Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է «Եվրատեսիլում» այս տարի Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի երգը։ Կարծիքներ կան, որ այն ցածրաճաշակ, հայկական մշակույթը ծաղրի ենթարկող կատարում է։ Այս առնչությամբ լրագրողները ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի երգի մասին։
Նախարարն ի պատասխան ասաց, որ տեսահոլովակը չի դիտել․ «Նորմալ եմ համարում, որ ցանկացած արտադրանքի մասով կարող են տարբեր կարծիքներ լինել: Ինքս չեմ դիտել, որեւէ կարծիք չեմ կարող հայտնել»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե Երեւանում Սնուփ Դոգի հետաձգված համերգից ի՞նչ նորություն կա, ե՞րբ այն կկայանա։
«Այս պահին իմ վերջին փոխանցած տեղեկության մասով այլ նորություն չկա: Ես նշել էի, որ քննարկվում են համերգի նոր ժամկետները»,-ասաց նախարարը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2023-ի դեկտեմբերի 7-ին Ժաննա Անդրեասյանը լրագրողներին հայտնել էր, որ ռեփեր Սնուփ Դոգի համերգը տեղի կունենա, համերգի կազմակերպիչ ընկերությունը բանակցում է՝ հստակեցնելու համերգի օրը, բանակցություններից հետո պարզ կլինի կոնկրետ ժամկետը։ Անդրեասյանն ասել էր, որ նախատեսվում է, որ համերգը կկայանա եկող տարի մայիս-հունիս ամիսներին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