Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

24-ամյա օշականցին կալանավորվել է Արագածոտնի մարզի 42-ամյա բնակչի սպանության գործով

Մարտ 14,2024 15:20

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Արագածոտնի մարզի 42-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։

2024թ․ մարտի 10-ին՝ ժամը 16։20-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ գտնվող տարածքից դանակահարության հետևանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը՝ ծնված 1981թ․։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով նույն օրը ձերբակալվել է Օշական բնակավայրի 24-ամյա բնակիչը, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի «Արծվի թևեր» կոչվող տարածքի՝ «Կարմիր հողեր» վայրում, 42-ամյա տղամարդու և նրա որդու հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, 24-ամյա երիտասարդը, հիշյալ տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքին գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Պարզվել է նաև, որ նույն վիճաբանության ընթացքում երիտասարդը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ձեռքին գտնվող խողովակով մի քանի հարվածներ է հասցրել նաև 42-ամյա տղամարդու որդու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին 24-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031