 թ. ծրագրերի շրջանակներում աջակցություն է ստացել 3,617 շահառու, որոնց վճարվել է շուրջ 2 մլրդ 661 մլն դրամ, որից 513-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (487,571,728 դրամ), 1075-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (46,153,396 դրամ), 2029-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (2,127,027,484 դրամ)։ Այս ցուցանիշները պայմանավորված են ծրագրերի շրջանակներում դիմումների թվի աննախադեպ աճով, այդ թվում՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրից երկրորդ անգամ օգտվող շահառուների թվով (2023 թ.՝ 246), ինչպես նաև 30 տարին չլրացած 3-րդ և հաջորդ երեխա ունեցողների թվով, որի դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 4 մլն դրամ (2023 թ.՝ 47)։  Որոշման ընդունման արդյունքում 2024 թ. համար կպահանջվի շուրջ 1 մլրդ 281 մլն դրամ, որից 606 մլն դրամը նախատեսված է 2024 թ. պետբյուջեով, իսկ 675 մլն դրամը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից։

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը, ծրագիրը կունենա երկու բաղադրիչ. առաջինը՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքի միջոցով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար, և երկրորդը՝ երեխայի ծնունդով պայմանավորված աջակցություն՝ հիփոթեքի վարկ մարող ընտանիքներին: Առաջին բաղադրիչով աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք ձեռք բերող շահառուին, և դա ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը: «Հիմնական պայմաններն են՝ շահառուն պետք է ունենա երկու անչափահաս երեխա: Ձեռք բերվող, կառուցվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի և նրա ամուսնու անվամբ: Աջակցության չափերը կազմում են ձեռք բերվող բնակարանի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ՝ յուրաքանչյուր երեխայի գծով: Աջակցության առավելագույն չափը կազմում է 2 միլիոն դրամ: Անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով փաստացի ստացած հիփոթեքային վարկի 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ և առավելագույնը 2 միլիոն դրամ: Երկրորդ բաղադրիչով աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկ մարող ընտանիքին, որտեղ ծնվում է երեխա, և աջակցությունն ուղղվում է վարկի մնացորդի մայր գումարի մարմանը: Հիմնական պայմաններն են՝ ձեռք բերված անշարժ գույքի գնահատված շուկայական գինը կամ կառուցված անշարժ գույքի նախահաշվային գինը չպետք է գերազանցի 35 միլիոն դրամը, որն ավելացվում է շահառուի երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 միլիոն դրամով: Դիմելու օրվա դրությամբ վարկը սպասարկվելու է առնվազն 12 ամիս: Աջակցության չափը կազմում է մնացորդային մայր գումարի 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ: Մնացորդային մայր գումարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 2 միլիոն դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 25 տոկոսի չափով, եթե նոր ծնված երեխան 3-րդ և հաջորդ երեխան է»,– ասել է փոխնախարարը: Նշվել է նաև, որ վարկառուն պետք է լինի ՀՀ քաղաքացի, և եթե անշարժ գույքը գտնվում է սահմանամերձ կամ այլ բնակավայրերում, որտեղ կառուցվում է դպրոց կամ մանկապարտեզ, ապա ծրագրին ավելանում է ևս 50 տոկոս:

Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ այսօրվա դրությամբ առկա է 606 հաստատված գործարք սահմանամերձ բնակավայրերում: «Նաև նշեմ, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիքի շահառու լինելը նույնպես հաստատվել է: Այսինքն՝ նրանց քաղաքացիության կարգավիճակը համապատասխանեցվել է պայմանին: Նրանք հիմնականում երեխաներով ընտանիքներ են և առաջիկայում կկառուցեն իրենց տունը»,-ասել է փոխնախարարը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է այդ փաստը. «Նրանք ԼՂ-ից բռնի տեղահանված առաջին շահառուներն են: Ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք  հաստատվել է ծրագրով: Այսինքն՝ իրենք սահմանամերձ գյուղում հողակտոր ունեն, արդեն ստացել են կամ վստահաբար կստանան գումարը կամ կսկսեն շինարարությունը»:

Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ նրանք ունեն շինթույլտվություն, նախահաշիվ, և առաջիկայում ընթացք կտրվի պայմանագրի կնքմանը:

