«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտնում է. «Տնօրենները ցուցում ունեն արգելել զոհվածների ծնողներին մտնել դպրոցներ և տեսնել Փառքի անկյունները։
Այսօր՝ մարտի 13-ին, «Որդիների կանչ» ՀԿ անդամները այցելեցին Արագածոտնի մարզի 4 դպրոց, որոնցից միայն 1-ում թույլ տվեցին մուտք գործել հաստատություն, մյուս 3-ում ասացին, որ մարզպետարանից ունեն հրահանգ՝ կողմնակի անձանց մուտքն արգելել դպրոց։
Առաջին կանգառը եղավ Արագածոտնի մարզի Ափնայի միջնակարգ դպրոց, որտեղ տնօրեն Սուսաննա Հակոբյանը արգելեց ծնողներին մուտք գործել հաստատություն։
Երկրորդ կանգառը Շաքրո Մհոյանի անվան Ալագյազի միջնակարգ դպրոցն էր, այստեղ ևս տնօրենը՝ Ռեզո Մախմուդովը, ծնողներին արգելեց մուտք գործել հաստատություն և տեսնել Փառքի անկյունը։
Կարդացեք նաև
Երրորդ կանգառը Ծաղկահովիտի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցն էր։ Տնօրենը՝ Եղիշե Անտոնյանը, ծնողներին ասաց, որ լիազոր մարմնից ցուցում է ստացել, որ որևէ մեկին թույլ չտա մուտք գործել դպրոց։
Միայն 4-րդ հաստատությունում՝ Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցում ծնողներին թույլ տվեցին մուտք գործել և տեսնել պատերազմում նահատակված զինծառայողների Փառքի անկյունը։
44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, Oragir.News-ի հետ զրույցում նկատեց՝ իշխանությունները հատուկ հրահանգ են իջեցրել, որպեսզի ծնողներին արգելել մուտք գործել ուսումնական հաստատություններ։
«Դպրոցի տնօրեններից մեկը ուղիղ ասաց, որ ցուցում ունեն մարզպետարանից, և այդ պատճառով թույլ չեն տալու։ Արագածոտնի մարզը շատ վատ հյուրընկալ էր, ես ուզում եմ դիմել մեր ազգաբնակչությանը և բոլոր պատգամավորներին, ես կնախաձեռնեմ հաջորդ այցը նույն դպրոցներ արդեն մեծ թվաքանակով՝ հասարակական կազմակերպությունների, պատգամավորների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»»։
ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմը հերքում է. «Արագածոտնի մարզի դպրոցներում մեր հերոսների փառքի անկյունները հեռացված չեն, և հերոսածին ծնողները մեր կողմից արժանանում են միմիայն հարգալից վերաբերմունքի ու մեծարանքի
ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմը հայտնում է. «Ի պատասխան ֆեյսբուք սոցիալական ցանցում մի խումբ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերի, ըստ որի, «Արագածոտնի մարզի Ափնայի, Ալագյազի, Ծաղկահովիտի միջնակարգ դպրոցներում երեկ թույլ չեն տվել զոհված տղաների ծնողներին մտնել դպրոց՝ փառքի անկյունները տեսնելու», հայտնում ենք հետևյալը․
Արագածոտնի մարզպետի աշխատակազմը, որպես մարզային իշխանություն, հորդորում է քաղաքացիներին ապատեղեկատվություն չտարածել և անկախ տարատեսակ ուղղորդումներից՝ կրկնակի զգոնություն ցուցաբերել մեր զոհված հերոսների անունը կեղծ լուրերի ծիրում շահարկելուց։
Որպես պարզաբանում՝ հայտնում ենք, որ մարզի որևէ դպրոցում մեր հերոս տղաների հիշատակը հավերժացնող փառքի անկյունները չեն հեռացվել։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները և անձամբ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ամենայն ակնածանքով ու երախտիքով են միշտ մասնակից լինում մեր հերոս տղաների հիշատակին նվիրված միջոցառումներին, այդ մասին են հավաստում նաև այդ միջոցառումների մասին մեր տասնյակ լուսաբանումները։
Ինչ վերաբերում է «Որդիների կանչ» ՀԿ-ի կողմից շրջանառվող կեղծ լուրերի այն հատվածին, թե հերոսների ծնողներին թույլ չեն տվել մտնել դպրոց, տեղեկացնում ենք, որ դպրոց մուտք գործել ցանկացող քաղաքացիները, այդ թվում՝ մի խումբ երիտասարդներ, արհեստականորեն փորձել են վիճաբանության մեջ ներքաշել դպրոցի տնօրեններին, ինչն ակնհայտորեն երևում է նաև համապատասխան տեսանյութում։ Տեսանյութում երևում է նաև դպրոցներից մեկի փառքի անկյունը։
Դպրոցի տնօրենները դպրոց մուտք գործել ցանկացող քաղաքացիներին հայտնել են, որ փառքի անկյունները հեռացված չեն և անվտանգության նկատառումներից ելնելով և իրենց լիազորությունների շրջանակում նշել են, որ դպրոցում ելումուտն ազատ չէ, առաջնորդվել են Հանրակրթության մասին ՀՀ օրենքով (12-րդ և 22-րդ հոդվածներ)։
Հերոսների ծնողները մեր դպրոցներում միշտ էլ հյուրընկալվում են պատշաճ կերպով և արժանանում հարգալից վերաբերմունքի ու մեծարանքի։
Իրենց որդիներին նվիրված ցերեկույթներում հերոսածին մայրերն ու հարազատները մարզի և դպրոցների ղեկավարության կողմից միշտ ստացել են միայն արժանի ակնածանք»: