Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի ունեցած շատ կարևոր ու թեժ քննարկման ելույթներից մեկը պահանջում է հատուկ անդրադարձ։ Քննարկման ժամանակ մի անդամ ներկայացնում էր, թե ինչպես են իրենք քաղաքապետարանում նայում նախագծերն ու դժգոհում դրանց լուծումներից։ Քանի որ արդեն այս մասին հանրային խոսվել է կարծում եմ կարող ենք արդեն բացել խաղաքարտերը։
Շուրջ մեկ տարի է Երևանի քաղաքապետարանում գործում է ինչ-որ ոչ-ֆորմալ խորհուրդ հինգ ճարտարապետների մասնակցությամբ։ Քանի որ ինձ դեռ չի հաջողվել գտնել որևէ իրավական փաստաթուղթ այդ կազմի վերաբերյալ, ապա ինձ մնում է ենթադրել, որ Երևանի քաղաքապետարանում ինչ-որ մեկն իր ճաշակով ընտրել է ոլորտի «բարձր որակավորում» (մեջբերումը ՔՊ նախընտրական ծրագրից) ունեցող ներկայացուցիչներ, որոնք շաբաթական մեկ անգամ մի քանի ժամ դիտարկում են, գրեթե բոլոր խոշոր նախագծերը և տալիս իրենց կարծիքը (հասկանալ համաձայնությունը) դրանց վերաբերյալ։ Ցավոք այս վեր-իրավական գործունեության մաս են կազմում նաև իմ և ավելի երիտասարդ սերնդի գործընկերներ, որոնք պատրաստ են «անվճար» հիմունքներով խորհուրդ տալ Երևանի քաղաքապետարանին՝ լինելով ընտրյալներից մեկը։ Ընտրյալ լինելու հաճույքի մասով հասկանալի է. ամիսներով անպատասխան մնացած դիմումի համար մեկ այլ գործընկեր դիմում է խնդրանքով գործն արագացնել, կամ պատվիրատուն նախապատվություն տալիս է «ընտրյալներին» և ոչ սովորական մահկանացու ճարտարապետներին, կարելի է այս ցանկը շարունակել։
Հատկապես վերջինի մասով բոլոր ճարտարապետներն ունեն պատմություններ, երբ արագ թույլտվություն ստացող ճարտարապետներն ունեն հատուկ սիրելի կարգավիճակ պատվիրատուների։ Կարելի է դիտարկել նաև նշված անձանցից մի քանիսի նախագծային կազմակերպությունների պատվերների թռիչքաձև աճն ու հասկանալ, որ նախկինում իրենց քաղաքային մտահոգությունները պայմանական ասված «նարեկսարգսյանական» քաղաքաշինական խորհուրդները չէին, այլ այն որ իրենք այնտեղ չեն։ Ի դեպ, այդ կազմում անփոփոխ է մնում բոլոր իշխանությունների հետնամուտքերում հարմար տեղավորված Լևոն Վարդանյան անունով Հին Երևան տապալված նախագծի հեղինակը, որը հայտնի է իր «սկզբունքայնությամբ»։
Կարդացեք նաև
Իհարկե, ինձ զարմացրել է միշտ նման «միամտությունը» իշխանություններին մոտիկ լինելու մասով։ Հատկապես համեմատաբար երիտասարդների դեպքում, երբ իրենց մասնագիտական կարողությունների գերագնահատման արդյունքում հայտնվում են այնտեղ, որտեղ չպետք է լինեին։ Ի դեպ հրապարակային աղբյուրներում այդ հինգ անդամներից որևէ մեկը չունի տարածական պլանավորման (հասկանալ քաղաքաշինության) արտոնագիր տրամադրված Հայաստանի ճարտարապետների պալատի կողմից, ինչպես նաև քաղաքային պլանավորման նախագծերի պատշաճ փորձ։ Այսինքն՝ նրանք խորհուրդներ են տալիս մի թեմայով, որի իրավունքը չունեն։
Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու մեր հանրային կառավարման թայֆայական ու դիլետանտ կառավարումը… ցավոք այս անգամ արդեն երիտասարդ ու «նոր սերնդի» ճարտարապետների կողմից։
Հ.Գ.-Երեկվա քննարկման և իմ մասնակցությամբ միջադեպի մասին երևի մեկ այլ առիթով։ Միայն նշեմ արդեն դիմել եմ Հայաստանի ճարտարապետների պալատի խորհրդին այդ միջադեպի վերաբերյալ բարեվարքության քննություն անցկացնելու համար։ Ավելի ուշ կդնեմ տեսագրություններ, եթե լինեն։
Հ.Գ.2-Նման իրավիճակ է ԿԳՄՍ նախարարության հուշարձանների գիտամեթոդական անհասկանալի խորհրդում, բայց դա երևի մեկ այլ առիթով։
Հ.Գ.3-Նկարում Պիկասոյի հայտնի նատյուրմորտն է, որի մյուս կողմում ավելի ուշ մեկ այլ նկար բացահայտվեց։ Համընկնումները պատահական են։