Վարչապետը հետաքրքրվել է՝ Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում ծրագրի շրջանակում կա՞ն կառուցվող տներ: Մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է փետրվար ամսվա տվյալները: Այսպիսով՝ Տավուշի մարզում առևտրային բանկերի կողմից հաստատվել է մոտ 250 վարկ, Կիրանցում՝ 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեվանում՝ 3, Բաղանիսում՝ 1:

Կառավարության ղեկավարը կարևորել է ծրագիրը. «Լավ է, որ գործընթացը սկսվել է նաև այդտեղ: Այս թվերը ինչ-որ առումով ինդիկատոր են, թե մարդիկ ինչքանով են հավատում խաղաղության օրակարգին: Սա կարևոր է՝ պետք է խթանել, որ հատկապես այդ հատվածներում մարդիկ ավելի ակտիվ լինեն, և մեր աջակցությամբ նույնպես գյուղերում այդ գործընթացը տեղի ունենա:

 Շատ կարևոր ծրագիր է, և պետք է մենք այն շարունակենք: Ես համոզված եմ, որ այն նաև լավ տնտեսական էֆեկտ է բերելու ՀՀ-ին, հատկապես՝ մարզերում»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն էլ հավելել է՝ շուրջ 250 պայմանագիր արդեն կնքվել է, հաստատումները 355 են, ինչը նշանակում է, որ առաջիկա օրերին կամ 1 ամսվա ընթացքում շուրջ 100 նոր պայմանագիր կավելանա միայն Տավուշի մարզում:

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է ծրագրերի վերաբերյալ մանրամասն, պատշաճ իրազեկում իրականացնելու կարևորությունը:

Կառավարությունը 6,9 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանի  ճանապարհների վիճակի բարելավման նպատակով

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Որոշմամբ առաջարկվում է    6,874,715,673 դրամ հատկացնել՝ ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության  ծառայությունների, ինչպես նաև  ավարտված շինարարական աշխատանքների (5%-ի) վճարման համար: Հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 57,2 կմ։

Ֆինանսական միջոցներ կհատկացվեն հետևյալ աշխատանքների համար՝ Մ-9-Շինուհայր-Հալիձոր-Սատանի կամուրջ ավտոճանապարհի 19.5 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան ավտոճանապարհի  2 կմ հատվածի հիմնանորոգում, Ենոքավան- Կարմիրգյուղ (գյուղատեղի) ավտոճանապարհի 6.3 կմ հատվածի հիմնանորոգում, Մ-6-ից դեպի Աթան ավտոճանապարհի 27.5 կմ հատվածի հիմնանորոգում, Իսահակյան- Գյումրի (Թլիկ, Անիավան, Նորաշեն, Ջրարփի, Աղին, Իսահակյան, Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր) ավտոճանապարհի 29.15 կմ հատվածների հիմնանորոգում,            Մ-4-ից դեպի Լեռնային Հայաստան առողջարան տանող ավտոճանապարհի 2.2 կմ հատվածի հիմնանորոգում (Դիլիջան): Գումար կհատկացվի (5%-ի վճարում) ավարտված հետևյալ աշխատանքների համար` դեպի Լորուտ 1.6 կմ հատվածի հիմնանորոգում, Շամբից Նորավան ավտոճանապարհի 8.3 կմ հատվածի անցանելիության ապահովում և ոլորանների պարամետրերի բարելավում, Մ-4-ից դեպի Ակնաղբյուր 2,85կմ հատվածի և դեպի Մատուռ տանող 0,246 կմ ճանապարհի հիմնանորոգում /ՀՀ Տավուշի մարզ/, Մ-4-ից դեպի Դիտավան ավտոճանապարհի 3.1 կմ հատվածի հիմնանորոգում:

Կենսաթոշակի և նպաստի  հետվճարի ծրագրով իրականացվող գործարքները շարունակվում են աճել

