Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Երեւանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շուրջ ստեղծված խնդրին։
ԵՊԿ-ի միավորման կամ փակվելուն դեմ արտահայտվողների դժգոհությունները լրագրողները փոխանցեցին նախարարին, որն ի պատասխան ասաց՝ բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների միավորման համատեքստում քննարկումներ են սկսում․ «Առաջարկել ենք, որ բուհերը մինչեւ այս տարվա փետրվարի 15-ը իրենց առաջարկները ներկայացնեն։ Հիմա ձեւավորել ենք աշխատանքային խմբեր՝ մանրամասն քննարկելու, բոլոր տեսակետները, փաստարկները լսելու։ Արվեստների ուղղությամբ օրերս կայացել է առաջին քննարկումը։ Կոնսերվատորիան նույնպես ընդգրկված է։ Սա բազմաշերտ ու բարդ գործընթաց է։ Մենք շատ պատրաստակամ ենք, շատ բան պետք է հաշվի առնվի»։
Նախարարն ասաց՝ շատ խոսելու կարիք կա․ «Մենք՝ իրենց ավելի լավ հասկանալու, իրենք՝ ծրագիրն ավելի լավ պատկերացնելու։ Միակ ճիշտ ճանապարհը անընդհատ քննարկումների միջոցով հասկանալ, թե որն է լավագույն տարբերակը»։
Հարցին՝ հնարավոր է, որ Կոնսերվատորիայի հարցն առանձնացվի այդ ծրագրից, նախարարը պատասխանեց՝ բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունները միասին մի հովանոցի տակ գործելու ծրագիրը օրենք է, կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագիրը հաստատել է ԱԺ-ն, որտեղ ֆիքսված թիրախը, թե պետական ֆինանսավորմամբ քանի բուհ պետք է լինի։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