160 տարի առաջ՝ 1864թ․ մարտի 13-ին Ալեքսանդրապոլում է ծնվել հայ մշակույթի նշանավոր գործիչ, ազգագրագետ, հնագետ, բանահավաք Երվանդ Լալայանը։ 1885 թ․ ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում՝ որպես ուսուցիչ։ Նա է դեռևս Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք՝ 1918 թվականին, զբաղվել Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրմամբ։ 1921-1922 թթ., արդեն խորհրդային կարգեր ժամանակ, Թիֆլիսից Երևան է տեղափոխել 1900․ իր կողմից ստեղծած Հայոց Ազգագրական Ընկերության թանգարանի հավաքածուները և գրադարանը։ Այսպիսով` նա է հանդիսանում թանգարանի հիմնադիրը, ինչպես նաև հնագիտության և ազգագրության բաժինների վարիչը։ Սակայն մինչև 1927թ եղել է թանգարանի ընդհանուր ղեկավարը։
Ավելի վաղ՝ 1894թ․, ավարտելով Ժնևի համալսարանի հասարակագիտության բաժինը, 6 ամիս Վիեննայի Մխիթարյան կենտրոնում աշխատելուց հետո վերադարձել է հայրենիք ու 1895-1897 թվականներին դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում։
Այստեղ նրա հետ են գործել ժամանակի նշանավոր մտավորականներ Մանուկ Աբեղյանը, Թորոս Թորամանյանը, Հրաչյա Աճառյանը, Լեոն, Լևոն Մելիքսեթ-Բեկը, Ստեփան Լիսիցյանը, Խաչիկ Սամուելյանը, Ստեփան Զելինսկին և ուրիշներ։ Միասին ստեղծել են «Ազգագրական հանդես»-ը և 1860․ լույսընծայել առաջին գիրքը։
Վախճանվել է 1931թ․ փետրվարի 24-ին Երևանում։ Հուղարկավորված է Կոմիտասի անվան պանթեոնում։
Մարտի 13-ին, Ե․ Լալայանի ծննդյան 160 ամյակի առթիվ, Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր այց պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նշանավոր մշակութային գործչի հիշատակին։ Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ներկայացուցիչներ։
Երվանդ Լալայանի Կենսագրությանը և գործունեությանն անդրադարձավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Ասաց՝ իր ողջ կյանքի ընթացքում Լալայանը նվիրվել է մեր պատմամշակութային ժառանգության ուսումնասիրմանը, այն ապագա սերունդների համար պահպանելու և նրանց փոխանցելու գործին։ Կարևորեց հատկապես նախախորհրդային շրջանում «Ազգագրական հանդես»-ի ստեղծումը, Հայաստանի պատմության թանգարանի հիմնումը, այլ աշխատանքներ։
Լալայանի գործունեությանն անդրադարձան նաև ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը։
Արսեն Բոբոխյանը հատկապես կարևորեց 1920-30-ական թվականներին հայ նվիրյալ մտավորականների, այդ թվում Երվանդ Լալայանի, Աշխարհաբեկ Քալանթարի, Փորոս Թորամանյանի և այլոց դերը։ Մտավորականներ, ովքեր մոռացած անձնականը, զբաղվել են երկրի արժեքների գնահատմամբ։ «Այսինքն՝ նրանց կատարածը նման է Խորենացու գործին։ Թողել են մեզ փրփուրներ, որոնցից մենք մինչև հիմա կախվում ենք։ Եվ այդ փրփուրներն աստիճանաբար դարձել են ջուր, որպեսզի մեր ինքնությունը հենարան ունենա։ Եվ մենք՝ նրանց հետնորդներս, մեծ գործ ունենք անելու», -ասաց Ա․ Բոբոխյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած ինստիտուտի անցյալ ու ներկա գործունեությանը։
Նշեց՝ այժմ զբաղվում են նաև Լալայանին վերաբերող խնդիրներով։ Ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ Հոբոսյանը խմբագրում է Լալայանի հատորները, և արդեն 6 գիրք տպագրվել է, և աշխատանքները շարունակվում են։
Ա․ Բոբոխյանը խոսեց նաև Լալայանի՝ որպես հնագետ գործչի մասին, որը պեղումներ է կատարել Սևանա լճի ավազանում, Նախիջևանում, Էլարում, Շրեշ բլուրում և այլուր։ Նշեց նաև՝ պանթեոնում մեր մշակույթի նշանավոր գործիչներն են, ովքեր, չնայած տեխնիկապես ոչ հագեցած ժամանակաշրջանում՝ 1920-30-ական թվականներին, հետագայում այդքան մեծ աշխատանք են կատարել։ Կարևորեց նաև նույն մտավորականների շիրիմներին հաճախ այցելելը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի պատմության թանգարանին նախաձեռնության համար։
Բոլոր ելույթ ունեցողները բարձր գնահատեցին Երվանդ Լալայանի դերը հայ ազգագրության զարգացման գործում: Ելույթներից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին նշանավոր գիտնականի համեստ շիրմաքարին՝ հարգելով նրա հիշատակը:
Զոհրաբ Ըռքոյան