2022 թվականի հուլիսի 1-ից սկսած բանկային քարտով առևտուր անելու դեպքում  թոշակառուները, նպաստառուները գնման 10 տոկոսի չափով հետվճար են ստանում՝ մինչև 5000 դրամի չափով։ Հունվար ամսին ծրագրից օգտվել է 189 հազար շահառու, փետրվարին՝ 220 584: Այս մասին կառավարության նիստում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ նշելով, որ աճը հունվարին կազմել է  ավելի քան 30 հազար: «Անկանխիկ շրջանառությունը հունվարին կազմել է 6 մլրդ դրամ, փետրվարին՝ 8,2 մլրդ դրամ, իսկ 2023 թ. դեկտեմբերին՝ 7,5 մլրդ դրամ:  Ընդհանուր՝ ծրագրի մեկնարկից սկսած, կենսաթոշակային քարտերով գրանցվել է  84,5 մլրդ դրամ անկանխիկ շրջանառություն»,-ասել է փոխնախարարը:

Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում է ընդլայնել  պետական տուրքից ազատման արտոնությունների շրջանակը

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծին, որի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական տուրքի դրույքաչափերի գործող համակարգի կիրառման արդյունքում ծագած խնդիրների լուծմամբ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման՝ գործող համակարգի կատարելագործում, պետական տուրքից ազատման արտոնությունների շրջանակի ընդլայնում: Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների: Նախատեսվում են նաև տեղորոշող սարքերով տրանսպորտային միջոցների երթուղու դիտարկման համար պետական տուրքի սահմանում, պետական տուրքի վճարման ժամկետների սահմանում՝ պետական տուրքի յուրաքանչյուր տեսակի համար, պետական տուրքի դրույքաչափերի սահմանում մաքսային փորձաքննությունների իրականացման համար, պետական տուրքից ազատման արտոնության սահմանում՝ տարանցման հայտարարագրի լրացման համար բավարար կազմով նախնական տեղեկատվություն ներկայացրած անձանց համար։ Նախագծի ընդունման, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, միատեսակ վարչարարության իրականացմանը։ Համաձայն մաքսային վիճակագրական տվյալների՝ 2023 թ. ընթացքում մաքսային մարմինների կողմից գրանցվել են թվով՝ 288895 ապրանքային հայտարարագրեր (ներմուծում, արտահանում), որոնց համար փաստացի գանձվել է 2,406 մլրդ ՀՀ դրամ պետական տուրք (առանց տրանսպորտային միջոցի հսկողության համար գանձվող պետական տուրքի)։ Եթե մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերի առաջարկվող դրույքաչափերը տարածենք նույն դիտարկվող ժամանակահատվածի նկատմամբ, ապա գրանցված թվով 288895 ապրանքային հայտարարագրերից կգանձվեր մոտ 2,372 մլրդ  դրամ պետական տուրք։ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում պետական տուրքի գծով մաքսային ընդհանուր մուտքերը չեն նվազի, փոխարենը՝ կավելանան․հաշվելի գործարքների մասով կավելանա շուրջ 0,5 մլրդ ՀՀ դրամի չափով, ինչպես նաև նախագծով նախատեսվող՝ տեղորոշող սարքերով տրանսպորտային միջոցների երթուղու դիտարկման, տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության, տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրման համար սահմանվող պետական տուրքի մասով։

Հավանություն է տրվել «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով ընդունմամբ կապահովվի մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բնագավառում համակարգված գործունեություն, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացում, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող  հարաբերությունների կարգավորումը մշակույթի  բնագավառում: Կամրագրվի իրավական նորմ, որը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը սահմանելու մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումը։ Բացի այդ, կավելանա պետության կողմից ձեռբերվելիք մշակութային արժեքների գնման ժամկետը։ Արդյունքում՝ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և անվտանգության համակարգված գործունեությունը։

Կպարզեցվեն և կհստակեցվեն մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերը

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերի պարզեցման/հստակեցման և ևս մեկ հեռանկարային ոլորտի խթանման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Գործող կարգով՝ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատված է սահմանվել 5 տարին։ Փոփոխությամբ առաջարկվում է հումքի ներմուծման ժամկետների կրճատման նոր դրույթ, համաձայն որի հումքի ներմուծման ժամանակահատված է սահմանվում 3 տարին։ Առաջարկվում է նաև նոր դասակարգչի ավելացում, այն է՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, որի միջոցով խրախուսվելու է  ավտոմեքենաների սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումների և բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծումը՝ մասնավորապես էլեկտրական տրանսպորտային միջոցների համար, ինչը զարգացման բարձր միտումներ ունեցող ոլորտ է։

Գործադիրի որոշումներով «ՏԵՖՖԻ» ՓԲԸ և «ԷՖ-ՏԵՔՍ» ՍՊԸ կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«ՏԵՖՖԻ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել էլեկտրական հաշվիչների մետաղական արկղերի, չժանգոտվող պողպատի թերթերից պատրաստված այլ ապրանքների, խոհանոցային և բժշկական մասնագիտացված կահույքի, ներկրվող չժանգոտվող մետաղական թերթերից արկղերի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 4.2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 47 աշխատատեղ՝ 188 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է ստեղծել 23 նոր աշխատատեղ՝ 188 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 210 մլն դրամ:

«ԷՖ-ՏԵՔՍ»  ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 918 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 60 աշխատատեղ՝ 125 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 95-ի՝ 175 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 918 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 69 մլն դրամ:

 Վարժական հավաքներ՝ ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը

Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երեք ամիս ժամկետով: Հիմնավորման համաձայն, վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման,  մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Որոշմամբ նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 435 քաղաքացու, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Կհիմնադրվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն

Կառավարության որոշմամբ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար նախագծով առաջարկվում է ստեղծել «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ: Կենտրոնը,  համագործակցելով տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ, կիրականացնի  պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նորմերի մշակումը, համապատասխան մեթոդական ուղեցույցների կազմումը, ինչպես նաև կկազմակերպի մասնագիտական դասընթացներ, կիրականացնի համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքները, կմշակի տեխնիկական, ծրագրաապարատային նոր լուծումների: Բացի այդ, կազմակերպությունը կիրականացնի տեղեկատվական անվտանգության բնագավառում հետազոտական, գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում իր իրավասությունների շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կհամագործակցի պետական մարմիների, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի և ոլորտային (իրավասու) կազմակերպությունների հետ: Կազմակերպության կառավարումն իրականացնող պետական մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպության հետ կապված բոլոր որոշումները համաձայնեցնում է տեղեկատվության պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի հետ: Կենտրոնը համալրված կլինի համապատասխան ստուգում անցած մասնագիտական գիտելիքների և փորձառություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներով և կստանձնի ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերում պահպանվող, մշակվող և փոխանցվող տեղեկատվության պաշտպանության, պաշտպանված փոխանցման նպատակով համապատասխան լուծումների մշակումը: Այն կիրականացնի տեղեկատվական անվտանգության ոլորտում հետազոտական, գիտահետազոտական, աշխատանքներ՝ ուղղված համապատասխան ծրագրային, ծրագրաապարատային լուծումների ստացմանը, գոյություն ունեցող համակարգերի կառավարման, անվտանգության բարձրացման, տեղեկատվության պաշտպանվածության և պաշտպանված փոխանցման հուսալիության բարձրացմանը:  Կազմակերպությանը, միաժամանակ, վերապահվում է իր կողմից մշակված լուծումների, արտադրանքի, իրականացված աշխատանքների և ծառայությունների վճարովի մատուցում, ինչի արդյունքում ստացված միջոցները կուղղվեն կազմակերպության կանոնադրական խնդիրների իրականացմանը:

Այլ որոշումներ

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, լրացումներ և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 120 մլն դրամ կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 2024 թ. -ին դրամական աջակցությունը տրամադրելու համար։ Ըստ հիմնավորման՝ 100000 դրամ միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի  ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 1200 շահառուի՝ հիմք ընդունելով բողոքարկման ընթացակարգերով սահմանված կարգով՝ աջակցության իրավունքի վերանայման արդյունքները:

Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովման կիրառում, անդամ պետությունների և երրորդ կողմի (երրորդ կողմերի) լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող առանձին հատուկ պարզեցումների կիրառում, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան Միության մաքսային տարածքով և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարածքով փոխադրվող ապրանքների ամբողջ ընթացուղում ապրանքների փոխադրումների հետագծման նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառում։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031